«Մարզերում կրթական ենթակառուցվածքները պահպանելու ու զարգացնելու համար մենք հիմա շատ ուզում ենք ուժեղացնել քոլեջների ինստիտուտը: Հիմա ընդհանուր առմամբ քոլեջը մասնագիտական կարողությունները զարգացնելու շատ կարեւոր ինստիտուտ է: Եվ վերջին հարցին ի պատասխան, թե մարզային ենթակառուցվածքի հետ ինչ է լինելու, ուզում ենք, որ բուհական սեկտորը կենտրոնանա ակադեմիական քաղաքում, իսկ քոլեջների ցանցը զարգացնենք դեպի մարզեր: Որովհետեւ ի վերջո պետք է դուրս գանք այն տրամաբանությունից, որ բոլորը պետք է լինեն բարձրագույն ավարտած, դա վնասակար միտում է:
Մենք, ցավոք սրտի, մոդայի եւ այլնի տրամաբանությամբ 90-ականներից հետո դրա մեջ մտանք: Էդ էլ խորհրդային միության հետ կապ ունի, շատ ցանկալի էր, բայց հասանելի չէր: Խորհրդային միությունից հետո բոլորը վազեցին բուհական համակարգ: Քոլեջները լրջորեն պետք է մարզերում զարգացնենք»,- այսօր Ակադեմիական քաղաքի նախագիծը բուհական համակարգի ներկայացուցիչներին ներկայացնելուց հետո մի քանի ուսանողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ուսանողներից մեկը հետաքրքրվեց ինչպիսի վերահսկողություն է նախատեսվում Ակադեմիական քաղաքում, եթե օրինակ ինչ-որ մեկը փորձի ինքնահաստատվել մյուսների վրա՝ հաշվի առնելով հայկական մենթալիտետը:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ միջավայր պետք է ձեւավորենք, որում ինչ-որ բաներ պարզապես չեն կարող գոյություն ունենալ՝ քրեական ենթամշակույթի տրամաբանություն, գերիշխման գերակայություն… դրանք չեն կարող տեղի ունենալ: Իսկ առանձին դրսեւորումները պետք է վարչական ազդեցություն ունենան, եթե անհրաժեշտություն լինի նաեւ իրավական հակազդեցություն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ