Chat GPT -ն ստեղծող OpenAI ընկերության հրապարակած զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ում անհայտ խմբի կողմից արհեստական բանականությունն օգտագործվել է Ադրբեջանի վարկանիշը սոցցանցերում բարձրացնելու համար:
«Խումբը, ամենայն հավանականությամբ, վարձած է եղել, ոչ թե բուն ադրբեջանցիներն են աշխատել, որովհետեւ աշխատել են ԱՄՆ տարածքից: Աշխատել են facebook-ում եւ Twitter-ում: Հիմնական գործունեությունը եղել է Ադրբեջանի դրական իմիջ ստեղծելը, եւ ընդհանուր առմամբ որպես զարգացած, հանդուրժող… երկիր ներկայացնելը»,-Aravot.am-ին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Զեկույցից տեղեկանում ենք նաեւ, որ խմբի կողմից գեներացված տեղեկատվությունը եղել է նաեւ Ադրբեջանին գովերգող ու հատկապես մարդու իրավունքների իրավիճակի առումով Ադրբեջանի հեղինակությունը պաշտպանող ու բարձրացնող:
Մեր զրուցակցի խոսքով, խմբի կողմից OpenAI-ի տեխնոլոգիան օգտագործվել է մի քանի նպատակով. «Նկարներ, տեքստեր են դրանով ստեղծել ու լեզվական աշխատանք իրականացրել: Chat GPT-ն այսօր թույլ է տալիս լեզուն չիմանալով` գեներացնել շատ գրագետ տեքստեր կամայական լեզվով ու այս խումբը 10-ից ավելի լեզվով է գեներացրել՝ ներառյալ հայերեն»:
Կարդացեք նաև
Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ խմբի կողմից իրականացվող տեքստերին համացանցում տրված մեկնաբանությունների բովանդակության մասով OpenAI-ը չի խորացել ու չի մանրամասնել բովանդակությունը զեկույցում:
Մեր զրուցակցի խոսքով, թեեւ կեղծ բովանդակություն գեներացնելու համար օգտագործված հաշիվները OpenAI –ը հայտնաբերելուց հետո անմիջապես արգելափակել է, սակայն դա հարցի լուծում չէ, որովհետեւ ինչքան փակում են, տասնապատիկ նորերն են բացվում. «Նույն ֆեյքերի բանակն է: Պարզապես, եթե այն ժամանակ պիտի մի հոգին նստեր ու երկար բարակ տեքստեր գրեր, որ իրարից տարբերվեին, հիմա Chat GPT-ին գրում ես, ասում ես 10 հատ տեքստ գրի այս թեմայով ու այսպես ասած հազարավոր ֆեյքեր է գեներացնում: Ինչի վրա ժամեր պետք է ծախսեիր, հիմա 10 րոպե պետք է ծախսես»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ