ԲՐՅՈՒՍԵԼ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանի առաջիկա լիագումար նիստում քննարկվելու և քվեարկվելու է բանաձև Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների, միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ այդ երկրի հարաբերությունների վերաբերյալ։
«Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդարանի կիպրացի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը։
Եվրախորհրդարանի պատգամավորը հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, այդ համատեքստում Ադրբեջանի ապակառուցողական և ագրեսիվ պահվածքին, ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հասցեին Բաքվից հնչող կեղծ մեղադրանքներին և այլ թեմաների։
-Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտում, ռազմական ագրեսիա, պատերազմական հանցագործություններ։ Թվում է, թե Ադրբեջանն ամեն ինչ մարսել է և այսօր հենց ինքն է համարձակվում քննադատել ԵՄ-ին, վերջինիս օժանդակությունը Հայաստանին։ ԵՄ-ն լսում է այդ քննադատությունները, երբեմն նույնիսկ սպառնալիքները ու ի պատասխան նշում է, որ պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Ինչպիսի՞ աջակցություն եք Դուք պատկերացնում, որն իսկապես շոշափելի արդյունք կտա։
Կարդացեք նաև
-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին արդյունավետ կերպով աջակցելու համար ԵՄ-ն պետք է առավել լուրջ քննադատության ենթարկի Ադրբեջանին՝ էթնիկ զտումների և Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի համար։ Իրադարձությունները, որոնք Ալիևի վարչակարգի կողմից հստակ մշակված ռազմավարությամբ իրականացվեցին Լեռնային Ղարաբաղում, նպատակաուղղված էին էթնիկ հայ բնակչության տեղահանմանը։ Դա հանցագործություն է մարդկության դեմ և արտահայտում է ներկայիս մոտեցումների ձախողումը։ Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, ԵՄ-ն ոչ միայն միջնորդությամբ պիտի արձագանքի, այլ նաև պետք է հանդես գա Հայաստանի ինքնիշխանության լիարժեք հարգանքի պահանջով, նաև միաժամանակ պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին, եթե այն չդադարեցնի ագրեսիվ գործունեությունը։
Հայերի էթնիկ զտումները դատապարտող Եվրախորհրդարանի բանաձևը ճիշտ ուղղությամբ արված քայլ է, սակայն ավելին է պահանջվում։ ԵՄ-ի կիրառած պատժամիջոցները, որոնք ուղղված են ընդդեմ Պուտինի, չպետք է նպաստեն Ալիևի՝ որպես մեկ այլ հանցագործի գործունեության ծավալմանը։ ԵՄ-ն պետք է վերագնահատի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ մասնավորապես հաշվի առնելով մարդու իրավունքների շարունակական խախտումները: Այն կարող է ներառել առևտրային համաձայնագրերի կամ գործընկերության վերանայումը, հատկապես Ադրբեջանի համար կարևոր նշանակություն ունեցող էներգետիկ համագործակցությունը։ Եթե ԵՄ-ն իրականում արժևորում է մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, ապա պիտի կարողանա ապացուցել, որ կարճաժամկետ տնտեսական շահերը չեն կարող գերազանցել սկզբունքային մոտեցումներին։
Ակտիվների սառեցման, ճամփորդությունների սահմանափակման և որոշ տնտեսական համաձայնագրերի կասեցմանն ուղղված պատժամիջոցների սահմանումն Ադրբեջանի դեմ հստակ ուղերձ կլինի, որ Եվրոպան չի հանդուրժում նման գործողություններ: Ավելին, ԵՄ-ն Հայաստանին տնտեսապես աջակցելով և երկրի համար անվտանգության երաշխիքներ ապահովելով, կարող է տարածաշրջանում հավասարակշռել ուժային դինամիկան և իրականում նպաստել խաղաղության շուրջ երկխոսությանը:
-Հայաստանը վերջին շրջանում պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է հենց հիմա ստորագրել խաղաղության պայմանագիրը, իսկ Ադրբեջանը դրան զուգահեռ նորանոր պահանջներ է ներկայացնում խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Արդյոք սա չի՞ վկայում այն մասին, որ այդ երկիրը չի ցանկանում խաղաղության հասնել, ու ի՞նչ անելիք ունի ԵՄ-֊ն Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու առումով։
-Ես անմիջական փորձ ունեմ, թե ինչ է նշանակում բռնությամբ արմատախիլ լինել սեփական հայրենիքից: Ես հասկանում եմ նաև այն մարտահրավերները, որոնց բախվում են այն ժողովուրդները, որոնք հանդուրժում և ընդունում են նահանջի դիրքորոշում, ինչն ակնհայտ է Կիպրոսի և Հունաստանի դեպքում՝ Թուրքիայի հետ կապված:
Ճիշտ այնպես, ինչպես մենք Կիպրոսում և Հունաստանում մշտապես բախվում ենք Էրդողանի նեո-օսմանյան ռեժիմի աճող պահանջներին և անօրինական խախտումներին, նույն կերպ Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ ներկայացնել։ Ինչպես արդեն նշել եմ, նպատակային պատժամիջոցներն են, որ իրականում անհրաժեշտ է կիրառել թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի նկատմամբ՝ նրանց կառուցողական հարթություն բերելու համար։ Սա է այն նպատակը, որի համար մենք պետք է ձգտենք և աշխատենք։
Նման պատժամիջոցներով ոչ միայն կպատժվի վարչակարգն իր գործողությունների համար, այլ նաև կկանխվեն հետագա սրացումները, որով և պարզ կլինի, որ Եվրոպան հանձնառու է միջազգային իրավունքի արժեքներին՝ խաղաղությանը, այլ ոչ թե ագրեսիային։ Սակայն խաղաղության համար երկու կողմերի համաձայնությունն է պետք, և այստեղ էլ ակնհայտ է դառնում, թե որ կողմը խաղաղության նպատակ չունի։
-Ադրբեջանը Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելությունը որպես անօրինական և խաղաղության գործընթացին վնաս հասցնող գործոն է որակում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական ռեժիմի նման հայտարարությունները։
-Ես բազմիցս քննադատել եմ Ադրբեջանի կառավարությանը վերջին մի քանի տարիների ընթացքում իր ագրեսիվ և երբեմն հանցավոր գործողությունների համար, և ԵՄ-ի առաքելության օրինականության մասին նման հայտարարությունները մեկնաբանում եմ որպես տարածաշրջանում նրանց կողմից առավել լայն աշխարհաքաղաքական հավակնությունների արտացոլում։ Ավելի կոնկրետ՝ նման հայտարարություններով, որոնք չեն համապատասխանում իրենց շահերին, նրանք փորձում են ապալեգիտիմացնել և խաթարել միջազգային ջանքերը։ Սակայն ԵՄ-ն ձգտում է նպաստել տարածաշրջանի դեէսկալացիային, կայունությանը, խաղաղությանը և օրենքի գերակայությանը: Ավելին, նման հայտարարությունները կարող են ամրապնդել ներքին նարատիվներն Ադրբեջանի ներքին գործերին արտաքին միջամտության վերաբերյալ, կարող են ամրապնդել Ադրբեջանի՝ զոհ լինելու քարոզչությունը և այդպիսով նպաստել այդ երկրում ազգայնական տրամադրությունների ձևավորմանը։
Չնայած Ադրբեջանի պնդումներին՝ Հայաստանում ԵՄ-ի առաքելությունը միանգամայն լեգիտիմ է, քանի որ այն գործում է Հայաստանի կառավարության համաձայնությամբ՝ միջազգային նորմերին և օրենքներին համապատասխան։
Ավելին, չնայած ներկայիս միջազգային դժվարություններին՝ ԵՄ-ի համար շատ կարևոր է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության սկզբունքներին, այլապես այն կկորցնի իր արժեքները, ինչն էլ ցավալի հարված կհասցնի ԵՄ-ի հանդեպ վստահությանը համաշխարհային ասպարեզում:
-Մեկ ամիս հետո Բաքուն կհյուրընկալի COP29-ը, որին ընդառաջ բազմաթիվ միջազգային, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպություններ ահազանգում են երկրում առկա բնապահպանական, օրենքի գերակայության, մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրների մասին։ Ադրբեջանն այս մտահոգությունները որակում է որպես սև քարոզչություն հայկական լոբբիի կողմից։ Որքանո՞վ են ԵԽ-ում ականջալուր այս հարցերին։
-Եվրոպական խորհրդարանը լրջորեն է արձագանքում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից բարձրացված մտահոգություններին։ Թեև հնարավոր է, որ խորհրդարանը ուշ է պատասխանում, և թեև խորհրդարանի տարբեր քաղաքական խմբերի միջև միշտ կան տարաձայնություններ Ադրբեջանին վերաբերող քննարկումների շուրջ, ամեն դեպքում, շրջակա միջավայրի դեգրադացիայի, օրենքի գերակայության բացակայության և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ կարևորագույն հարցերը Եվրախորհրդարանը հետևողականորեն վերահսկում և լուծումներ է առաջարկում իր տարբեր հանձնաժողովների և բանաձևերի միջոցով:
Փաստացի 2021 թվականից ի վեր Եվրախորհրդարանն ութ բանաձև է ընդունել ընդդեմ Ադրբեջանի։ Իսկ վերջերս ադրբեջանցի այլախոհ և ներկայում քաղբանտարկյալ Գուբադ Իբադօղլուն առաջադրվել է Սախարովի անվան մրցանակի՝ կոռուպցիայի դեմ պայքարում իր գործունեության համար: Ես՝ ի թիվս այլ համախոհ գործընկերների, հնարավորության դեպքում բարձրաձայնում եմ վերոհիշյալ խնդիրները խմբային հանդիպումների ընթացքում, ինչպես նաև գրավոր հարցերի և հայտարարությունների տեսքով՝ լիագումար նիստերի և հանձնաժողովի նիստերի ժամանակ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հնչող մեղադրանքներին հայկական լոբբիի հասցեին, դա ցինիկ փորձ է օրինական քննադատություններից ուշադրությունը շեղելու և բոլոր նրանց վստահությունը խաթարելու համար, որոնք բարձրացնում են այդ խնդիրները։
Խորհրդարանը միշտ ապահովում է երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ համապարփակ ընկալում՝ իրականացնելով իր սեփական հետազոտությունները, ինչպես նաև հաշվի առնելով իր փոխգործակցությունը շահագրգիռ կողմերի հետ, ինչպիսիք են քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, իրավապաշտպանները և տարբեր միջազգային կառույցներ:
Վերոնշյալ բոլոր զարգացումների լույսի ներքո Եվրախորհրդարանն այս շաբաթ Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում կքննարկի և կքվեարկի «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների մասին» բանաձևը։
Լիլիթ Գասպարյան