Դավիթ Սամվելյանի նորատիպ «Մոռացված երկրի զանգերը» գիրքը պատմություն է մի մարդու մասին, որի ամբողջ կյանքը փորձությունների հաղթահարում էր՝ հանուն երազանքի: Այդ երազանքի դժվարին ուղին ծավալվում է նախիջեւանյան մի փոքրիկ գյուղից՝ Ցղնայից մինչեւ մեծ քաղաք՝ հանդիպելով պատերազմի արհավիրքներին: «Մոռացված երկրի զանգերը» վեպում նկարագրված են 20-րդ դարում Նախիջեւանում տիրող միջէթնիկ հարաբերությունները, նախապատերազմական եւ հետպատերազմական կյանքի դժվարությունները, փոփոխություններն ու լարվածությունը: Հերոսի անձնական պատմությունը սերտորեն կապված է հայ ժողովրդի ճակատագրի հետ: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտը»։
Aravot.am-ի հետ զրույցում թվարկելով իր նախորդ գրքերը՝ Դավիթ Սամվելյանն ասում է, թե հասել էր այն կետին, որ այլեւս չէր ցանկանում պատմվածքների ժողովածուներ կամ վիպակ տպագրել ու նաեւ թեմայի փնտրտուքի մեջ էր:
«Ի բարեբախտություն ինձ՝ պապս գրած հուշեր ուներ, որոնք մի քանի տարի առաջ հայրս ինձ փոխանցեց: Հասկացա, որ այդտեղ կան կերպարներ եւ թեմա, որոնք կարելի է խաղարկել: Ի սկզբանե իմ առաջ նպատակ չէի դրել վավերագրական վեպ գրելու, բայց նաեւ ուզում էի գեղարվեստականության մեջ փաստերի ճշգրտություն ապահովել… Այդպես սկսեցի գրքի վրա աշխատել, իսկ ամենադժվարն ինձ համար վեպը սկսելն էր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է հեղինակը:
«Վեպը սկսելուց էր կախված, թե հետագայում ինչպես կշարադրեմ այն… Շատ դեպքերում հորս հետ եմ կոնֆլիկտի մեջ եղել, որովհետեւ աշխատելը կրկնակի դժվար էր այն առումով, որ դրանք իր հոր հուշերն էին, եւ ինքն իր պատկերացումներն ուներ իր գյուղի մասին (հայրս իր մանկության մի մասը ապրել է հայրենի գյուղում): Ինքը մտածում էր, որ պետք է կառչած մնամ այդ ամենից, բայց բնականաբար, գեղարվեստական ստեղծագործության պարագայում նման բան չի կարող լինել… Նաեւ երկար ժամանակ մտածում էի՝ արժե՞, որ գրեմ այս վեպը, որովհետեւ թեման առաջին հայացքից կարող է չձգող լինել հասարակության եւ ընթերցասերների պահանջներին»,-ասում է Դավիթ Սամվելյանը ու հիշեցնում, որ երբ 2017-ին տպագրում էր իր ամենահայտնի գրքերից մեկը՝ «Ռոդենի ձմեռը», որտեղ զետեղված պատմվածքների մեծ մասն 90-ականների մասին էր, մտածում էր, որ գուցե երիտասարդությունը չկարդա, սակայն, ընթերցողների մեծ մասը, պարզվեց երիտասարդներն են:
Կարդացեք նաև
«Երբ գրում էի այս վեպը՝ «Մոռացված երկրի զանգերը», մտածում էի, որ որքան էլ ժամանակներն առաջ են գնացել, այն խնդիրները, որ ես բարձրացրել եմ այդ ստեղծագործության մեջ, ցավոք սրտի, մինչեւ այսօր արդիական են: Երեք մասից բաղկացած վեպը ժամանակագրական առումով անդրադառնում է 1930-1988 թվականներին։ Վեպում վավերագրություն կա Նախիջեւանի դեպքերի մասին: Առաջին մասում հերոսի՝ Արամի մանկությունն է, որն ավարտվում է իր երազանքի փշրվելով. նա ուզում էր բժիշկ դառնալ, սակայն իրեն ադրբեջանցու փոխարեն պատերազմ են տանում՝ տարիքը չլրացած: Երկրորդ մասում պատերազմական հուշերն են, երրորդ մասի ժամանակագրությունը համընկնում է Երեւանի բուռն զարգացման շրջանին, հերոսը գալիս է Երեւան, որտեղ ընդգծվում են քաղաքային եւ գյուղական կյանքի, արժեհամակարգային տարբերությունները»,-հավելում է նա:
Վեպում հատված կա, երբ Բաղրամյանն է այցելում Ցղնա գյուղ եւ հենց մարշալի միջամտությունից հետո է գյուղում զոհվածների հիշատակին հուշարձան կառուցվում, որը 1988-ին ադրբեջանցիները ջարդուփշուր են անում։ Ի դեպ, Ցղնան Կոմիտասի պապի գյուղն է եղել:
Դավիթ Սամվելյանը նշում է, որ գլխավոր հերոսին զուգահեռ այլ հերոսներ էլ է ստեղծել, օրինակ` գործող անձի մայրը ոչ պակաս կարեւոր կերպար է վեպում. գյուղում ապրելով հանդերձ՝ նա բացառիկ կրթված կանանցից մեկն է եղել, հեղինակություն ունեցող կին, որի ուսերին էր ամբողջ տան հոգսը, որովհետեւ ամուսինը շրջկենտրոնում էր աշխատում, բայց միեւնույն ժամանակ նա ուներ իր կանացի թուլությունները:
Մեր զրուցակիցը անդրադարձել է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ եղած հարաբերություններին, ասում է՝ չի փորձել այդ ամենին ծայրահեղ նայել:
Գրքի երկրորդ հերոսը Մուրադն է, որը ադրբեջանցի Մամեդն է, որին հայ է որդեգրել, նա հայերին ավելի շատ էր սիրում, դրա համար խնդիրներ ուներ ադրբեջանցիների հետ, որոնք նրան «գյավուր» էին անվանում: Դավիթը նշում է, որ փորձել է ցույց տալ, թե լավ կամ վատ մարդ լինելն ազգությունից կախված չէ: Մուրադին զուգահեռ՝ այլ ադրբեջանցի հերոսներ էլ կան, օրինակ` զինկոմը, որն իր ազգակցի փոխարեն հային է պատերազմ ուղարկում:
Գրքում անդրադարձ կա նաեւ այն պայմաններին, որոնք ստեղծել էին ադրբեջանական իշխանությունները, որպեսզի հայ ազգաբնակչությունը իրեն նեղված զգար եւ գաղթեր, եւ Նախիջեւանը դատարկվեր:
Գրքի հեղինակի հետ խոսեցինք նաեւ վեպը գրելու ժամանակ զգացմունքային հաղթահարումներից եւ գիրքը գրելու մղումից: «Ես իմ առջեւ խնդիր չէի դրել լավագույն հատկանիշները հաղորդելու գլխավոր հերոսին: Դրանում ինձ օգնել է ժամանակի գործոնը, կարծեմ 3 տարին քիչ ժամանակ չէ թեման մարսելու համար: Վեպի վրա սկսել եմ աշխատել 2021-ից, փոխել եմ գլխավոր հերոսի անունը, չեմ ցանկացել ինձ կաղապարել, ինչ է թե իմ պապիկն է, ու դրա համար իր անունը պետք է անպայման լինի: Մնացած բոլոր հերոսների անունները իրական են: Փորձել եմ պրոֆեսիոնալ մոտենալ, իմ առաջ հարց եմ դրել, թե որպես ընթերցող ինքս ինչպես կուզենայի կարդալ այդ ստեղծագործությունը:
Այս վեպը գրելու էլ մոտիվացիաներից մեկն էլ այն էր, ցավոք սրտի մեր տարածաշրջանի մասին պատմող կամ այդտեղից դուրս եկած հերոսի մասին որեւէ գեղարվեստական գործ չկա: Չի հրատարակվել որեւէ գեղարվեստական գործ, որտեղ նկարագրվող դեպքերի մեծ մասը կատարվի հենց Նախիջևանում կամ հերոսը այդտեղի ծնունդ լինի։ Վավերագրական գրքեր, այո, եղել են։ Օրինակ, Արգամ Այվազյանն է անդրադարձել Նախիջեւանի պատմամշակութային հուշարձաններին, սակայն գեղարվեստական երկ հայ իրականության մեջ չի եղել»,-ընդգծեց նա:
Գիրքը երեք վերջաբան ունի, առաջինը հեղինակը գրքի սկզբում է դրել, երկրորդը բնական վերջաբանն է, որն ավարտվում է 80-ականների շարժման սկսելով, երրորդը՝ որպես հետգրություն հերոսի մոր թաղման տեսարանն է:
Դավիթ Սամվելյանն ասում է, որ իրեն քանիցս հարցրել են, թե ինչու է անորոշ թողել գլխավոր հերոսի ճակատագիրը. «Ես դա մի միտումով եմ արել, որ այդքան էական չէ, թե հետո ինչ կպատահի հերոսի հետ, որովհետեւ լինում են իրավիճակներ, երբ մարդկային կյանքը ստորադասվում է իրավիճակներին, ժամանակաշրջանին»:
Գրքում ազդեցիկ դրվագներ կան: Խորհրդանշական դրվագներից է այն, որ ադրբեջանցի հովվի որդի հովիվը ավտոբուսով գյուղից հանում է վերջին 7 հային, այսինքն` ողջ կյանքում իր չոբան հայրը, որ անասուն էր քշել սարերը, հիմա ինքը այդ 7 հոգուն սարերով Հայաստան է քշում:
Կամ 1988-ի շարժումն ու հերոսի այն տողերը, որ հերոսի ծննդավայր Նախիջևանից ադրբեջանցիները կրակում են Հայաստանի վրա, իսկ Հայաստանում մարդիկ համերգ են վայելում: Մի իրավիճակ, երբ այսօր էլ կա, երբ սահմանային լարվածությունը չի անդրադառնում Սարյան փողոցի կամ կասկադի սրճարաններում նստած մարդկանց տրամադրության ու ախորժակի վրա:
Վեպում կարմիր թելի նման անցնում է զանգերի թեման. թե ինչ է այն խորհրդանշում, կարելի է կարդալ վեպում: Իսկ գրքի շնորհանդեսը կկայանա հոկտեմբերի 24-ին՝ «Զանգակ» գրատանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ