Մեդիա կենտրոնում այսօր տեղի ունեցավ քննարկում «Բանտից՝ հասարակություն. վերասոցիալականացումն իրականություն դառնո՞ւմ է, թե ոչ» թեմայով: Բանախոսներն էին «Սոցիալական արդարություն» ՀԿ ղեկավար, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանը եւ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ ղեկավար Նարե Հովհաննիսյանը:
«Այն ծրագրերը, որոնք իրականացվում են, պաշտոնական հրապարակումների միջոցով բավականին մանրամասն ներկայացվում եւ լուսաբանվում են: Բայց որքանո՞վ է վերասոցիալականացման գործընթացը կայանում եւ որքանո՞վ են այդ ծրագրերը բովանդակային առումով օգնում, որպեսզի այդ գործընթացը, ի վերջո, կայանա: Իրականում, քրեակատարողական հիմնարկում պետք է շատ հստակ լինի, թե ինչ նպատակ է հետապնդում ՔԿՀ մուտք գործող անձին այդ ծրագրերի մեջ ընդգրկելը: Այսինքն, ինչպե՞ս է նախապատրաստվում անձի վերադարձը հասարակություն, ո՞րն է այն ախտորոշումը, որ ՔԿՀ-ն տալիս է անձին: Եվ այս առումով այն աշխատանքները, որ կատարվում են, որքանո՞վ են անհատական բնույթ կրում եւ ինչպե՞ս են հանգում այն եզրակացությանը, որ անձը վերասոցիալականացվել է եւ պատրաստ է հասարակություն վերադառնալուն»,-ասաց Նարե Հովհաննիսյանը:
«Այս առումով դեռեւս լրջագույն խնդիրներ կան: Շատ կարեւոր է երկու տարբերակում կատարել: Կան անձինք, որոնց դեպքում քրեորեն հետապնդելի արարք կատարելը ինչ-որ առումով քրոնիկ վարքագիծ է: Բայց կան դեպքեր, որ անձը ՔԿՀ-ում է հայտնվում պատահական դիպվածով: Այստեղ շատ հստակ պետք է լինի, թե անձի հետ ինչ աշխատանք է կատարվում: Առաջին դեպքում, գուցե, իսկապես անձի մեջ պետք է զարգացնել այլ որակական հատկանիշներ, այնպիսի աշխատանք տանել, որպեսզի անձը հետ կանգնի հանցավոր վարքագծից, բայց երկրորդ դեպքում, գուցե, կարիք կա այնպիսի աշխատանք տանել, որպեսզի անձը իր որակական կազմը պահպանի, չտրվի քրեական, բանտային ենթամշակույթի բացասական հետեւանքներին»,-շարունակեց տիկին Հովհաննիսյանը՝ ցավով արձանագրելով, որ այդպիսի տարբերակված մոտեցում չկա:
Բանախոսն անդրադարձավ եւս մի շատ կարեւոր խնդրի: «Ինչո՞ւ ամենամեծ խումբը կազմող մարդիկ այդ՝ վերասոցիալականացման, գործընթացներում չեն ներգրավվում: Խոսքը կալանավորված անձանց մասին է: Պատճառաբանությունը, հիմնավորումն այն է, թե վերասոցիալականացման գործընթացը տարվում է դատապարտյալների հետ, քանի որ նրանց դեպքում կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որով պետությունը հաստատել է անձի կողմից կատարված արարքը: Իսկ կալանավորված մարդկանց համար կա անմեղության կանխավարկած, հետեւաբար, անձին չեն կարող վերասոցիալականացնել: Այս հիմնավորումները տրվում են արդարացնելու համար չեղած պայմանները, այն միջոցները, որոնք չեն ձեռնարկվում, որովհետեւ անձի քրեադատավարական վիճակը կապ չունի: Երբ նա հայտնվում է ՔԿՀ-ում, իր վրա կրում է ազատազրկման բոլոր բացասական հետեւանքները: Կալանավորումը նույնպես ազատազրկում է իր տեսակով»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Արշակ Գասպարյանը նշեց, որ այս թեմայով կարելի կլիներ մի քանի հաղորդաշար կազմակերպել: Նա շատ կուզենար, որ նաեւ քննարկմանը ՔԿՀ-ից ու նախարարությունից մարդիկ ներկա լինեին: Նրա խոսքով, հուրախություն իրեն, վերջին շրջանում ՔԿԾ ֆեյսբուքյան էջում բավական նվազել են ներքնաշորերի միջից թմրադեղեր գտնելու մասին հայտարարությունները եւ մի քիչ սկսել են շատանալ վերասոցիալականացմանը միտված ինչ-որ ծրագրեր ու «հավես» բաներ:
«Հավես բաներ անում են հասարակական կազմակերպությունները, կողքից աջակցող մարմինները: ՔԿ-ի եւ համակարգի դերը ճիշտ բաներ անելն է, որը չափվում է արդյունավետությամբ, ոչ թե «հավես բաներով»: ՔԿՀ-ներում վերասոցիալականացման ունիվերսալ ծրագրեր չկան: Այս իմաստով բանտը նման է կրթական հաստատության, ասենք, համալսարանի, որտեղ ընդունվողը առաջին օրերից գիտի, որ պետք է միջանկյալ քննություն, ստուգարք, հետո քննություն հանձնի: Բոլոր ՔԿՀ-ներում պետք է լինեն ունիվերսալ վերականգողականությանը՝ սթրեսակայությանը, սոցիալական հմտությունների վերաձեւավորմանը, կորսված սոցիալական հմտությունները վերագտնելուն, ագրեսիվության, բռնության նվազեցմանը եւ այլնին միտված ծրագրեր: Դրանք ընդհանուր դատապարտյալների ծրագրեր են, որոնք իրականացվում են բանտային բնակչության հետ: Պիտի լինեն նաեւ կոնկրետ ծրագրեր՝ սեռական բռնության, թմրադեղերից կամ հոգեմետ այլ միջոցներից կախվածություն ունեցող անձանց համար՝ կախված բանտի «բնակչության» կազմից:
Այս ծրագրերի ունիվերսալությունը չկա, որը բերում է կարեւոր խնդրի, որ համեմատեցի համալսարանի հետ: Մարդը, որ ստանում է դատապարտյալի իրավական կարգավիճակ, պիտի այդ օրվանից իմանա. քանի քայլ եւ ինչ քայլեր անի, որ դուրս գա հասարակություն: ՔԿՀ-ում նա չի իմանում, չկան այդ ծրագրերը: Եվ սա ՔԿՀ-ում բերում է այլազան խնդիրների, ընդհուպ, մինչեւ քրեական ենթամշակույթի հետ շփում»,-ասաց քրեական արդարադատության ոլորտի փորձագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի