Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում ՀՀ պատվիրակ Լեոյի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են

Հոկտեմբեր 22,2024 12:28

Հայաստանի պատվիրակ Լեոյի «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։

«Cosmic Friend» երգում մեր պատվիրակը պատմում է իր և այլմոլորակայինի արտասովոր ընկերության մասին: Լեոն խոսում է երաժշտության լեզվով, որը հասկանում են թե՛ մեր մոլորակում, թե՛ ողջ տիեզերքում: Երաժշտությունը չունի սահմաններ, և Լեոն տիեզերքի բոլոր բնակիչներին միավորում է իր երգի շուրջ՝ պարելու, ուրախանալու և մասին լավ ժամանակ անցկացնելու։ Մնում է մի հարց. ո՞վ է նրա այլմոլորակային ընկերը: Հաջորդ կայարանը՝ Մադրիդ. գուցե թռչող ափսեո՞վ:

Լեոն մեծացել է երգիչների ընտանիքում, և երաժշտությունը միշտ ուղեկցել է մեր պատվիրակին: «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելը նրա մեծ երազանքն է եղել, իսկ Լեոն հավատում է երազանքների իրականացմանը: Մեր պատվիրակը սիրում է ստեղծագործել. նույնիսկ պատմվածքներ է գրում։

«Շատ ուրախ եմ երգի պրեմիերայի կապակցությամբ։ Այն իմ այլմոլորակային ընկերոջ մասին է: Տեսահոլովակի նկարահանումներն ուրախ են անցել. կարծես դա իմ երազանքների նկարահանումը լիներ: Սա իմ առաջին տեսահոլովակն է, և արդյունքն ինձ շատ է դուր գալիս: Անհամբեր սպասում եմ ձեր արձագանքներին», – ասում է Լեոն։

«Cosmic Friend» երգի երաժշտության հեղինակը tokionine-ն է (Դավիթ Բադալյան), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը և Մալենան: Երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, իսկ հագուստների հեղինակը` Արմեն Գալյանը:

Տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանը նշում է. «Լեոյին ճանաչում եմ ծնված օրվանից և առիթ եմ ունեցել նրա հետ աշխատելու տարբեր նախագծերում: Հատկանշական է, որ Լեոյի առաջին բեմելը եղել է Dolby թատրոնում, երբ նա դեռ 3 տարեկան էր, և այդ համերգի ռեժիսորը, հետևաբար նաև Լեոյի կյանքում առաջին ռեժիսորը ես եմ եղել: Լեոն խարիզմատիկ արտիստ է, որի հետ շատ զգույշ եմ աշխատում, որպեսզի չկորցնենք նրա բնատուր խարիզման, և հանդիսատեսին ճանաչելի լինի Լեոյի իրական տեսակը: Երգի թեմատիկային համապատասխան՝ տեսահոլովակը հագեցած է բազմերանգ տեսարաններով, պարային և դինամիկ շեշտադրումներով։ Օգտագործել ենք ֆուտուրիստական դեկոր, որը մեզ մտովի կտանի տիեզերք: Մի խոսքով, տեսահոլովակում Լեոն երգում է միջմոլորակային տարածության մեջ։ Երգն ու տեսահոլովակն ունեն հաղթական էներգիա, որն ուղղել ենք տիեզերք, որպեսզի այն Լեոյի՝ յուրահատուկ բեմադրությամբ ուղեկցվող ելույթի ժամանակ հետ վերադառնա Մադրիդի բեմ»։

«Մանկական Եվրատեսիլում Հայաստանից ակնկալիքները շատ մեծ են, քանի որ մի քանի տարի շարունակ մենք լավագույն եռյակում ենք եղել,- ասում է Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը։- Այս տարի ևս մենք մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվել մեր մասնակցությանը և ներկայանալու ենք հերթական հիթային երգով: Երգը կրկին վստահել ենք Դավիթ Բադալյանին, որը Մալենայի հաղթական երգի հեղինակն է, իսկ խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը և Մալենան: Հույս ունենք, որ “Cosmic Friend” երգը, Արթուր Մանուկյանի նկարահանած տեսահոլովակը և Լեոյին երկրպագուները կսիրեն այնպես, ինչպես մենք ենք սիրել։
Ներկայումս մեր պատվիրակությունը նախապատրաստական աշխատանքների ակտիվ փուլում է։ Շուտով ուղևորվելու ենք Մադրիդ՝ մեր առաջին փորձին»:

Իսկ դուք պատրա՞ստ եք տիեզերական ճանապարհորդության՝ Լեոյի հետ:

«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրով:

Առաջին ալիք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031