«Մենք վավերացրեցինք, ասենք թե՝ Ադրբեջանը չվավերացրեց, դրա ռիսկը ո՞րն է։ Այդ համաձայնագիրը ուժի մեջ է մտնում, երբ երկու կողմերը ներպետական ընթացակարգերը անցնում են, տեղեկացնում են միմյանց դրա մասին»,- ԱԺ նստաշրջանում «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա նշեց, որ ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ չեն մասնակցում նախագծի քննարկմանը, որպեսզի չլեգիտիմացնեն թեման։ «Եկել եք օրակարգի քննարկման ժամանակ քննարկում եք այն, ինչը դուք հիմա պատրաստվում եք բոյկոտել։ Եթե ասելիք ունեք, մնացեք՝ ասեք։ Ասում եք՝ բա որ Ադրբեջանը չվավերացնի։ Է, թող չվավերացնի, չի վավերացնի, ուժի մեջ չի մտնի սա, ի՞նչն է խնդիրը։ Եթե մենք հիմա վավերացնենք, պարզվի Ադրբեջանը չի վավերացնում, այդ համաձայնությունը կհամարվի տեղի չունեցած, վերջ»,- ասաց Ռուբինյանը։
Նա նշեց, որ ընդդիմությունը պնդում է, որ այս կանոնակարգը դավաճանական է, վտանգի տակ է դնում Հայաստանը․ «Եթե տենց վատ բան է մեզ համար, ինչո՞ւ չպիտի վավերացնի Ադրբեջանը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ