Զմյուռնիայից հարավ գտնվող պատմական Եփեսոս քաղաքում (ժամանակակից Թուրքիայի տարածք) հոկտեմբերի 21-ին կայացել է Գեղեցկության ու նորաձեւության միջազգային մրցույթ, որտեղ Հայաստանի 25-ամյա մասնակիցը ՝ Դիանա Լեփեջյանը, նվաճել է գլխավոր՝ Տիեզերքի Ֆոտոմոդել մրցանակը:
Ինչպես Aravot.am-ին փոխանցեց Համաշխարհային գեղեցկության ու նորաձեւության լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանը, մրցույթին մասնակցում էին 30 երկրների 45 մասնակիցներ, այդ թվում՝ եվրոպական երկրներից, Մոնղոլիայից, Հարավային Աֆրիկայից:
Ինչ վերաբերվում է Հայաստանի մասնակցին՝ Դիանային, նա ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետը, տիրապետում է 2 լեզվի՝ անգլերեն և ռուսերեն։
Կարդացեք նաև
«Բեմն ինձ համար կախարդական վայր է: Լարվածություն, վախ, սրտի արագ ու անկանոն զարկեր, շնչահեղձություն, մեկ քայլ ու նորից վախ։ Առաջին քայլից հետո, երբ արդեն բեմում ես, հանդիսատես, հիացմունք, հպարտություն, ամբողջ մարմնով սարսուռ, իսկ ետնաբեմում հուզմունքից ու երջանկությունից լցված աչքեր։ Բեմը ունակ է ոչնչացնելու, նետելու անդունդի խորքը, բայց նաեւ կարող է բարձրացնել վեր՝ դեպի տիեզերք»,- Aravot.am-ին իր հույզերը փոխանցեց Դիանա Լեփեջյանը:
Նրանից տեղեկացանք, որ 5 տարի է, ինչ ոլորտում է, այժմ դասավանդում է փոքրիկ մոդելներին:
«Համարձակությունս չէր ներում մտածել, թե կհաղթեմ գեղեցկության մրցույթում։ Դանդաղ, բայց հստակ քայլերով գնում եմ առաջ…Զգացմունքային վերելքների եւ վայրէջքների՝ գեղեցիկ եւ վախենալու չափ հզոր շղթա ունեցա, որը ինքնազարգացման ամենաարդյունավետ ուղիներից մեկն եմ համարում։ Հպարտ եմ, որ կարողացա ներկայացնել Հայաստանը համաշխարհային բեմում»,-հավելեց Դիանա Լեփեջյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Աշոտ Խաչատրյանը