Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր գծե՞ր, պետական շահե՞ր․ այս իշխանության կենաց-մահու կռիվը միայն սեփական ժողովրդի դեմ է, եւ եղած ողջ ռեսուրսներն ուղղվում են այդ խնդրի կատարմանը»․ Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 22,2024 17:06

«Ինչպես եւ կանխատեսելի էր, Ադրբեջանն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի անվան տակ, նորանոր պահանջներ է իջեցնում հայ-ադրբեջանական բանակցային օրակարգ: Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, որ իր գլխավոր նախապայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է, եւ սա այն պարագայում, որ իշխանությունը եւս առանձնապես դեմ չէ այդ փոփոխությանը՝ ո՛չ քաղաքական, ո՛չ բովանդակային, ո՛չ էլ գաղափարական առումով։ Եվ միակ վերապահումը, մեծ առումով, ժամկետներն են»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա՝ որքան էլ արտաքուստ տարօրինակ հնչի, Ադրբեջանին այս պահին պետք էլ չէ, որ Հայաստանն իր սահմանադրությունն արագ փոփոխի, հատկապես որ դա տեխնիկապես էլ հնարավոր չէ կարճ ժամկետում կազմակերպել: «Ադրբեջանն օգտագործելու է այս ժամանակահատվածը Հայաստանին ագրեսոր, ապակառուցողական կողմ հռչակելու եւ նոր զիջումներ կորզելու համար: Ինչքան էլ Հայաստանի իշխանությունը հայտարարի, թե զիջումների առումով այլեւս տեղ չկա կամ դա արդեն ինքնիշխանության խնդիր է առաջացնում, գործող իշխանության այս 6 տարիների գործունեությունը վաղուց է մեր երկրի համար ոչ միայն ինքնիշխանության, այլ տարածքային ամբողջության եւ անվտանգության խորը խնդիրներ առաջացրել»,- ասաց նա։

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ Ադրբեջանն արդեն լավ է ճանաչում Հայաստանի գործող կառավարիչներին՝ իրենց էությամբ, խոցելիությամբ եւ անսկզբունքայնությամբ եւ, բնականաբար, օգտվելով իրավիճակից, անընդհատ սեղմելու է Հայաստանի շուրջ օղակը:

«Կարմիր գծե՞ր, պետական շահե՞ր, ժողովրդի կամքի արտահայտո՞ւմ․ այս իշխանության կենաց-մահու կռիվը, պայքարը միայն սեփական ժողովրդի դեմ է եւ, ըստ այդմ, եղած ողջ ռեսուրսներն ուղղվում են այդ խնդրի կատարմանը: Այդ ամենն ուղեկցվում է շանտաժով, վիրավորանքներով, իսկ որոշ դեպքերում՝ մարդկանց ազատությունից զրկելով: Իսկ Ադրբեջանի հետ քաղաքական-քարոզչական պայքարում իշխանությունը բացառապես հեզ է, անտրտունջ, սիրալիր եւ վերջը չերեւացող զիջողական, եւ դա այն դեպքում, որ ի պատասխան, Ադրբեջանից մշտապես ստանում է ապտակներ, անարգանք եւ խարխլված պայմանավորվածություններ: Վստահ եմ, որ իշխանության ներսում էլ այս պարզ ճշմարտությունները գիտակցողներ ու մտահոգվողներ կան եւ իշխանության վերնախավն էլ գիտի, որ սա լավ տեղ չի տանելու, սակայն անձնական կամ նեղ խմբային շահերը գերակա են հռչակվել, եւ պետության հաշվին Հայաստանի դիմադրողականությունն է մաշեցվում»,- հայտարարեց Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031