Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի միջազգային 16-րդ փառատոնը

Հոկտեմբեր 22,2024 17:02

«ՌեԱ» անիամացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնն արդեն 16-րդ անգամ ողջունեց կինոյի ոլորտի մասնագետներին, անիմատորներին, ռեժիսորներին, պրոդյուսերներին և արվեստասերներին։ Փառատոնի բացումն ազդարարվեց Երևանի Կինոյի տանը։

Անիմացիոն ֆիլմերի մեծ ու հետաքրքիր շքերթ, աշխատարաններ ու վարպետաց դասեր, ցուցադրություններ և շնորհանդեսներ՝ ոլորտի լավագույն մասնագետների մասնակցությամբ, նոր հնարավորություններ հայ անիմատորների և ոլորտի մասնագետների համար. «ՌեԱ» փառատոնը 1 շաբաթ շարունակ լինելու է երևանյան անիմացիոն կինոյի ոլորտի անցուդարձի կիզակետում։
Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին միջազգային հյուրեր ու փորձագետներ, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

«Փառատոնը ոչ միայն մշակութային, այլև կրթական բաղադրիչ ունի»,-բացման խոսքում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և հավելեց,-«Երևանի քաղաքապետարանն արդեն երկրորդ տարին անընդմեջ փառատոնի գլխավոր հովանավորն է։ Մեր համագործակցությունը նպաստել է թե՛ փառատոնի աշխարհագրության և թե՛ բովանդակային բաղադրիչի աճին, ինչի մասին խոսում է այս տարվա հյուրերի և անիմացիոն աշխատանքների ցանկը։ Այս հաջողությունն իր ազդեցությունն է ունենում փառատոնի միջազգայնացման ու ճանաչելիության բարձրացման վրա»։

Բացման արարողությանը Երևանի Կինոյի տան դահլիճը լեփ-լեցուն էր, ինչը շեշտեց նաև ՀՀ ԿԳՀՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը. «Անիմացիան կինոմատոգրաֆիայի այն ուղղությունն է, որի միջոցով ստեղծագործողները կարող են պատմել, խոսել արգելքներից, դժվար թեմաներից, ինչու ոչ՝ յուրովի ներկայացնել մեր երկիրն ու մշակույթը։ Իսկ մշակույթը չի կարող ունենալ ֆիզիկական սահմաններ։ Հայկական անիմացիան վերջին տարիներին դրական ու հետաքրքիր երանգներ է ստացել, ինչը նաև «ՌեԱ»-ի շնորհիվ է։ «ՌեԱ»-ն նոր ուղղություն է վերցրել՝ հայկական անիմացիան տանել դեպի տարբեր երկրներ և ընդհակառակը՝ Հայաստանում ներկայացնել միջազգային լավագույն փորձը»,-նշեց Դանիելյանը։

Ողջույնի խոսքերով հանդես եկան նաև Հայաստանում Ֆրանսիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Հայաստանում Եվրամիության պատվիրակության գործերի ժամանակավոր հանձնակատար Տոմաշ Օստրոպոլսկին։

«Ռեանիմանիան այսօր տարածաշրջանում և դրանից դուրս անիմացիոն ֆիլմերի տարածման գլխավոր հարթակն է. Հայաստանի համար դա շատ մեծ հաջողություն է։ Ուրախ ենք, որ Փառատոնի հիմնադրման օրվանից Ֆրանսիայի դեսպանությունն աջակցում է փառատոնին և այսօր էլ փառատոնի կողքին ենք»- նշեց դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Տոմաշ Օստրոպոլսկին իր ելույթում հավելեց. «ՌեԱ փառատոնը երկրի մշակույթի լավագույն ներկայացումներից ու դրսևորումներից է։ Այն ապահովում է մշակութային բազմազանություն, ստեղծարարություն, վառ երևակայություն և հավատ՝ մարդկային ներուժի նկատմամբ։ Այս արժեքները համընկնում են այն արժեքների հետ, որոնք ունի ԵՄ-ն։ Հետևաբար պատահական չէ, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանին մշակութային զարգացման և միջազգային մշակութային կապերի հաստատման գործում: Այս նպատակի համար մենք ունենք հստակ նախաձեռնություն իր ճանապարհային քարտեզով, որն ընդլայնում է այս ներգրավվածությունը։ Այսօրվա փառատոնն ամբողջությամբ արտացոլում է ԵՄ-ի՝ հանձնառությունն այդ ջանքերին»։

«ՌեԱ» փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին նշեց. «Ամեն տարի փառատոնի բացումը, անգամ եթե 16-րդն է, կարծես առաջինը լինի։ Եվ հիմա էլ ինձ համար շատ հուզիչ պահ է…մեկ այս հարկի տակ տեսնել անիմացիոն ոլորտի ներկայացուցիչների, ու սիրահարների։ Շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, որոնց միջոցով այս ամենը հնարավոր է դառնում»։
«ՌեԱ» 16-րդ փառատոնի ծրագիրն առանձնահատուկ է՝ նոր դեմքեր, նոր ֆիլմեր, նոր հնարավորություններ։ Փառատոնի կարևորագույն բաղադրիչներից է նաև MarAni անիմացիոն շուկան։ Վրեժ Քասունու խոսքով՝ MarAni հարթակը բացառիկ հնարավորություններ է ընձեռում ոլորտի հայ մասնագետների համար։
«Մենք առանձնակի կարևորությամբ ենք զարգացնում MarAni հարթակը՝ մասնավորապես CoReAct համարտադրության հարթակը, որի մջոցով հայ ստեղծագործողները միջազգային պրոդյուսերներին ներկայացնում են իրենց ծրագրերն ու համարտադրության հնարավորություն ստանում»,-նշեց Քասունին և հավելեց, որ MarAni-ի շրջանակում վարպետաց դասեր ու աշխատարաններ կունենան Դիսնեյի ռեժիսորներ Քըրք Ուայզը և Աարոն Բլեյզը։

MarAni անիմացիոն շուկան տարի կանցկացվի հոկտեմբերի 21-24-ը ՀԲԸՄ-ում։ Հարթակը կյուրընկալի միջազգային հյուրերի՝ Ֆրանսիայից և եվրոպական այլ երկրներից, ովքեր աշխատարանների և դասընթացների ընթացքում կխոսեն անիմացիայում AI, VR և այլ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումից, կկիսվեն իրենց մասնագիտական կարևոր գաղտնիքներով ու գիտելիքներով։ Փառատոնը կունենա հյուրեր ու ներկայացուցիչներ France TV-ից, Cartoon Media-ից, այլ հեղինակավոր կառույցներից։

Ավելի քան 300 ֆիլմ՝ 45 երկրներից․ այս տարի «ՌեԱ»-ի ֆիլմաշարը համալրում են նաև Կաննի, Անսիի, Սան Սեբաստիանի և Բեռլինի կինոփառատոներում ցուցադրված 7 մրցութային լիամետրաժ, ինչպես նաև հայկական արտադրության կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր։ Հայ հանդիսատեսը նաև բացառիկ հնարավորություն կունենա վայելելու Դիսնեյի անզուգական աշխարհը։ Առաջին անգամ Երևանում՝ Կինոյի տան մեծ էկրանին, կցուցադրվեն «Քվազիմոդո», «Ատլանտիս․ կորսված կայսրությունը» և «Գեղեցկուհին և հրեշը» լեգենդար ֆիլմերը։
«ՌեԱ»-ի բացման արարողությանը ներկա էր նաև փառատոնի պաշտոնական պոստերի հեղինակ Ժորժ Շվեցգբեբելը, ով անիմացիոն կինոյի մեծագույն անուններից է։ Շվիցգեբելը երկրորդ անգամ էր Հայասատնում. առաջին անգամ տասը տարի առաջ կրկին «ՌեԱ» փառատոնի էր հյուրընկալվել։ Վրեժ Քասունին Շվիցգեբելին հանձնեց փառատոնի պաշտոնական մրցանակը՝ որպես փառատոնի աջակից, անիմացիոն ոլորտի հեղինակավոր գործիչ ու պրոֆեսիոնալ։

Նշենք, որ «ՌեԱ»-ի շրջանակում հոկտեմբերի 23-ին Նկարիչների միությունում տեղի կունենան նաև ReA Comics Art ցուցադրությունները: Փառատոնի շրջանակում թարգմանվել են երկու կոմիքս գրքեր՝ «Միսաք, Մելինե և խումբ Մանուշյաններ» և «Բռնցքամարտիկը», որոնց շնորհանդեսը ևս տեղի կունենա ReA Comics Art-ի շրջանակում։ Այդ օրը տեղի կունենա նաև «Սասունցի Դավիթ» կոմիքս գրքի ցուցադրությունը, այն նախորդ տարվա հաղթող նախագծերից է։ Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս կոմիքսների մրցույթի ժյուրիի կազմում ներգրավված են միջազգային մասնագետներ։

Փառատոնի շրջանակում ցուցադրվող ֆիլմերի տոմսերը հասանելի են tomsarkgh.am կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031