Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը։
ՔՊ-ական պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձան նաեւ ընդդիմության որոշմանը։
«Ես կարծում եմ՝ ընդդիմության չմասնակցելու գլխավոր պատճառներից մեկն էլ երեկվա հանձնաժողովի նիստն էր, առավել որովհետեւ այն բոլոր հարցերը, որոնք հնչեցին, նաեւ մեղադրանքները, դրանք բոլորը սպառիչ պատասխաններ ստացան։ Եվ այսօր ընդդիմությունն ասելիք չունի։ Բայց նաեւ ես կարծում եմ, որ սա ընդդիմության հերթական փախուստն է պատասխանատվությունից, որովհետեւ ընդդիմությունը փախնում է կարեւոր որոշումներ կայացնելու պատասխանատվությունից՝ թեկուզ դեմ քվեարկելով»,- ասաց Խանդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց․ «Ես ուզում եմ հիասթափեցնել մեր ընդդիմադիր գործընկերներին՝ եթե գործընթացը ոչ իրավաչափ է, ամենասկզբից եւ շատ հստակ պետք է բացառես որեւէ մասնակցություն այդ գործընթացին։ Երեկ հանձնաժողովի նիստին առավել ակտիվ մասնակցություն են ունեցել մեր ընդդիմադիր գործընկերները, քվեարկել են, դրանից հետո այստեղ եկել են քննարկման, քվեարկել են։ Իսկ քվեարկությունը մասնակցություն է, եթե գործընթացն ի սկզբանե ոչ իրավաչափ է եղել, չմասնակցեիք։ Որեւիցե դատական ատյանում որեւիցե հայց չի ներկայացվել՝ գործընթացը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ, որեւիցե հաղորդում հանցագործության վերաբերյալ չի ներկայացվել։ Հետեւաբար, այն, ինչ այստեղ խոսվում է ոչ իրավաչափության վերաբերյալ, պարզապես քաղաքական մանիպուլյացիա է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ». Իրականում «Հայաքվեն» ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին: Մանրամասները՝ այստեղ: