Ոչ մի գեղեցիկ խոսք չի կարող թաքցնել այն փաստը, որ կլիմայական այս տարվա գլխավոր գագաթնաժողովը կազմակերպվում է մի երկրում, որտեղ ժողովրդավարության և մարդու իրավունքների առումով թերություններն ակնհայտ են։ Ինչպես հայտնում է Dialogorg.ru-ն, դրա մասին Altinget պարբերականի իր հոդվածում գրել է ցեղասպանագետ, Շվեդիայի Լունդի համալսարանի՝ Մերձավոր Արևելքի հեռանկարային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Սվանտե Լունդգրենը։
«Ադրբեջանն այժմ համարվում է Եվրոպայի ամենավտորիտար երկիրը՝ ավելի վատը, քան Ռուսաստանը և Բելառուսը։ Freedom House-ի վերջին Ազատության համաշխարհային ինդեքսում երկիրը 100-ից 7 միավոր է հավաքել՝ մեկ կետով ավելի, քան թալիբների գլխավորած Աֆղանստանը: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կազմած մամուլի ազատության համաշխարհային վերջին ինդեքսում Ադրբեջանը 180 երկրների մեջ 164-րդն է։ Վերջին տարիներին մենք Ադրբեջանում անկախ լրագրողների և ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումների աճ ենք նկատում։
Ստոկհոլմում Ադրբեջանի դեսպան Զաուր Ախմեդովը Բաքվում անցկացվելիք կլիմայական հանդիպումը կօգտագործի՝ գնահատելու համար իր երկրի նվիրվածությունը խաղաղությանը և կլիմայի փոփոխության դեմ պայքարի ջանքերը: Նա հայտարարում է, որ Հայաստանն աջակցել է հանդիպումն անցկացնելու Ադրբեջանի խնդրանքին՝ չնշելով պայմանները։ Բայց Հայաստանը դա արեց՝ ազատելու համար 32 ռազմագերիներին, որոնք ի հեճուկս զինադադարի համաձայնագրի՝ պահվում էին բանտում, կոչ անելով ազատ արձակել նրանց: Ռազմագերիների օգտագործումը որպես ապրանք ակնհայտորեն հակասում է միջազգային իրավունքին»,- նշել է շվեդ փորձագետը։
Թարգմանությունը՝ «Ազգ»-ի: