Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը չի բանակցում խաղաղության պայմանագրի շուրջ, Ադրբեջանից փորձում է առնել «խաղաղություն» բառն օգտագործելու իրավունքը՝ լուծելու իր քարոզարշավի հարցը»

Հոկտեմբեր 22,2024 15:40

««Պատիվ ունեմ» խմբակցությունը որեւէ փուլում չի մասնակցել այս հակաօրինական, հակասահմանադրական գործընթացին»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հարցին, որ ընդդիմությունը չմասնակցեց սահմանազատման կանոնակարգի նախագծի քննարկմանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդրադառնալով ընդդիմության քայլերին, ասել էր՝ «Դուք 8-ի բ-ն եք, 8-ի գ-ն եք, խորհրդարանական խմբակցություն եք, թե՞ ինչ եք»։

Ի պատասխան՝ Հայկ Մամիջանյանն ասաց․ «Պարոն Կոնջորյանի որակումները ցույց են տալիս իր երեւի մանկական, պատանեկան տրավմաները։ Կան մարդիկ, որոնք դպրոցի փուլից դեռ չեն վերաճել, գուցե մենք այս դեպքի հետ գործ ունենք»։

Մամիջանյանը հավելեց, որ ՔՊ-ն պլանավորել է հերթական հակապետական զիջումները, եւ որպես հետագայում արդարացումների հիմք՝ նախապատրաստում է այս փաստաթուղթը։ «Սրանով է բացատրվում նաեւ այն, որ երբ Սահմանադրական դատարանին հարցնում են՝ քանի տարեկան ես, ինքը պատասխանում է՝ հուլիսը ամառվա ամիս է։ Այն, ինչ արել է ՍԴ-ն, հենց դա է։ Իրենց որեւէ մեկը չէր հարցրել Անկախության հռչակագրի վերաբերյալ որեւէ բան, ինչո՞ւ որոշեցին պատասխանել։ Եթե այս մոզաիկան կպցնենք իրար, ապա ակնհայտ է, թե ինչի համար է սա արվում, սա հիմք է հետագա զիջումների լեգիտիմացման համար։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դրան մաս չի կազմելու»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Հարցին, թե ի՞նչ զիջումներ կարող են լինել, Մամիջանյանը պատասխանեց․ «Այդ զիջումները կարող են փաթեթավորված լինել այն ականների մեջ, որոնք առկա են կանոնակարգի մեջ, մասնավորապես հատվածային սահմանազատման աբսուրդի շրջանակներում։ Երեկվա քննարկման ժամանակ հարցին, թե հաջորդը որ հատվածն է լինելու, նույնիսկ դրա պատասխանը չունեին։ Այսինքն՝ ՔՊ-ի համար մեկ է, թե ինչ հերթականությամբ կհանձնեն ՀՀ սահմանային գոտիները, իսկ գուցե ոչ միայն սահմանային։ Ոնց ուզում է Ադրբեջանը, այդպես էլ կտան, իրենք պատրաստ են տալ»։

Հայկ Մամիջանյանը հավելեց․ «Նիկոլ Փաշինյանը չի բանակցում խաղաղության պայմանագրի շուրջ, Նիկոլ Փաշինյանը բանակցում է Ադրբեջանի հետ իր հերթական կամ արտահերթ ընտրությունների քարոզարշավի սլոգանի հարցը։ Ինքը Ադրբեջանից փորձում է մեր, ձեր հողի, արժանապատվության եւ անվտանգության հաշվին առնել խաղաղություն բառն օգտագործելու իրավունքը, մնացածի վրա թքած ունի»։

Ըստ նրա՝ Փաշինյանը մերժեց բոլոր միջնորդ երկրների միջնորդությունը եւ հիմա պաղատում է Թուրքիային, որպեսզի Թուրքիան դառնա հայ-ադրբեջանական հարաբերությունների միջնորդ։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031