Լրահոս
Օրվա լրահոսը

Բուհերի շենքերը կարող են ամենատարբեր նպատակների համար տրվեն վարձով, վերափոխվեն, իսկ հյուրանոցն ինչ վատ բան է. Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 22,2024 00:25

«Երեւան քաղաքի կենտրոնը կոմերցիոն մեծ գրավչություն ունի: Հույս ունեմ, որ Երեւան քաղաքի կենտրոնի կոմերցիոն գրավչությունը գնալով կմեծանա: Մեր գաղափարն ինչ է՝ բուհերի ամբողջ  շենքային տնտեսությունը կոնսոլիդացնել ու կառավարման հանձնել միջազգային որեւէ հեղինակավոր կառույցի թափանցիկ ձեւով, որի նպատակը կլինի այս տարածքները օգտագործել, իհարկե, որոշակի չափանիշներով, որը էլի մենք պետք է սահմանենք: Մենք ասելով՝ նկատի ունեմ կառավարությունը, ժողովուրդը, Ակադեմիական քաղաքը:

Պետք  է իր առջեւ խնդիր դնենք, որ այս շենքերի կառավարմամբ առանց մեր որեւէ արժեք ոտնահարելու, որովհետեւ շենքեր կան, որոնք պատմություն ունեն իրենց մեջ, շենքեր կան, որոնք արժեքային խորը  ենթատեքստ ունեն իրենց մեջ: Մեր նպատակն է՝ բուհական համակարգի համար եկամուտներ գեներացվեն այդ շենքերի կառավարմամբ:

Մեր տրամաբանությունն այն է, որ այդ շենքերը, օրինակ կարող են ամենատարբեր նպատակների համար տրվեն վարձով: Հիմա շատ են ասում, իսկ կարո՞ղ է որեւէ տեղ հյուրանոց դառնա, ես ասում եմ՝ իսկ հյուրանոցն ինչ վատ բան է: Եթե հյուրանոց դառնա, որի արդյունքում ավելի շատ ուսանողներ ավելի բարձր մակարդակի կրթություն պետք է ստանան: Իսկ ինչո՞վ է դա վատ: Ես անշարժ գույքի կառավարիչ չեմ, որ ասեմ՝ այ էսպիսի ուղղություններ կան:

Բայց փիլիսոփայությունն այն է, որ այդ շենքերը մեծ մասով պետք է շարունակեն մնալ պետական: Ինչու եմ ասում առնվազն մեծ մասով, որովհետեւ կան շենքեր, որոնք  ֆիզիկապես ու բարոյապես մաշված են ու կարող է իրենց  վերափոխելու անհրաժեշտություն առաջանա: Այստեղ պետք է լայնախոհ լինենք: Մենք նպատակից չպետք է շեղվենք, շենքերի կառավարման արդյունքում պետք է ստանանք եկամուտներ Ակադեմիական քաղաքի համար, որ դասախոսները պատշաճ աշխատավարձ, ուսանողները պատշաճ կրթություն ստանան»,- այսօր բուհական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ակադեմիական քաղաքի նախագիծը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բուհերի շենքերի ճակատագրին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031