Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման համաձայն՝ 56%-ը դեմ է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը. այլ տվյալներ

Հոկտեմբեր 22,2024 09:44

«Ամերիկայի ձայն». Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) Հայաստանում իրականացրել է նոր ծավալուն հարցում՝ արտաքին և ներքին քաղաքական ու սոցիալ-տնտեսական հարցերի վերաբերյալ: Ըստ այդմ՝ հայաստանցիների 56%-ը կողմ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, նույնքան դեմ են հայ-թուրքական սահմանի բացմանը:

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հայաստանում անցկացված նոր ծավալուն հարցումն արձանագրում է, որ մեծամասնությունը աջակցում է Երևանի անդամակցությանը ԵՄ-ին և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը:

Հարցին, թե ինչպես կքվեարկեին ԵՄ անդամակցության հանրաքվեի դեպքում, 58%-ը նշել է, որ իր ձայնը կտար հօգուտ միանալու: 40%-ի կարծիքով՝ նման քայլը կամրապնդի Հայաստանի անվտանգությունը: 22%-ի, սակայն, մտահոգ է՝ ԵՄ-ին միանալը «վատթարացնում է հայկական ընտանեկան նորմերը»:

«Այս հարցումը ցույց է տալիս, որ հայաստանցիների մեծ մասը իրենց պայծառ ապագան տեսնում են Եվրոպայի հետ»,- ասել է ՄՀԻ-ի՝ Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսը:

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ հարցվածների 56%-ը լիովին կամ որոշ չափով աջակցում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, իսկ 38%-ը միանշանակ կամ որոշ չափով դեմ է: Սակայն հայ-թուրքական սահմանի վերաբացմանը դեմ է 56%-ը, 42%-ը՝ կողմ:

«Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը ցանկանում է, որ կառավարությունը ներգրավվի ադրբեջանական իշխանությունների հետ բանակցությունների մեջ՝ վերջնական խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով»,– ասել է Նիքսը:

Միայն 35% է Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները որակել լավ: 64%-ի կարծիքով՝ դրանք վատ են: Ի տարբերություն Մոսկվայի հետ հարաբերություններին՝ հարցվածների 82%-ը լավ են գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունները, 14%-ը՝ բացասական, իսկ 80%-ի կարծիքով՝ հարաբերությունները լավ են Հայաստանի ու ԵՄ միջև, 15%-ի գնահատմամբ՝ վատ:

«Հայաստանի բնակչությունը հասկանում է, որ Ռուսաստանից ավելի հեռանալը և դեպի Արևմուտք շարժվելը կարևոր է՝ խաղաղության և բարեկեցության բարելավման համար»,- ընդգծել է Նիքսը:

Հարցումը ցույց է տալիս, որ Հայաստանի առավել կարևոր քաղաքական գործընկերն է Ֆրանսիան: Այդպես է մտածում հարցվածների 59%-ը։ Հաջորդում է Իրանը՝ 58%, ԱՄՆ՝ 48%, Հնդկաստան՝ 41% և ԵՄ՝ 34%: Ռուսաստանին կարևոր քաղաքական գործընկեր է համարել հարցման մասնակիցների 33%-ը, իսկ 30%-ի կարծիքով այդ երկիրը Չինաստանն է:

53%-ը անվտանգային լավագույն գործընկեր է համարել Իրանին, 47%-ը՝ Ֆրանսիային, 37%-ի համար Միացյալ Նահանգներն են Հայաստանի առավել կարևոր անվտանգային գործընկերը, 30% համար՝ Հնդկաստանը, 26%-ի համար՝ Ռուսաստանը, իսկ 22%-ն այդ դերում տեսնում են ԵՄ-ին:

Որպես առավել մեծ սպառնալիք հարցման մասնակիցները նշել են Ադրբեջանն (87%) ու Թուրքիան (79%): Երրորդ երկիրը Ռուսաստանն է՝ 41%: Որպես սպառնալիք Միացյալ Նահանգներին դիտարկում է հարցվածների 4%-ը:

Հարցման մասնակիցների 46%-ի կարծիքով՝ Հայաստանն, ընդհանուր առմամբ, շարժվում է ճիշտ ճանապարհով: Հակառակ կարծիքին է հարցման մասնակիցների 40%-ը:

Հարցման համաձայն՝ ազգային անվտանգության և սահմանային խնդիրներն են հայաստանյան հանրության համար գերակա: Հարցվածների 41%-ի կարծիքով՝ դրանք են առավել կարևորն այսօր: Հաջորդում են տնտեսական բնույթի խնդիրները, մասնավորապես՝ գործազրկությունը (14%) և ապրանքների-ծառայությունների բարձր գները (10%):

Հարցման մասնակիցների 61%-ը չի վստահում քաղաքական որևէ գործչի: Այս համատեքստում առավել վստահություն է վայելում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 16%։ Հաջորդում են Արարատ Միրզոյանը՝ 4%, Արամ Զավենի Սարգսյանը՝ կրկին 4%, Ալեն Սիմոնյանը՝ 2%, Ռոբերտ Քոչարյանը՝ դարձյալ 2%:

Հարցվածների 20%-ը առավել շատ վստահում է իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Հաջորդ առավել վստահելի քաղաքական ուժերն են Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (3%), այնուհետև՝ «Իմ քայլը» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, ՀՀԿ-ն, Վարդան Ղուկասյանի կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, ՀՅԴ-ն: Յուրաքանչյուրն ունի 2% աջակցություն:

Հարցման համաձայն՝ 56%-ը դեմ է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը, 24%-ը՝ կողմ:

Հայաստանում առավել գոհ են երկրի զինված ուժերի գործունեությունից՝ 64%-ը։ Դժգոհ են՝ 32%-ը: Հաջորդ առավել վստահելի կառույցը ոստիկանությունն է, որից գոհ են հարցման մասնակիցների 60%-ը, 35%-ը՝ ոչ: Երրորդ տեղում են մարզպետարանները:

Հայ առաքելական եկեղեցու գործունեությունից գոհ է հարցվածների 48%-ը, դժգոհ՝ 47%-ը։ Հայաստանի վարչապետի աշխատակազմը ստացել է 46% աջակցություն, 50%-ը դժգոհ են: Վատագույն արդյունք են ստացել երեք կառույցներ՝ Հայաստանի նախագահի աշխատակազմը, դատարաններն ու Ազգային ժողովը:

Հարցվածների 16%-ի կարծիքով նախորդ վեց ամիսներին կառավարության ամենամեծ ձախողումն է սխալ արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը, իսկ 12%-ի կարծիքով՝ սխալ կադրային քաղաքականությունն ու կառավարության վատ աշխատանքը:

Այն հարցին, թե ինչ երկու ձեռքբերումներ պետք է արձանագրի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը առաջիկա 6 ամիսների ընթացքում, հարցվածների 22%-ի կարծիքով՝ խաղաղության հաստատումն է, իսկ ըստ 19%-ի՝ երկրի, սահմանների անվտանգության ապահովումը: Երրորդ տեղում է բանակի հզորացումը, որի մասին խոսել է հարցման մասնակիցների 17%-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031