Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատի համահայկական 4-րդ ճամբար-մրցաշարը համախմբեց 19 երկրից շուրջ 130 հայ պատանիների

Հոկտեմբեր 22,2024 14:11

 Շախմատի համահայկական 4-րդ ճամբարի և մրցաշարի ամփոփումը տեղի ունեցավ կիրակի օրը, հոկտեմբերի 20-ին՝ առցանց հանդիսավոր արարողությամբ։ Ճամբար-մրցաշարն անցկացվեց առցանց սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 20-ը։ Երկշաբաթյա առցանց ճամբարը նախորդեց մրցաշարին, որի ընթացքում  կազմակերպվեցին վարպետաց դասեր, մասնակիցներն ամրապնդեցին իրենց շախմատային գիտելիքները ՀԲԸՄ ՀՎՀ-ի շախմատի առցանց դասերի շնորհիվ, լուծեցին գլուխկոտրուկներ։

Միջոցառմանը ներկա էին ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ, ՀԲԸՄ փոխնախագահ դոկտ․ Երվանդ Զորյանը, Հայաստանի Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը, 1962-1978 թվականներին կանանց աշխարհի չեմպիոն Նոնա Գապրինդաշվիլին, աշխարհահռչակ գրոսմայստերներ և հայազգի շախմատի չեմպիոններ, ինչպես նաև մրցաշարի մասնակիցները։

Շախմատի համահայկական 4-րդ ճամբար-մրցաշարը համախմբեց 8-18 տարեկան շուրջ 130 հայ պատանիների 19 երկրից։ Շախմատի մրցաշարերն անցկացվեցին 8-12 և մինչև 18 տարիքային խմբերով, շվեյցարական մրցակարգով՝ 6 խաղափուլերով: Մասնակիցները մրցեցին 3 պատվավոր տեղերի համար։

Մրցաշարի հաղթողների անունները հայտարարվեցին փակման արարողության ընթացքում․

U12 տարիքային խմբում հաղթողներն են

  • առաջին մրցանակակիր՝ Արարատ Բաղդասարյան, 11 տ․, ԱՄՆ
  • երկրորդ մրցանակակիր՝ Ալեն Խաչյան 12 տ․, Հայաստան
  • երրորդ մրցանակակիր՝ Սոֆիա Բաղրամյան 8 տ․, Հայաստան

U18 տարիքային խմբում հաղթողներն են

  • առաջին մրցանակակիր՝ Շահան Ա․ Սայեդ-Մովսիսյան, 13 տ․, Սաուդյան Արաբիա
  • երկրորդ մրցանակակիր՝ Դավիթ Գալստյան, 14 տարեկան, ԱՄՆ
  • երրորդ մրցանակակիր՝ Էլինա Սողոմոնյան, 15 տ․, Հայաստան

Մրցաշարի հաղթողները և ճամբարի ակտիվ մասնակիցները ստացան վկայականներ և մրցանակներ։

Իր բացման խոսքում դոկտ․ Երվանդ Զորյանը, ՀԲԸՄ ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ և ՀԲԸՄ փոխնախագահ, ասաց․ «Արդեն 4 տարի է, ինչ համավարակի պայմաններում մենք նախաձեռնեցինք այս մրցաշարը, որի նպատակն էր համախմբել մարդկանց և միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորություն տալ»։ Առաջին մրցաշարից հետո ՀՎՀ-ի կրթական առցանց հարթակում ստեղծվեց շախմատի համահայկական համայնք։ «Այս դինամիկ ծրագիրը միավորում է ողջ աշխարհում հայ շախմատասերներին՝ ներառելով արդեն իսկ 35 երկիր»,-հավելեց դոկտ․ Զորյանը։

Միջոցառման պատվավոր հյուր, 1962-1978 թվականներին կանանց աշխարհի չեմպիոն Նոնա Գապրինդաշվիլին նշեց․ «Շնորհավորում եմ մասնակիցներին այս ինտելեկտուալ խաղում հաղթանակի և շախմատային այս մեծ համայնքի մի մասը լինելու համար։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին նման ստացված միջոցառման համար»։

Հաջորդիվ ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Սմբատ Լպուտյանը, գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ, ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթության մեջ» հանձնաժողովի նախագահ։ «Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Հայկական վիրտուալ համալսարանին, որի ջանքերով արդեն 4-րդ տարին է իրականացվում է այս կարևոր մրցաշարը շախմատասեր երեխաների համար։ Շախմատի ակադեմիան մեծ ուրախությամբ է համագործակցում ՀՎՀ-ի հետ։ Եվ մեր համագործակցությունը միշտ շատ արդյունավետ է եղել»,- ասաց պարոն Լպուտյանը։

Մրցաշարի մասնակիցներն իրենց շնորհակալությունը հայտնեցին կազմակերպիչներին՝ նախաձեռնության համար։ Նրանք ուրախ էին, որ հնարավորություն ունեցան մասնակցել, սովորել գրոսմայստերների փորձից և ձեռք բերել նոր ընկերներ։

Փակման արարողության վերջում մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցել խաղ-վիկտորինայի՝ շահելով մրցանակներ։

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) և Հայաստանի շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ 2020թ․ մեկնարկած Շախմատի համահայկական ճամբար-մրցաշարը չորրորդ տարին անընդմեջ համախմբեց շախմատասեր հայ պատանիներին ամբողջ աշխարհից՝ նպաստելով շախմատ խաղի կրթության զարգացմանը և տարածմանը՝ ընդլայնելով աշխարհասփյուռ այս համայնքի մասնակիցների թիվը և աշխարհագրությունը։ Շախմատային համահայկական այս համայնքն ունի ավելի քան 1200 անդամ շուրջ 35 երկրից։

Դիտեք Շախմատի համահայկական 4-րդ առցանց ճամբարմրցաշարի փակման արարողության տեսագրությունն այստեղ։

Դիտեք Շախմատի համահայկական 4-րդ առցանց ճամբարմրցաշարի թրեյլերն այստեղ։

ՀԲԸՄ hայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ)2009 թվականին հիմնադրված էլեկտրոնային ուսուցման առաջատար հայագիտական հաստատություն է, որը նպաստում է հայ ինքնության պահպանմանն ու զարգացմանը նոր կրթական տեխնոլոգիաների միջոցով: ՀՎՀի մուլտիմեդիա առցանց դասընթացները, հավատարմագրված կրթական ծրագրերը, ինտերակտիվ էլեկտրոնային գրքերը և վիրտուալ միջոցառումներըբաց են բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հայկական ժառանգությամբ, ում հասանելի չեն հայկական ավանդական դեմառդեմ կրթական ծրագրերը, միաժամանակ հարստացնելով առկա ուսումնական ծրագիրը։ ՀՎՀն ստեղծել է վիրտուալ կրթական համայնք, որը խթանում է մշակութային կրթությունը և սոցիալական կապերն ամբողջ աշխարհում:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031