Բաց նամակ՝
ՀՀ Պետական մարմիններին, հասարակության բոլոր խավերին եւ մասնավորապես իրավաբանների համայնքին
Սիրելի հայրենակիցներ, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1930 թվականին, երբ երկրում տիրում էր համատարած թշվառություն: Նախաձեռնության մասնակիցներն Ամերկոմի որբանոցի նախկին սաներն էին, ովքեր տեսողությունից հաշմանդամ էին, վաղ մանկությունից ապրել էին հայ ժողովրդին պատուհասած արհավիրքների սարսափները եւ որբության բերած անվերջանալի դժվարություններն ու դառնությունները: Այդ իրողությունը ձեռնարկված գոյապայքարի ակնհայտ դրսեւորում էր, կյանքի թելադրանքով պայմանավորված, խորապես գիտակցված եւ հիմնավորված քայլ, որն ուղղված էր նույն բախտով ապրող եւ հասարակական միջավայրից մեկուսացված հազարավոր հաշմանդամների շահերի եւ իրավունքների պաշտպանության, նրանց գոյավիճակի վերափոխման եւ հասարակություն ներառելու նպատակին: Ձեռքի տակ չունենալով անհրաժեշտ նյութական միջոցներ, այդ նվիրյալներն առաջադրված խնդրի լուծմանը հասել են մեծագույն զրկանքների գնով, աներեւակայելի ջանք ու եռանդի ներդրման եւ նպատակասլաց գործողությունների, ինչպես նաեւ հանրապետության Սահմանադրության եւ գործող իրավական մյուս ակտերի ընձեռած նպաստավոր պայմանների շնորհիվ:
Միջոցների խնայողության անհրաժեշտությունից ելնելով, սկզբնական փուլում նրանք ոչ միայն զբաղվել են կազմակերպչական խնդիրներով, այլեւ անձամբ մասնակցել են արտադրական գործընթացներին եւ պատրաստի արտադրանքի վաճառքին, արդյունաբերական ձեռնարկություններում հաճախ կազմակերպել հանգանակություններ: Սակայն միավորման զարգացման եւ նյութական ամրապնդման ճանապարհին իրականացված ամենավճառական միջոցառումը եղել է այն, որ 1931թ. Երեւանում, այնուհետեւ մի շարք այլ բնակավայրերում, ստեղծվել են արտադրական արհեստանոցներ, որոնք գործել են մասնավոր անձանցից գնված կամ վարձակալված խարխուլ շինություններում եւ բավական ժամանակ աշխատել են գործարաններից, ֆաբրիկաներից եւ տպարաններից ձեռք բերված օգտագործելի արտադրական թափոններով: Լրացուցիչ եկամուտ ստանալու նպատակով կազմակերպվել են առեւտրի կետեր, ճաշարաններ, նույնիսկ գյուղմթերքների արտադրություն:
Ստեղծված նյութական արժեքները, այդ թվում՝ ֆինանսական ազատ միջոցները, բացառապես նպատակաուղղվել են կանոնադրական խնդիրների լուծմանը: Հանրապետության տարբեր քաղաքներում եւ շրջկենտրոններում, այդ թվում նաեւ Էջմիածնում միավորման սեփական միջոցներով կառուցվել են բազմաթիվ բնակելի շենքեր, արտադրական համալիրներ, կրթամշակութային եւ կենցաղային սպասարկման, առողջապահական եւ հանգստի կազմակերպման օբյեկտներ: Տասնամյակներ շարունակ միավորման Էջմիածնի ՍՊ-ընկերությունում աշխատել է շուրջ 350 մարդ եւ ապահովվել անհրաժեշտ կենսապայմաններով:
Ցավոք, այսօր հանրապետության ղեկավար մարմիններում քննարկվում է հաշմանդամների կողմից ստեղծված անշարժ գույքի սեփականության իրավունքից կույրերի միավորմանը զրկելու հարց, որը հակասում է երկրի Սահմանադրությանը, պետության շահերին եւ հեղինակությանը, չի տեղավորվում հասարակության կողմից ընդունված բարոյական նորմերի եւ ողջախոհության շրջանակում: Դրա գիտակցումը կոլեկտիվում բորբոքել է լարվածություն, բողոքի եւ սպասողական անհանգիստ տրամադրություն:
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Կույրերի Միավորման Էջմիածնի ՍՊ-ընկերության տնօրինությունը եւ կույրերի սկզբնական կազմակերպությունների վարչությունը խնդրում եւ հորդորում են Ձեզ, որ անտարբեր չմնաք, այլ արդարացի եւ գործնական վերաբերմունքով կանխեք կամայականությանը:
Հայաստանի կույրերի միավորման «Էջմիածնի ՈՒԱՁ» ՍՊԸ տնօրեն՝ Հ. Սարգսյան
Կույրերի սկզբնական կազմակերպությունների վարչության նախագահ՝ Ռ. Գեւորգյան