Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու նախագիծ, որ հարյուրավոր դպրոցականների մոտեցրեց Երվանդ Քոչարի արվեստին

Հոկտեմբեր 22,2024 14:22

Անցկացրած հարյուր օրերը ընդմիշտ կմնան նրանց հիշողության մեջ։ Կմնան լույսերը, գույները, հիացած հայացքներն ու արվեստային հրավառությունը Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» քանդակի շուրջը։

Պետք էր տեսնել, թե ինչպես են հուզվում նրանք, որ ամիսներ շարունակ հաղորդակից եղան Երվանդ Քոչար հանճարեղ արվեստագետի անպարագիծ արվեստին։ Նրանք՝ «Երվանդ Քոչար․փոխակերպումներ» արվեստային նախագծի մասնակիցները, ծնողներ, ուսուցիչներ, պատահական անցորդներ, հանդիսատես։

Մի քանի հարյուր մարդ երեկոյացող քաղաքում, աշնանային զովին անշտապ պտտվում էր կայարանամերձ հրապարակի կենտրոնում տեղադրված Երվանդ Քոչարի գլուխգործոցի՝ «Սասունցի Դավիթ» քանդակի շուրջ ու հարցնում, թե այս ի՞նչ ֆիգուրներ են, որ այսպես լուսավորում են հրապարակը և այս ի՞նչ իրադարձություն է։

Իսկ «Սասունցի Դավթի» հրաշալի լուսավորված քանդակից տաք զգացողություններ են հորդում և մարդիկ զարմանում են, որ այդ քանդակի հեղինակը Երվանդ Քոչարն է։

Այո, չզարմանաք, այսօր կան մարդիկ, որոնք տեղյակ չեն, որ «Սասունցի Դավիթ» արձանի հեղինակը, ինչպես իրենք ասացին, մեր ազգի մեծություն Երվանդ Քոչարն է, և այս տեսակ նախագծերը նաև այդ նպատակն ու ուղերձն ունեն՝ շարունակաբար փոխանցել տեղեկատվությունը մեր մշակութային ժառանգության մասին։

Նախագիծը, որ կոչվում էր «Երվանդ Քոչար․փոխակերպումներ», կրթական-մշակութային նախագիծ էր՝ նվիրված մեծանուն նկարչի, քանդակագործի ծննդյան 125-ամյակին։ Երեք ամիս շարունակ Սպիտակի, Օձունի, Քանաքեռավանի, Ստեփանավանի, Գյումրիի, Երևանի դպրոցների, արվեստային հաստատությունների հարյուրից ավելի աշակերտներ ծանոթացել են Երվանդ Քոչարի ստեղծագործություններին, լսել են արվեստագետների ու արվեստաբանների դասախոսություններ, մասնակցել են ֆրագմենտալ նկարչության աշխատարանների, բաց տարածքներում աշխատել են ժամանակակից արվեստի միջազգային ճանաչում ունեցող մասնագետների հետ, ներկա են եղել վարպետության դասերի և ստեղծել են իրենց ինստալյացիաները՝ սկզբունք ունենալով Քոչարի նկարչություն տարածության մեջ հայեցակարգը, մասնակցություն են ունեցել «Սաունդ արթի» և «Վիդեո արթի» արվեստային ակտերի՝ որպես վերջնական նպատակ ունենալով իրենց փոխակերպումային ստեղծագործությունների ստեղծումը։

Եվ ստեղծել են։ Ստեղծել են ստեղծագործություններ իրենց գույներով, իրենց ձևերով ու ֆիգուրատիվությամբ, իրենց ֆորմաներով ու գծերով, և այդ ստեղծագործություններն էին, որ որպես ավարտական ակտ լուսավորեցին կայարանամերձ հրապարակը, այն դարձնելով ժամանակակից արվեստի բացօթյա ցուցահանդեսային հարթակ, որպես բաց ինստալյացիոն ցուցասրահ, որտեղ մարդիկ կարողացան անմիջապես հայտնվել ինստալացիայի մեջ՝ անցնելով մետաղական ինստալացիոն ֆիգուրների միջով:

Այստեղ ամեն ինչ հիշեցնում էր Երվանդ Քոչարի մեծ արվեստը, բայց միայն հիշեցնում էր, քանի որ փոխակերպումային արվեստի իմաստն ու նպատակը սեփական մտքի, սեփական երևակայության ու սեփական հորիզոնների ուրվագծերով արվեստի ստեղծումն է՝ ոգեշնչված տվյալ պարագայում Երվանդ Քոչարի անպարագիծ արվեստով։

Հարյուրից ավելի օրեր տարբեր տարիքի երեխաներ «մնացին» ժամանակակից արվեստի տիրույթում, ստեղծագործեցին, ամբարեցին գիտելիքներ, տեղեկատվություն, յուրացրեցին մշակութային ժառանգություն։

Շատ գույներ, շատ լույս ու շատ ժպիտներ կային նաև Վարդան Մամիկոնյանի արձանի շուրջը․ այստեղ էլ իր ավարտական արվեստային ակտն էր ցուցադրում «Ռեֆլեքսիաներ ըստ Երվանդ Քոչարի» նախագիծը՝ եզրափակելով այն խմբային ֆլեշ մոբով։

Վաղ առավոտից հանճարեղ հայ նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի գլուխգործոցներից մեկի՝ Վարդան Մամիկոնյանի անկրկնելի արձանի շուրջ շատ պայծառ դպրոցականներ՝ սպիտակ շապիկներով, քոչարյան գույներով, եկել էին հաշվետու լինելու անցած չորս ամիսներին կատարած իրենց հսկայածավալ աշխատանքով։

Բոլոր անցորդները, մայրաքաղաքի հյուրերը, զբոսաշրջիկներy ուշադրությամբ նայում էին նրանց, ուսումնասիրում նրանց աշխատանքները, որոնք մաս առա մաս «ներկայացվեցին» վարպետին, «դրվեցին» նրա հայացքի ներքո, այնուհետև ներկայացվեցին ծնողներին, ուսուցիչներին, հանրությանը, թեպետ ծնողներն ու ուսուցիչները չորս ամիս շարունակ ոչ միայն հետևել էին աշխատանքներին, այլ մասնակից էին դարձել։

Մի քանի տասնյակ դպրոցականներ՝ այս անգամ լավագույնները «Ռեֆլեքսիաներ ըստ Երվանդ Քոչարի» նախագծի հարյուրից ավելի մասնակիցներից, քայլելով անցան Վարդան Մամիկոնյանի արձանի շուրջը, իջան գետնանցումներ, քայլեցին դեպի կինոյի տան դիմացի հարթակ՝ իրազեկելով մարդկանց Երվանդ Քոչար արվեստագետի ծննդյան 125-ամյակի մասին, պատմելով իրենց աշխատանքների ու իրենց ստեղծած գործերի մասին։

Այնուհետև կինոյի տան դիմացի հարթակը վերածեցին «օփըն էյր» (open air) մեծ արվեստանոց-աշխատարանի, որտեղ արվեցին վերջին շտրիխները և հավաքվեց այն փազըլը, որի դրվագները Երևանից, Աբովյանից, Աշտարակից հավաքված բազմաթիվ դպրոցականներ անցած չորս ամիսներին ստեղծել էին՝ ուսումնասիրելով Երվանդ Քոչար անհատականության արվեստը, իրականացնելով ֆրագմենտալ նկարչության բաց դասեր բաց երկնքի տակ, վարպետի տարբեր քանդակների շուրջ՝ ստեղծելու համար տարածական նկարչության իրենց ռեֆլեքսիաները։

Խմբային ֆլեշ-մոբի ավարտին կարելի էր տեսնել նրանց ստեղծագործությունները, նրանց մտքի թռիչքը, նրանց գույներն ու ստեղծած ձևերը՝ ոգեշնչված Քոչարի արվեստով, ստեղծագործություններով, Քոչարի մտածումներով արվեստի, ստեղծագործելու, ազատության ու մտքի անպարագիծ լինելու մասին։

Սա էլ «Ռեֆլեքսիաներ ըստ Երվանդ Քոչարի» նախագծի եզրափակիչ ակորդն էր, իսk այս ամենը հնարավոր դարձավ նախևառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ժամանակակից արվեստի Գյումրի Արթ Ուիք միջազգային փառատոնի, ԱրտԼաբԳյումրի կրթամշակութային հասարակական կազմակերպության, Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի, ԱԿՆ կրթամշակութային հասարակական կազմակերպության, ՀՆԱՐ արվեստի աշխատարանի, Հայաստանի կինոգործիչների և նկարիչների միությունների, արվեստագետներ Սարգիս Հովհաննիսյանի, Նարեկ Հայրապետյանի, Վահագն Ղուկասյանի, Գայանե Պապիկյանի և տասնյակ այլ նվիրյալ անձանց շնորհիվ։

Այս նախագծերն իրականացրեցին բոլոր այն խնդիրները, որ դրել էին իրենց առջև՝ աշակերտների ստեղծարար կարողությունների և հմտությունների զարգացում, Երվանդ Քոչարի ժառանգության այլընտրանքային ուսումնասիրություն, Քոչարի ստեղծագործական ժառանգության հանրայնացում, նրա ստեղծագործությունների միջոցով այլ արվեստների ծանոթացում և այլն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031