Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խնդիրն ավելի շատ այն չէ, որ ազգակցական կապը կա, այլ թե ինչու են դատավորների դեպքում ազգակցական կապերը բացահայտվում հիմնականում իշխող քաղաքական ուժի անձանց ազգակիցների շրջանում»․ Արայիկ Պապիկյան

Հոկտեմբեր 22,2024 15:18

«Միանշանակ մտահոգիչ է։ ՀՀ-ն տարածքով, բնակչությամբ համեմատաբար փոքր է, և ազգակցական կապը հեշտ է բացահայտվում։ Ու հաշվի առնելով, որ օրինակ՝ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ որևէ պատգամավորի, նախարարի կամ քաղաքական գործչի բարեկամ դառնում է դատավոր, գուցե սա արտառոց չէ, քանի որ, եթե լինեինք 100-150 միլիոն բնակչությամբ երկիր, դա չնկատվեր։ Խնդիրն ավելի շատ այն չէ, որ ազգակցական կապը կա, այլ թե ինչու են ազգակցական կապերը բացահայտվում դատավորների դեպքում հիմնականում իշխող քաղաքական ուժի անձանց ազգակիցների շրջանում»,-Aravot.am-ի հարցին՝ մտահոգիչ համարո՞ւմ եք այն փաստը, որ դատավորներ են դառնում նախկինում քաղաքական գործունեությամբ զբաղված անձինք, իշխող ՔՊ-ի ներկայացուցիչների բարեկամներ և նրանց հետ փոխկապակցված անձինք, այսպես պատասխանեց իրավապաշտպան Արայիկ Պապիկյանը։

Արայիկ Պապիկյանը նկատեց՝ ասենք՝ ընդդիմադիր անձանց կամ խորհրդարանից դուրս ընդդիմադիր անձանց շրջանակների բարեկամները դատավոր չեն դառնում, այլ դառնում են ՔՊ-ի պատգամավորների, նախարարների բարեկամները, կամ սանիկները, քավորները․ «Այսինքն՝ քաղաքական իշխանություն ունեցող, այս կամ այն լծակն ունեցող անձի բարեկամն է դառնում դատավոր, ոչ թե այդ տիրույթից դուրս որևէ անձ։ Անկեղծորեն չգիտեմ՝ վերջին երկու-երեք տարիներին նշանակե՞լ են դատավոր մի անձի, ում բարեկամը ընդդիմադիր պատգամավոր է կամ ընդդիմադիր քաղաքական հասարակական գործիչ, որն այս իշխանությանը քննադատում է։ Սա ավելի մեծ խնդիր է, քան այն, որ կոնկրետ բարեկամն է։

Եվ երկրորդը՝ հանրությանն արդեն հայտնի, հրապարակված մի քանի դատավորների տվյալները գիտեմ։ Այն անձանց բարեկամներն են դարձել դատավորներ, որոնք կամ իրենք են վարկաբեկված կամ դատավոր նշանակված անձը։ Ու հենց այդ դատավորներին կոնկրետ տրվում են քաղաքական պատվերներ ակնհայտորեն պարունակող գործեր՝ մանավանդ քրեական գործերի դեպքում։ Մենք՝ փաստաբաններս, գիտենք՝ ով է կալանքի դատավորը։ Մի կոնկրետ դատավոր կա առաջին ատյանում, որ ընդդիմադիր յուրաքանչյուր գործիչ, որն ընկնում է նրա ձեռքը, այդպես էլ լինում է․ ինքը պիտի կալանք տա։ Սրանք ավելի մտահոգիչ երևույթներ են, քան այն, որ ասենք՝ բարեկամական կապ կա։

Էլի եմ ասում՝ ՀՀ-ն փոքր է, բնակչությամբ՝ քիչ, այդ բարեկամական կապը գուցե նորմալ է, բայց մտահոգիչ է, որ այն միայն դրսևորվում է իշխող պաշտոնյաների դեպքում։ Ես անկեղծորեն, եթե սխալվում եմ, ներողություն կխնդրեմ, բայց ինձ հայտնի չէ վերջին 2-4 տարիների ընթացքում այնպիսի ընդդիմադիր, որի բարեկամներից մեկը դատավոր է նշանակվել։ Կասեմ հակառակը, ընդդիմադիր գործունեության այս կամ այն ձևաչափում ներգրավված որևէ անձ, ում բարեկամը դատարանում է աշխատել, հեռացվել է համակարգից։ Դատավորներ, որոնք բարեկամ ընդդիմադիր ունեն, համակարգից հեռացվել են։

Ծայրահեղությունից ծայրահեղություն է․ մի դեպքում բարեկամները նշանակվում են դատավոր, մենք քննադատում ենք, մի դեպքում բարեկամները հանվում են համակարգից, մենք չենք նկատում կարծես թե, քանի որ բարեկամն ընդդիմադիր է։ Բայց մյուս դեպքում բարեկամն իշխող թիմի անդամ է։ Արդեն արատավորվում է համակարգը․ ի՞նչ վեթինգի մասին է խոսքը։

Եթե իրավաչափորեն մենք նախկիններին էինք քննադատում դատական իշխանության հետ կապվածության առումով, ապա ինչո՞վ են տարբերվում ներկա իշխանությունները․ ավելի վատ պատկեր ունենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Արայիկ Պապիկյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031