«Չեմ ուզում անդրադառնալ ձեր «պայծառ» մտքերին եւ այն ցինիզմին, որ հնչում էր Ազգային Ժողովի ամբիոնից, չեմ ուզում բնութագրումներ տալ, որակումներ անել, այլ վերստին վերադառնալու եմ այն խոսքին, ինչ հնչեցրել եմ գրեթե մեկ շաբաթ առաջ ԱԺ ամբիոնից՝ խորհրդարանական լսումների ժամանակ:
Այս ընթացակարգով եւ այս քննարկումով հիմք դրվեց կամ վերահաստատվեց այն հակապետական կամ հակազգային ընթացքը, ինչի մասին զգուշացրել ու հորդորել ենք, եւ որի պատճառով նաեւ դուրս ենք եկել հրապարակ պայքարի՝ դեռեւս մայիս ամսից»,- այսօր ուղիղ եթերում ասաց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման կանոնակարգին :
«Ադրբեջանի պահանջով, ստիպմամբ, պարտադրանքով հանձնվել են տարածքները Հայաստանի Հանրապետությունից, ի մասնավորի՝ Տավուշի շրջանից: Եվ որեւէ հիմք չունենալով դրանց համար եւ աշխատանքային կանոնակարգ կոչվածի՝ այսօրվա ընթացքը հենց վկայում է դրա մասին, որ Տավուշում տեղի ունեցածը հանցագործություն էր՝ հակապետական, հակասահմանադրական, նաեւ հակազգային, ընդդեմ բոլոր տեսակի տրամաբանությունների:
Ընթացակարգը հետեւյալն է՝ հանձնվել են հողեր, տարածքներ մեր հայրենիքից, ապա նոր դրանց վերաբերյալ աշխատանքային կանոնակարգ է մշակվել: Ոչ թե մշակվել է աշխատանքային կանոնակարգ, եւ տեղի է ունեցել գործընթացը, այլ հակառակը: Երկրորդ պարագան հետեւյալն է. մինչեւ բոլոր փաստաթղթերը ստորագրվել են մեկ անձի կողմից, ու որեւէ կերպով նմանատիպ ընթացակարգ չի անցել՝ ներառյալ 2020թ նոյեմբերի 9-ի արհավիրքից հետո մինչեւ այսօր:
Կարդացեք նաև
Բոլոր փաստաթղթերը, պայմանագրերը, ինչ անունով ուզում եք կոչել, եղել են մեկ մարդու ստորագրությամբ: Եվ այսօր հիմք է դրվում հավաքական մեղավորության: Այս աշխատանքային կանոնակարգը, որն իր բնույթով անօրինական է, անցել է ՍԴ-ով, անցնում է ԱԺ-ով, եւ այսպիսի ընթացակարգով վավերացնելով այն, մեղքի չափաբաժինը տեղափոխվում է բոլորի վրա՝ ՍԴ դատավորների, ԱԺ ՔՊ խմբակցության՝ անուղղակի կերպով տեղափոխելով դա այն մարդկանց վրա, որոնք քվեարկել են այս կուսակցության օգտին»,-ընդգծեց Բագրատ սրբազանը:
Սրբազան հայրը Մհեր Գրիգորյանին էլ անդրադարձավ. «Մհեր Գրիգորյանը, որը այս ամբողջ ընթացքի մեղավորության բեռը վերցրել է իր վրա, իր խոսքում էլ վկայում է, որ հաջորդական լինելու են անկլավները, էքսկլավները եւ այլն… Տավուշում տեղի ունեցածի ժամանակ ուղղակի գործնական գետնի վրա իրենք խոսում էին, որ առաջին հերթին փոխանակում է տեղի ունենալու ոչ բնակելի տարածքներում… Տեղի ունեցե՞լ է փոխանակում, հիմա ես դիմում եմ Բերքաբերի ժողովրդին՝ տեղի ունեցե՞լ է փոխանակում, ձեզ 900 հա խոստացված հողատարածքները տրվե՞լ են, վերադարձվե՞լ են ըստ այն ընթացքի, որով տեղի ունեցավ Կիրանցի հատվածի եւ Ոսկեպարի հատվածի հանձնումը… Իհարկե, Բերքաբերի հատվածում փոխանակում տեղի չունեցավ ոչ բնակելի տարածքների: Եվ Մհեր Գրիգորյանն ամբիոնից ստեց, խաբեց՝ ասելով, որ Բերքաբերում դա տեղի է ունեցել»:
Մանրամասն տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ