Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Մովսիսյան. «Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությունում ՀՀ-ն ներկայացնելու համար ընտրել ֆիլմ, որի համարտադրող կողմը ՌԴ-ն է, մեղմ ասած կասկածի տակ է դնում ձեր կառույցի ադեկվատությունը»

Հոկտեմբեր 21,2024 23:00

Կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը գրում է.

«Թվում է՝ Հայկական ազգային կինոկադեմիայի աղմկահարույց որոշման վերաբերյալ ամեն ինչ ասված է։ Հատկապես, որ  թացն ու չորն էլ գիտակցաբար, թե անգիտակցաբար ուժի ներածի չափով ևս  խառնվել է։

Նախ, անչափ շնորհակալ եմ բոլոր այն անհատներին, լրատվամիջոցներին և կառույցներին, որոնք անդրադարձել են, բարձրաձայնել խնդիրը։

Չեմ կիսում և չեմ ընդունում  այն տեսակետները, միտումները որոնցով թիրախավորվում են Էդգար Բաղդասարյանը, նրա նկարահանած ֆիլմը և, նույնիսկ, ակադեմիայի այն անդամները, որոնք իրենց ճաշակի, կինոյի մասին պատկերացումների կարողության սահմանում են  ընտրել, ոչ այն ֆիլմը, որը, ըստ իս, ոչ միայն հայկական կինոյի, այլև համաշխարհային կինոլեզվի սահմաններն է լայնացնում․ խոսքը՝ Շողակաթ Վարդանյանի «1489»-ը կինոմարգարտի մասին է։

Այդուհանդերձ, կայացված որոշումը ճաշակի կամ կինոյի մասին պատկերացման մասին չէ զուտ և նախևառաջ այդ կառույցի անշրջահայաց լինելու մասին է, որն անարգում է ոչ միայն ինքն իրեն, իր անդամներին, այլև պետությանը, քանի որ Օսկարի ուղարկվող ֆիլմը, ներկայացնում է տվյալ երկիրը, ուստի, ոչ բոլորին է հետաքրքիր լինելու, թե ովքեր են այդ որոշումը կայացնողները։ Հատկապես այս համատեքստում է որոշման խնդրականացումն  առավել քան կարևոր։

Ինչու՞մն է կինոակադեմիայի անխոհեմությունն ու կարճամտությունը։ Մի կողմ եմ թողնում ներկայացված ֆիլմերի գեղարվեստական արժանիքները, հատկապես, որ Էդգար Բաղդասարյանի ֆիլմը մինչ օրս ընտրված ֆիլմերի համեմատության մեջ շատ բարձր եմ գնահատում։

Կինոկադեմիայի կայքում նշված է, որ կառույցի  առաքելությունը մեր երկրում կինոարտադրության և ոլորտի այսօրվա առաջընթացի խթանումն է։ Ցանկացած մեկ այլ իրավիճակում կարելի էր հավատալ, որ այս գեղեցիկ ձևակերպված առաքելության հիմքում Կինոակադեմիայի խորհուրդն ունի մտածված ռազմավարություն։ Մինչդեռ, տեղի ունեցածը հակառակի մասին  է փաստում։

Հուսով եմ գաղտնիք չէ, որ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությունն ամենաքաղականացվածներից է և Օսկարներ է շնորհում հիմնականում իր քաղաքական օրակարգի շրջանակում․ ուզում եք ուզեք, չեք ուզում մի ուզեք։ Բայց եթե ուզել եք և հայտեր եք ընդունել, ժողովներ գումարել, որոշումներ կայացրել, ուստի թույլ տվեք հենց այս պահին ձեզ տեղեկացնել, որ  ձեր ներկայացրած հայտը նույնիսկ Ամերիկյան կինոակադեմիայի հայտերի ընդունման բաժին չի հասնելու։

Մերօրյա աշխարհաքաղաքական համատեքստում Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությունում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու համար ընտրել ֆիլմ, որի համարտադրող կողմը Ռուսաստանի Դաշնությունն է, մեղմ ասած կասկածի տակ է դնում ձեր կառույցի ադեկվատությունը։ Այդ որոշումով դուք  ի չիք դարձնում ձեր առաքելությունը, իսկ որ ամենացավալին է՝ փակում մի ֆիլմի ճանապարհ, որն իրոք կարող էր բաղձալի Օսկարի արձանիկը Հայաստան բերել՝ իր համամարդկայնության, չտեսնված կինոմտածողության և մինչ օրս արժանացած, և դեռ արժանանալիք  շատ-շատ բարձր, մեր կինոյի համար չտեսնված  մրցանակների շնորհիվ։

Ես կոչ եմ անում իմ ընկերներին, համախոհներին, կինոգործիչներին իրենց նկարահանած որևէ ֆիլմ չներկայացնել Հայկական ազգային կինոակդեմիայի կողմից կազմակերպվող որևէ մրցանակաբաշխությանը կամ գնահատանքին»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031