«Իմ կարծիքով՝ մտահոգիչ չէ՝ մանավանդ Ձեր թվարկած մարդիկ այնպես չէ, որ մեկ ամիս է՝ աշխատում են։ Վաղուց են աշխատում ու իրենց աշխատանքից որևէ մեկը դժգոհ չէ։ Ձեր թվարկած բոլոր անձինք էլ նորմալ արդարադատություն են իրականացնում»,- Aravot.am-ի հարցին՝ մտահոգիչ չէ՞ այն փաստը, որ դատավորներ են դառնում իշխող ՔՊ-ի ներկայացուցիչների բարեկամներ և նրանց հետ փոխկապակցված անձինք, այսպես պատասխանեց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեքսանդր Սիրունյանը, որը ՔՊ տարածքային կառույցներից մեկի կողմից առաջադրված է արդարադատության նախարարի թեկնածու:
Մենք նշեցինք, որ մամուլում տարածվում են մի շարք դատավորների անուններ, որոնք կապվում են ՔՊ-ական գործիչների հետ․ օրինակ՝ դատավոր Դավիթ Սարգսյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանի եղբայրն է։ Դատավոր Մասիս Մելքոնյանը «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ է և անցել է քրեական գործով։ Դատավոր Գուրգեն Մալխասյանի երկու որդիներից յուրաքանչյուրը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ 2 մլն 200 000 դրամ են նվիրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ դատավորն ասել է՝ տեղյակ չէ։ Սնանկության դատարանի դատավոր նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը, որը Նիկոլ Փաշինյանի մտերիմ Վահե Ղալումյանի ազգականն է և այլն։
Ըստ փաստաբանի՝ ՀՀ-ն այնքան փոքր է, որ եթե անգամ անմիջական բարեկամ չեն մարդիկ, հեռու բարեկամ հաստատ «դուրս կգան»․ «ԱՄՆ-ն չէ, որտեղ 300 միլիոն մարդ է ապրում։ Մենք այդ չակերտավոր վտանգը միշտ ունենք։ Առաջնայինը մարդն է․ ոնց է աշխատում։ Դավիթ Սարգսյանը, հիշում եմ, արդեն երկու տարուց ավելի է՝ դատավոր է․ նորմալ աշխատում է։ Մասիս Մելքոնյանը իդեալական արդարադատություն է իրականացնում։ Գուրգեն Մալխասյանը նորմալ աշխատում է, իսկ տղաներից յուրաքանչյուրը 35 տարեկան է։ Արթուր Աթաբեկյանն իմ հիշելով՝ այնպես չէ, որ նոր է եկել դատական համակարգ․ 15-ից ավելի տարվա դատավոր է, լուրջ պրոֆեսիոնալ»։
Ալեքսանդր Սիրունյանից հետաքրքրվեցինք՝ անձերից այն կողմ այստեղ համակարգային խնդիր չի՞ տեսնում, որ իշխող ուժի հետ բարեկամական, ընկերական, քավոր-սանիկական կապեր ունեցող անձինք դատավոր են դառնում, իշխող ուժի վերահսկողությունը նրանց գործունեության վրա չի՞ լինի, փաստաբանը պատասխանեց․ «Մենք ինստիտուցիոնալ խնդիր ունենք։ Այդ վեթինգը, մեկ է՝ պետք է արվի։ Հիմա թող մտածեն՝ դա ոնց են անում։
Կարդացեք նաև
Երբ մի քանիսի հետ, որ ժամանակին խոսում էի՝ ԲԴԽ-ից, թե արդարադատությունից, թե խորհրդարանից, ամեն ինչ գալիս, հասնում էր գործող Սահմանադրությանը, որտեղ գրված է, որ դատավորն անփոխարինելի է։ Այսինքն՝ ամփոփ վեթինգ հնարավոր չէ անել այսօր, բայց ինքը գաղափարապես պետք է արվի։
Սա ոչ թե պետք է լինի վրեժխնդրություն՝ այ, այդպես ենք ուզում, այլ պետք է քանի դատավոր կա ՀՀ-ում, բոլորին հանել, երկու ամսով ուղարկել վերապատրաստման։ Ոչ թե ուղարկենք իրենց գրագիտությունը բարձրացնելու համար, քանի որ անգրագետ դատավոր մենք չունենք․ մի երկու-երեքն են, որոնք բառիս բուն իմաստով անտառաճանաչ են, այլ բոլորին ուղարկենք արտասահման վերապատրաստման՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Հոլանդիա, որ իրենք վերապատրաստվեն, դատավորի ոգին փոխեն, որ տեսնեն՝ արդարադատությունն իրականում ինչպիսին է լինում, հոգեբանությունը փոխեն։ Համոզված եմ՝ միջազգային հանրությունն էլ, Եվրոպան էլ, դոնորներն էլ այդ գումարը մեզ կտրամադրեն, կկազմենք հանձնաժողով։
Հանձնաժողովում ՀՀ-ից պետք է անձ չմասնակցի, հանձնաժողովի անդամ գիտնականներին այլ երկրներից պիտի հրավիրենք։ Հանձնաժողովը քննում է, ստուգում դատավորների բարեվարքությունը։ Բարեվարքությունը միայն գումարը չէ։ Փողն ենք ստուգում, բարեկամական կապերը, հանցավոր աշխարհի հետ կապերը և այլն։ Ամենը ստուգում ենք, նորից դատավորներին նշանակում։ Այդ ամենը տևելու է երեք ամիս։
Որ ասում են՝ դատավորները կոլապսի մեջ կլինեն․ ոչինչ, երեք ամիս էլ թող կոլապսի մեջ լինեն․ մեկ է դատական նիստերը չորս-հինգ ամիսը մեկ են նշանակում։ Երեք ամիս Հայաստանի հանրությունը դրան կվերաբերվի ըմբռնումով։ Ընդամենը պետք է ժամանակավոր թողնել կալանք տվող դատավորներին, խուզարկություն տվողներին՝ ամեն մարզում երկու դատավոր։ Նրանց էլ հետո կստուգենք։ Այդ ամենը կտևի երեք ամիս»։
Հղում կատարելով ԱՄՆ-ի փորձին՝ Ալեքսանդր Սիրունյանն ասաց․ «ԱՄՆ-ում դատավոր դառնալը ահավոր դժվար է։ Այնտեղ, երբ մարդ տեսնում է դատավորին, ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում, որ նա անազնիվ է։ Ես դա տեսել եմ, որ ԱՄՆ-ում սովորում էի։ Դատավորը լուրջ սահմանափակումների մեջ է ապրում նույն ԱՄՆ-ում։ Ինքն ամեն մեկի հետ իրավունք չունի շփվել, ամեն տեղ գնալ, բացառվում է «Յոնջլաղի Համոյին» քավոր կանգնի, կամ իր աղջիկն ամուսնանա կասկածելի անձնավորության հետ։ Դատավորն իրոք սահմանափակ կյանքով է ապրում»։
Մեր այն հիշեցմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր իր՝ 2019-ի մայիսի 20-ի հայտարարությամբ վեթինգի մասին քննարկումները սկսել և հարցին՝ մինչև հայտարարելը մի՞թե չգիտեր Սահմանադրության՝ դատավորների մասով այդ դրույթի մասին, Ալեքսանդր Սիրունյանն արձագանքեց․ «Քաղաքականությունը մի բան է։ Դա քաղաքական ծրագիր է վարչապետի ու իշխող ուժի։ Բայց թե դա ոնց պետք է իրականացնեն, թող մասնագետները մտածեն․ վարչապետը պիտի մտածի՞, ինքն առաջարկի՞ լուծումներ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Ալեքսանդր Սիրունյանի ֆեյսբուքյան էջից