Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին շրջանում Ադրբեջանի հետ համաձայնություններում մենք խոչընդոտի չենք հանդիպել»․ Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 22,2024 12:16

Հայաստանը պառլամենտական երկիր է, Ադրբեջանը՝ նախագահական, բայց փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այն ժամանակ, երբ երկու կողմերն էլ փոխանակվում են միմյանց հետ վերջնական փաստաթղթով, որ գործընթացն ավարտվել է․ այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցերին, որ Հայաստանը շտապողականություն է դրսեւորում Ադրբեջանի հետ սահմանազատման-սահմանագծման կանոնակարգը հաստատելու հարցում։

«Մինչեւ Ադրբեջանը չի ավարտում գործընթացը, մեր արած գործընթացը որեւէ իրավական ուժ չի ստանում»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ համաձայնեցված փաստաթղթով սկզբունքներ են սահմանվել, որով որ ադրբեջանական ԶՈՒ-ն էլ պիտի դուրս գա ՀՀ-ի այն տարածքներից, որոնք զբաղեցրել է, հայկականն էլ։

«Վերջիվերջո մենք բոլոր կետերը համաձայնեցրել ենք, այնպես չէ, որ մենք նստեցինք, որոշեցինք ինչ-որ փաստաթուղթ վավերացնենք, տեսնենք Սահմանադրությանը համապատասխանո՞ւմ է, թե՝ չէ և բերել ԱԺ: Այսինքն՝ մենք իրենց հետ քննարկել ենք: Իրավական առումով որևիցե ռիսկ իր մեջ չի պարունակում, քանի որ օրինական ուժ չի ստանում մինչև չփոխանակենք»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին՝ հավաստիացումներ եղե՞լ են, որ ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈւ-երը դուրս են գալու, նա պատասխանեց. «Մենք չենք քննարկել այդ մանրուքը, մենք քննարկել ենք, որ սկզբունքներ ենք սահմանում, որի հետևանքով իրենք էլ պետք է դուրս գան, մենք էլ պետք է դուրս գանք այն վայրերից, որտեղ մենք ենք առաջ»:

ԱԺ նախագահը, սակայն, չի հստակեցնում, թե ո՞ր տարածքների մասին է խոսքը․ «Մենք քննարկել ենք, եկել ենք որոշման եւ Ադրբեջանի հետ համաձայնեցված է այն փաստաթուղթը, որը քննարկվում է․ սա միակողմանի չէ»։

ԱԺ նախագահը նաեւ հայտարարեց․ «Վերջին շրջանում Ադրբեջանի հետ համաձայնություններում մենք խոչընդոտի չենք հանդիպել»։

«Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ նիստում։ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել են կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնել հերթականությունն ու շարունակել սահմանի բոլոր հատվածների սահմանազատման գործընթացը, ներառյալ անկլավների եւ էքսկլավների հարցերը։ Կանոնակարգով լրացվում են հանձնաժողովների գործունեության իրավական հիմքերը․ «Կարգավորվում են նաեւ հետագայում կնքվելիք ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի մասին պայմանագրին առնչվող ընթացակարգային հարցերը, որում ՀՀ պետական սահմանի միջազգային իրավական հիմքերի ամրագրումը ՀՀ անվտանգության ապահովման, տարածքային ամբողջականության ապահովման իրավական երաշխիք է։ Կանոնակարգից բխում է, որ հետագայում երկու երկրների միջեւ կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, այն անցնելու է ներպետական ընթացակարգեր, որից հետո ուժի մեջ կմտնի սահմանագծի անցման նկարագրությունը»։

Նախագծի մանրամասները՝ տեսանյութում

 

Լրագրողների տարբեր հարցերին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը հայտարարեց․ «Մենք վերարտադրում ենք այն քարտեզը, որով մենք անկախացել ենք։ Մենք եկել ենք այդ համաձայնության եւ հերթով պիտի անենք, այն, ինչը որ տեղի ունեցավ Տավուշում՝ 12 կմ-ի վրա»։

Պատասխանելով իր եւ Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահի չեղարկված հանդիպման եւ այդ առիթով խաղաղության գործընթացի վերաբերյալ մտավախություններին էլ, Ալեն Սիմոնյանը հակադարձեց լրագրողներին՝ ասելով․ «Դուք, մեր ընդդիմադիր գործընկերները, ուզում եք շարժվենք այլ պետության օրակարգի մեջ։ Մենք մեր օրակարգը պետք է բերենք։ Մենք կարծում ենք, որ մեր ժողովուրդը մեզ սատարում է եւ մենք խաղաղություն ենք բերելու․ այդ ճանապարհին կարող են խնդիրներ լինել, բայց պետք է աշխատելով, դրանք լուծելով առաջ շարժվել»։

ԱԺ նախագահը նաեւ հայտարարում է՝ ՔՊ-ում քննարկում չի եղել, որի ժամանակ իրենց կուսակիցները դժգոհություն հայտնեն թե խաղաղության գործընթացի վերաբերյալ, թե քննարկվող կանոնակարգի։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031