Լրահոս
Օրվա լրահոսը

Մայա Սանդուն, ի տարբերություն Նիկոլի, չի հայտարարել՝ «Մերձդնեստրը տանք, հանգիստ ապրենք». իրական դասեր Մոլդովայից. Արմեն Աշոտյան

Հոկտեմբեր 22,2024 17:18

Մոլդովական հանրաքվեն և նախագահական ընտրությունները հասկանալիորեն դարձան նաև հայկական քննարկումների թեմա։ Սակայն տպավորություն ունեմ, որ այդ դիսկուրսում կրկին գերակա են դարձել ոչ թե բուն հայկական աշտարակից դիտարկումները, այլ պարզապես գեոպոլիտիկ ճաշակով թելադրված կլիշեները։ Հայաստանի արևմտամետները տանում են Euronews-ի և CNN-ի գիծը, իսկ ռուսամետները Սոլովյով-Կիսելյով գաղափարաքարոզչական շրջանակներում են:

Փորձենք հասկանալ՝ բուն հայկական օրակարգից ելնելով՝ ի՞նչ դասեր կարելի է քաղել Մոլդովայի զարգացումներից։

1.Նախ պիտի շեշտել, որ Մայա Սանդուն Նիկոլ Փաշինյան չէ և ոչ մի պարագայում։ Նրան անձամբ եմ ճանաչում դեռևս ԿԳ նախարար եղած ժամանակներից, իսկ հետո՝ ԵԺԿում համատեղ աշխատանքի ընթացքում։ Մայան չկեղտոտված, պինդ և գաղափարական կին է, ով ունի «իզմ»-եր, թաթախված չէ կոռուպցիոն սկանդալների մեջ և Բրյուսելում իրոք հեղինակություն է վայելում։ Նիկոլի հետ չունի և ոչ մի կերպարային կամ մարդկային նմանություն։

2.Ի տարբերություն Հայաստանի, որին Փաշինյանը 2018-ից հետզհետե ներքաշեց գեոպոլիտիկ պայքարի մեջ՝ որպես հերթական թատերաբեմ, Մոլդովան այդպիսին էր դեռևս վաղ 90-ականներից և նման կարգավիճակում գործելու ոչ միշտ դրական, բայց փորձ և «ավանդույթներ» ունի։

3.Եվրոինտեգրման տեսլականով բոլոր հետխորհրդային պետություններից Մոլդովան ամենառեալ շանսերն ունի այդ ճանապարհը մինչև վերջ անցնելու՝ շնորհիվ ավելի կոմպակտ չափերի, Ռումինիայի լոբբինգի և աշխարհագրական դիրքի։ Թեև Մոլդովային ցուցաբերած եվրոպական օգնությունը, ի տարբերություն Հայաստանի, ռեալ է և շոշափելի՝ թե ֆինանսական, թե քաղաքական առումով, բայց, միևնույն է, երկրի բուն բնակչությունը դեմ քվեարկեց հանրաքվեին։

4.Մոլդովան դեռևս 2013-ին, ինչպես Վրաստանը, ստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ 2014-ից ստացավ առանց վիզաների ռեժիմ։ Այդքանով հանդերձ, եվրոհանրաքվեի արդյունքները հիասթափեցնող էին նույնիսկ արևմտյան կենտրոնների համար։

5.Լինելով Ռուսաստան-Արևմուտք բախման կետերից մեկը և ունենալով Մերձդնեստրի կոնֆլիկտը, Սանդուն, ի տարբերություն Նիկոլի, չի հայտարարել՝ «Մերձդնեստրը տանք, հանգիստ ապրենք», և սկզբունքային կերպով այդ հարցում առաջ է մղել սեփական շահերը։ Չի ասել, որ այդ հարցը «պարան է Մոլդովայի վզին», որ «խանգարում է ինքնիշխանությանը»։ Մոլդովան չի հրաժարվել իր տարածքներից, թեպետ հասկանում է, որ այդ խնդիրների առկայությունը մի կողմից լծակ է Մոսկվայի համար, մյուս կողմից՝ խանգարում է երկրին ավելի արագ ինտեգրվել ՆԱՏՕ և ԵՄ։

6.Մոլդովայի եվրոինտեգրման «քավորը» Ռումինիան է, և այդ ճանապարհն իրատեսական է թե աշխարհագրական, թե քաղաքակրթական առումով։ Ի տարբերություն Հայաստանի, ում նիկոլենք համոզում են թեքվել դեպի Բրյուսել, բայց իրականում հանձնում են Էրդողանին։

7.Նիկոլը պարբերաբար «Մոսկվայի ձեռքն» է տեսնում ամենուրեք և ամեն ինչում՝ փորձելով կապել ներքաղաքական ընդվզումները Կրեմլի հետ։ Մոլդովայի ընտրությունները ցույց տվեցին, որ երբ Մոսկվան իրոք շահագրգռված է լինում ներքաղաքական զարգացումներում, նա բավականին էֆեկտիվ և բազմաճակատ գործում է։ Այս հանգամանքը, ի դեպ, վերաբերում է թե «ընդդիմությունը ռուսամետ է», թե «Մոսկվան Նիկոլին չի պահում» թեզերի ջատագովներին։

8.Մոլդովայի ամենամեծ պրոբլեմն իրականում ոչ թե այս կամ այն թևի հաղթանակն է, այլ բևեռացված հասարակություն և պառակտված պետություն լինելու հանգամանքն է։ Այս նույն հիվանդությունը 2018-ից բերվեց նաև Հայաստան և դարձավ խրոնիկ ու խորացավ։

Արևելյան գործընկերության տարածքում բոլոր երկրների հետագծերը ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը միակ ճիշտ ճանապարհն էր, որ թույլ էր տալիս մեզ մի կողմից՝ պաշտպանել մեր ազգային շահերը, մյուս կողմից՝ չարժանանալ տարածքային կորուստներ ունեցող երկրների ճակատագրին կամ չնմանվել ԼուկաշենկոԱլիև զույգին։

Իսկ Փաշինյանի խաղերի արդյունքում Հայաստանը և՛ կորցրեց մեր Հայրենիքի հատվածներ, և՛ սրընթաց կերպով բռնապետանում է։ Հիրավի, աննախադեպ «ևև» է

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

22.10.2024

Աղբյուրը՝ 168.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031