Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանցնեն տարիներ, մարդիկ կասեն՝ Սահյանն այդ երգի տողերը գողացել է»: Հիմա էլ սիրված երգը վերագրվում է աշուղ Շահենին

Հոկտեմբեր 22,2024 13:59

Համո Սահյանը մեր այն բանաստեղծներից է, որի սիրված գործերը դարձել են սիրված երգեր: Բնության, հայրենիքի ու սիրո թեմաներով սահյանական բանաստեղծությունները գտել են իրենց երգային տպավորիչ արտահայտությունը: Նրա տողերը հանգով, մեղեդայնությամբ, անկեղծ զրույցի ու անմիջական ապրումի փոխանցման տոնայնությամբ ներդաշնակորեն ձուլվել են մեղեդիներին: Իսկ բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 1930-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:

Հիշյալ բանաստեղծությունն այնքան է հուզել աշուղ Շահենին, որ վերջինս հիանալի մեղեդի է ստեղծել այդ տողերի համար, և տասնամյակներ առաջ՝ ժողովրդական երգի տիրամայր Օֆելյա Համբարձումյանի առաջին կատարումից հետո, այսօր էլ երիտասարդ կատարողների երգացանկում «Նաիրյան դալար բարդին» իր մշտական տեղն ունի:

Բայց չգիտես ինչու, ի սկզբանե եւ այսօր էլ այդ երգը ներկայացվում է որպես աշուղ Շահենի ստեղծագործություն: Եվ քանի որ գոնե մտավորականների շրջանում հայտնի է Համո Սահյանի և մշակութաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի բարեկամությունը, դիմեցինք նրան խնդրանքով՝ նախ անտիպ դիպվածներ, հուշեր, պատմություններ փոխանցել մեծանուն բանաստեղծի կյանքից ու ստեղծագործական գործունեությունից, հետո էլ պարզաբանել, թե ինչու սահյանական բանաստեղծություններով գրված և ժողովրդականություն վայելող երգերը, ոչ միայն «Նաիրյան դալար բարդին», նաև Ալեքսեյ Հեքիմյանի «Եվ չիմացանք թե ինչու» ու մյուսները հայտնի են միայն երաժշտության հեղինակների անուններով:

«Այո, դա ճշմարտություն է: Այդ մասին մի օր Համո Սահյանն է գանգատվել ինձ: Ասում էր, թե «Նաիրյան դալար բարդին» իր ամենասիրած բանաստեղծությունն է, որ գրել է դեռևս հայրենական պատերազմի օրերին, ռազմաճակատում: Կատակում էր, թե կանցնեն տարիներ, մարդիկ կասեն՝ Սահյանն այդ երգի տողերը գողացել է գուսան Շահենից:

Պետք է ասեմ, որ միանգամայն իրավացի էր Սահյանը: Ես աշխատեցի մեղմել նրա մտավախությունը, ասելով, որ Շահենը շատ է սիրում բանաստեղծի քնարերգությունը և ոչ մի դիտավորություն չկա դրա մեջ: Խոսքս դուր եկավ Սահյանին: Նա էլ հայտնեց, որ ինքը բարձր է գնահատում Շահենի արվեստը, նրա մեղեդիները անկրկնելի են ու անզուգական: Շարունակելով միտքն՝ ասաց, թե Շահենը մեծատառով գուսան է ու չափազանց զարգացած մտավորական, ով Սերո Խանզադյանի պես խորքային գիտի մեր երկրի պատմությունը, ծանոթ է մեր հող ու ջրին, ծառ ու թփին… Խնդրեց կազմակերպել Շահենի հանդիպումն իր հետ…

Ես, իհարկե, վարպետի խոսքերը նույնությամբ փոխանցեցի Շահենին: Երգի պահով էլ մտածեցի` ախր աշուղի մեղքն այստեղ չկա, ու անմիջապես գնացի ռադիոտուն, երաժշտական հաղորդումների խմբագիր Անդրանիկ Չալգուշյանի մոտ: Ներկայացրի խնդիրը: Նա ասաց, որ նախապես ինձ տեղյակ կպահի, թե երբ է հնչելու երգը, որ ես էլ իմ հերթին տեղյակ պահեմ Սահյանին: Կարճ ասած, շուտ եկավ այդ օրը, ես էլ Սահյանի տանն էի, բարձրացրի ռադիոյի ձայնը ու վերջապես հաղորդավարը ճիշտ ներկայացրեց ստեղծագործությունը` խոսք Համո Սահյանի, երաժշտությունը գուսան Շահենի «Նաիրյան դալար բարդի» կատարում է Օֆելյա Համբարձումյանը: Երգի ավարտից հետո վարպետը դիմելով ինձ ասաց` միայն դու կարող էիր տարիներ ձգձգված այս հարցին արագ լուծում գտնել և ի նշան գոհունակության բաժակ բարձրացրեց մեր բարեկամության», -պատմեց պարոն Առաքելյանը:

Մեր զրուցակիցը «Նաիրյան դալար բարդի» երգի հետ կապված մի պատմություն ևս մտաբերեց: «Մի անգամ Ավետիք Իսահակյանը Գրողների միությունում կայացած միջոցառման ժամանակ Սահյանի առաջին կնոջն ասել է` բանաստեղծները երեք տեսակ են լինում` տիեզերական. դա ես եմ. «Դար է եկել Արարատի սեգ կատարին ու անցել»: Համամարդկային, Վահան Տերյանն է. «Ասում եմ ես` մնաք բարով»: Ազգային…»: Իսահակյանը բազմանշանակ լռել է: «Ազգայինը ով է բա, վարպետ», – հարցնում է Սահյանի կինը: «Ազգայինն էլ քո ամուսինն է. «Նաիրյան դալար բարդի»:

Զրույցի ընթացքում Սերգեյ Առաքելյանը հազիվ լսելի ձայնով հույս հայտնեց, թե մինչև ընթացիկ տարվա ավարտը, մեծանուն բանաստեղծի ծննդյան հոբելյանական, ծննդյան 110-ամյակի առիթով գուցե «կառավարական մեծ միջոցառում» լինի… Հետո էլ արդեն լսելի հնչեցրեց Հրանտ Մաթևոսյանի խոսքը. «Համո Սահյանը ճիշտ մարդ էր, իր կռվի ժամին կռվեց, խաղի ժամին խաղաց ու խայտաց, խոստովանանքի իր պահը` որ դիմագիծ է պարգևում ճշմարիտ գրականությանը` բավական երկարատև էր, և հեռանալու ժամին հեռացավ …»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031