Հատվածներ Թոմաս Մերթոնի «Հայեցության սերմերը» գրքից (1949)
Հայեցության (созерцание, contemplation) համար չկա ավելի խորթ բան, քան Դեկարտի “cogito, ergo sum” -ը՝ «մտածում եմ, հետեւաբար գոյություն ունեմ»: Դա հռչակագիր է մի մարդու, որն օտարված է իր հոգեւոր խորությունից եւ դատապարտված է մխիթարանք փնտրել իր գոյության ապացույցի մեջ:
Սեփական ճշմարտության մեջ վստահ լինելով՝ հավատարիմ կուսակցականները մոռանում են խղճի մասին, իրենք իրենց ներելով սեփական չարագործությունները՝ հանուն Դասակարգի, Ազգի, Կուսակցության, Ցեղի, Աղանդի: Մարդիկ դադարում են գիտակցել իրական ոգեղենության իրենց կարիքը եւ ընդունում են Ազգի կամ Դասակարգի կեղծ միստիկան, որը վտանգավոր է հենց նրանով, որ ստեղծում է հագեցման պատրանքը:
Իշխանատենչ եւ անգութ հոր կամայականությունը ցանում է ոչ թե սիրո, այլ ատելության սերմերը: Եթե Աստված այդպիսին է, հնարավո՞ր է արդյոք հայեցության մեջ Նրա հետ հանդիպումը: Գուցե ավելի լավ է հեռանալ Նրանից եւ ընդմիշտ թաքնվե՞լ Նրա աչքերից: Որքա՜ն մեծ նշանակություն ունեն մեր պատկերացումներն Աստծո մասին:
Ես կարծրացրել եմ իմ սիրտը իրական սիրո դեմ: Ուրեմն, ես պետք է սովորեմ դեն նետել այն, ինչ ծանոթ է եւ սովորական ու ընդունել նորը, անհայտը, չփորձվածը: Ես պետք է «ինձ կորցնեմ», որպեսզի հետո ինձ գտնեմ՝ վստահելով Աստծո սիրուն:
Աստծո կամքը նաեւ մեր պարտքի մեջ է: Եթե ինձ հանձնարարված է այգի փորել կամ սեղան սարքել, ապա հաճույքով կպնելով այդ գործին, ես լսում եմ Աստծուն:
Իրականում սուրբը սիրում է ամեն արարածի, բավականություն է ստանում դրանից, իրերի հետ շփվում է պարզ ու բնական՝ ուշադրություն չհրավիրելով սեփական սխրանքների վրա եւ խուսափելով արհեստական խստությունից:
Ոչ ոք թող չպղծի սեփական բնական ամբողջությունը՝ բաժանելով այն հոգու եւ մարմնի՝ կարծես, հոգին բարիք է, իսկ մարմինը՝ չարիք: Հոգին եւ մարմինը ներգրավված են մարդու նվիրական ներքին միասնական իրականության մեջ:
Որքան շատ է ծառը նման ինքն իրեն, այնքան շատ է այն նման Աստծուն: Եթե այն հակասեր Աստծո մտահղացմանը, փորձելով նմանվել ինչ-որ այլ բանի, ապա չէր նմանակի Աստծուն, չէր փառաբանի նրան:
Թոմաս Մերթոնը (1915-1968) համաշխարհային ճանաչում ունեցող գրող է, որը գրում էր հոգեւոր թեմաներով: Նա կաթոլիկ «տրապիստների» միաբանության վանական էր: Այդ միաբանությունը հայտնի է իր խիստ բարքերով:
Թարգմանեց եւ պատրաստեց Արամ Աբրահամյանը