Ցե-կվադրատ Ամպեգան ուրախ է հայտարարել, որ իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում հայտարարված կրթաթոշակի շրջանակներում առաջին 14 աշակերտները, ովքեր հաղթահարել են ավագ դպրոցի ընդունելության քննությունները սկսել են ուսուցանել Հայաստանի լավագույն ավագ դպրոցներում։ Այս տարվա շահառու աշակերտները ընդունվել են UWC Դիլիջան քոլեջ, Հայաստանի բրիտանական միջազգային դպրոց, Այբ դպրոց և ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց։
Ծրագիրը շարունակվում է և հասանելի է Արցախից տեղահանված երեխաների համար, որոնք 2025 թվականին կընդունվեն Հայաստանում միջազգային A-դասի կամ համարժեք ավագ դպրոց։
Նախաձեռնության իրագործման գործընկերն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որն աջակցում է ծրագրի ընթացիկ իրագործմանը։ Կրթաթոշակների տրամադրումն իրականացվել է յուրաքանչյուր աշակերտի համար դպրոցներից ստացված դիմումների հիման վրա: Դիմորդների վերջնական հաստատումն իրականացվել է համատեղ:
«Կրթաթոշակի ծրագիրը արտացոլում է մեր հանձնառությունը Հայաստանում կայուն և երկարաժամկետ ներուժի զարգացմանը՝ այդ թվում ներդրումներ կատարելով տաղանդավոր երեխաների կրթության մեջ: Ուրախ ենք, որ կրթաթոշակի այս ծրագրի շնորհիվ Արցախից տեղահանված 14 աշակերտ արդեն սկսեցին ուսումը Հայաստանի լավագույն ավագ դպրոցներում։ Ծրագիրը շարունակում է գործել և մենք հույս ունենք, որ կունենանք նոր շահառուներ, ուստի այս տեղեկությունը պետք է մաքսիմալ տարածում գտնի Արցախից տեղահանված մեր հայրենակիցների շրջանում։ Մենք հավատում ենք, որ որակյալ կրթության հասանելիությունն ապահովելով, մենք նպաստում ենք հասարակության կայուն զարգացմանը։»,- ասաց Ցե-Կվադրատ Ամպեգայի գլխավոր ֆինանսական և գործառնական տնօրեն Իզաբելա Ադիլխանյանը։
Կարդացեք նաև
«Կրթությունն ու կրթական ծրագրերը ՀԲԸՄ-ի ինքնության ողնաշարն են: Նույնիսկ Հայոց ցեղասպանությունից հետո ՀԲԸՄ-ն ստանձնեց կրթության շարունակականության ապահովման և տաղանդավոր երիտասարդների ինքնաիրացման պատասխանատվությունը: Այսօր, երբ Արցախի բռնի տեղահանությունից հետո կանգնած ենք հումանիտար և սոցիալ-տնտեսական ծանր խնդիրների առաջ, կրկնակի զգոնությամբ պետք է գտնել և աջակցել տաղանդավոր երեխաներին:
Հասկանալի է, որ կրթությունն ու մշակույթը առաջինն են տուժում թնդանոթների աղմուկից: Այս ծրագիրը լայնածավալ աջակցության համար չէ, այլ ուղղված է բացառիկ օժտված երեխաներին, որոնք ունակ են ստանալու միջազգային մրցունակ կրթություն: Պետք է անել ամեն հնարավորն այն ապահովելու համար, որպեսզի երիտասարդների հավակնությունը չմարի»,- ասաց ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ ծրագիրը ենթադրում է կրթաթոշակներ Արցախից տեղահանված երեխաների համար, որոնք կընդունվեն Հայաստանում միջազգային A-դասի կամ համարժեք ավագ դպրոց։ Այս նախաձեռնությամբ անդրադարձ է կատարվել մի ոլորտի, որը ներկայումս չի գտնվում ֆինանսական օգնության այլ ծրագրերի թիրախում:
Կրթաթոշակի համար հատկացված ընդհանուր գումարը կազմում է 100 մլն ՀՀ դրամ։ Յուրաքանչյուր աշակերտին հասանելի է մինչև 5 միլիոն ՀՀ դրամ երկամյա կամ եռամյա կրթության համար, որը չպետք է գերազանցի համախառն ուսման վարձի 70%-ը: Կրթաթոշակ ստանալու համար աշակերտը պետք է հաղթահարած լինի ընդունելության քննությունները և ընդունված լինի հաստատված ավագ դպրոցի ծրագիր: Ծրագրին պայմանների համապատասխանող դպրոցներն ու ծրագրերն են.
– Քվանտ քոլեջի IB դիպլոմային ծրագիր
– UWC Դիլիջան քոլեջի IB դիպլոմային ծրագիր
– Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցի A-level ծրագիր
– Շիրակացու ճեմարանի IB դիպլոմային ծրագիր
– Այբ դպրոցի Արարատյան բակալավրիատ
– ԵՊՀ ՍԹԵՄ հեղինակային ծրագիր
Մասնակից դպրոցներից ակնկալվում է ուսման վարձի առնվազն 30% զեղչ կամ ուսման վարձի և տրամադրված կրթաթոշակի տարբերության համալրում դպրոցին հասանելի այլ դոնորային միջոցների հաշվին: Ծրագրին կարող են միանալ նաև այլ դպրոցներ, որոնք համապատասխանում են ներկայացված պահանջներին։
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերության մասին.
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն է, որի նպատակը Հայաստանում միջազգային լավագույն փորձին համահունչ ակտիվների կառավարման բարձրակարգ ծառայությունների մատուցումն է։ Ընկերությունը կառավարում է 500 միլիարդ ՀՀ դրամ արժողությամբ կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի ակտիվներ շուրջ 390 հազար մասնակիցների համար։
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին և հանդիսանում է ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (C-QUADRAT Investment AG) և գերմանական «Ամպեգա ասեթ մենեջմենթ» (Ampega Asset Management GmbH)` «Տալանքս ԱԳ գրուփի» (Talanx AG Group) անդամ ընկերության համատեղ ձեռնարկություն։
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպությունն է, որն իր կրթական, մշակութային, մարդասիրական ու սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը: Այսօր ՀԲԸՄ-ն գործունեություն է ծավալում աշխարհի 40 երկրների ավելի քան 70 քաղաքներում: Յուրաքանչյուր տարի ՀԲԸՄ-ն նպաստում է Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող շուրջ 500,000 հայերի կյանքի որակի բարելավմանը: 1906 թվականից ի վեր՝ ՀԲԸՄ-ն հավատարիմ է իր՝ համայն հայության բարգավաճմանն ու բարօրությանն ուղղված աքելությանը:
ՀԲԸՄ-ի և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել www.agbu.org կայքէջում: ՀԲԸՄ Հայաստանի մասին հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք www.agbu.am կայքէջ: