«Ես, ճիշտն ասած, այդ դրվագը չեմ լսել․ վաղուց չեմ հետևում իրավապահ համակարգի ղեկավարների ելույթներին։ Բայց միայն այն փաստը, որ գլխավոր դատախազն ասել է, որ տեսանյութն ապացույց չէ, ուրեմն ինքն այդ քրեական վարույթով քննիչի մոտ եղած նյութերին կամ միջամտում է, կամ ինքն այդ ամենից արդեն տեղյակ է»,- Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ ինչպես ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է հայտարարել, ՀՅԴ-ական պատգամավոր Աշոտ Սիմոնյանի ծեծի տեսանյութն ինքնին ապացույց չի, ինչի պատճառով էլ պատգամավորի ծեծի գործով մեղադրյալ չկա, այսպես պատասխանեց իրավապաշտպան Արայիկ Պապիկյանը։
Ըստ նրա՝ հարցը ոչ թե նա է, որ քննիչը դրանք ստացել է, ճանաչել է ապացույց, հետազոտել է, թե՝ ոչ, այլ այն, որ երկրի գլխավոր դատախազը գիտի՝ քննիչի մոտ ինչ նյութեր կան և որոնք են ապացույց, որոնք ապացույց չեն․ «Դա արդեն իսկ իր իրավասություններից դուրս է։ Սա արդեն կասկած է հարուցում, եթե գլխավոր դատախազն արդեն այդ մակարդակի իջել է, դա արդեն մտահոգիչ է, ուրեմն ինքն այդ գործով ուղղակի ազդեցություն ունի»։
Արայիկ Պապիկյանն ասաց՝ դեպքից հետո որպես կանոն անմիջապես քննիչն առգրավում է հնարավոր բոլոր փաստերը, տվյալները, տեղեկությունները՝ թղթային, էլեկտրոնային, այդ թվում նաև տեսագրությունները և դրանք սեղմ ժամկետներում զննում է քննիչը, որոնց հիման վրա կազմվում է արձանագրություն, և տվյալ փաստը ճանաչվում է ապացույց, կամ՝ ոչ․ «Եթե վեց ամիս հետո դեպքից քննիչը չի արել այդ գործողությունները, ապա նա ցուցաբերել է անգործություն, դա հովանավորել է հսկող դատախազը, իսկ հսկող դատախազի վերադաս դատախազն ԱԺ-ում այդպիսի անպատասխանատու հայտարարություն է անում»։
Կարդացեք նաև
Հղում կատարելով ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի այն պարզաբանմանը, թե պատգամավոր Աշոտ Սիմոնյանը հրաժարվում է գալ հարցաքննության, ոստիկանների արարքին այդ պատճառով գնահատական չեն կարողանում տալ և հարցին՝ արդյոք իր փորձից ելնելով ի՞նչ կասի՝ այդպե՞ս է՝ պետք է տուժողը հարցաքննության գնա, որպեսզի կարողանան հանցագործությունը կատարողի գործողությանը գնահատական տալ, Արայիկ Պապիկյանը պատասխանեց․ «Դժվար է միանշանակ պատասխանել․ կարելի է ասել՝ այո և ոչ, քանի որ ես չգիտեմ՝ ինչ ապացուցողական տվյալներ ու հիմքեր ունեն։ Առերևույթ թվում է, որ ոչ, դա այդպես չէ, տուժողի վարքագիծը կարող է և դեր չխաղալ այս դեպքում, որպեսզի հետապնդում սկսեն․ այսինքն՝ այդ մարդը պարտավոր չէ գնալ, ցուցմունք տալ, մյուս կողմից էլ չեմ կարող միանշանակ պնդում կատարել, որ առանց այդ ցուցմունքի բավարար հիմքեր քննիչի մոտ կան։ Քանի որ չեմ տիրապետում գործին, այլ փաստական հանգամանքների, կատեգորիկ պնդումներ կատարել չեմ կարող կատարել»։
Իսկ Աշոտ Սիմոնյանն «Ազատությանն» ասել էր. «Ի՞նչ է դա տալու ինձ, կարո՞ղ եք Դուք ինձ ասել, եթե գիտեք, որ մի բժիշկ, որ ապիկար է, իր մասնագիտությանը չի տիրապետում կամ տիրապետում է և բացառապես մարդկանց չի բուժում, առավել ևս այդ մարդը քեզ որպես կլիենտ Հիպոկրատի երդմանը հավատարիմ չի մոտենալու, գնալու ես իր մոտ, ինքը կոծկելու է, քեզ համոզելու է, որ դու հիվանդ չես։ Այդ բժշկի մոտ կգնա՞ս, ես այս երկրում արդարադատություն իշխանությունից պահանջե՞լ…»։ Պատգամավորն ասել էր՝ չի հավատում, որ գլխավոր դատախազն ու քննչականը իր հարցում արդար կլինեն, դրա ապացույցն է համարում նաև նրանց բացատրությունները։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ