Հոկտեմբերի 21-ին Գ․ Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է Creative Armenia Week միջազգային գագաթնաժողովը՝ նվիրված ստեղծարար ձեռներեցությանն ու արվեստի ոլորտում նորարար տեխնոլոգիաների ինտեգրմանը։
Գագաթնաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Creative Armenia Week գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Պաննո արվեստի տան և սրճարանի պաշտոնական բացումը. ստեղծարար հաբը իրականացվել է Artbox Hub ծրագրի շրջանակում: «Artbox»-ը ստեղծվել է «Creative Armenia»-ի կողմից, իրականացվում է Հայաստանում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ-Հայաստանի համագործակցությամբ, «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում։
Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Կարդացեք նաև
Նախարարը ողջունել է «Կատապուլտ» աքսելերացիոն ծրագրի շրջանակում հիմնված և ԵՄ կողմից ֆինանսավորվող «Advocacy Society for the Arts» (ԱՍԱ) համաժողովի մասնակիցներին և կազմակերպիչներին՝ ստեղծարար ոլորտում այս կարևոր հարթակը ձևավորելու և համաժողովը կազմակերպելու համար։
«Ստեղծարար ոլորտին վերաբերող հարթակների ստեղծումն ու մասնագիտական քննարկումների ծավալումն այսօր կարևոր է առավել, քան երբևէ։ Քննարկումները հնարավորություն կտան բարձրաձայնելու և վերլուծելու այն խնդիրներն ու զարգացումները, որոնք առկա են ստեղծարար տնտեսության զարգացման ոլորտում։ Մեր երկրում այս ոլորտը գտնվում է կայացման փուլում, և անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ միջավայր բոլոր ներգրավված դերակատարների համար։
ՀՀ կառավարությունը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, հետամուտ են ոլորտի կայացմանն ու զարգացմանը, ինչը ոչ միայն պետք է ապահովի մեր արվեստագետների համար ստեղծագործելու ազատությունը, մշակութային արտադրանք ստեղծելու բարենպաստ միջավայրի ձևավորումը, այլև պետք է խթանի Հայաստանի ստեղծարար տնտեսությունը՝ այն դարձնելով զարգացող ճյուղ։ Դրան են ուղղված նախարարության կողմից ձեռնարկվող օրենսդրական փոփոխությունները և խրախուսման մեխանիզմների ներդրումը։ Այս նպատակին է միտված նաև «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանման, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների» ռազմավարությունը»»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի դիտարկմամբ՝ համաժողովի օրակարգը և պանելային քննարկումների մասնակիցների ցանկը թույլ են տալիս եզրակացնել, որ սպասվում են հետաքրքիր և բովանդակալից քննարկումներ ոլորտում առկա մարտահրավերների և նորարար միջոլորտային համագործակցությունների հնարավորությունների վերաբերյալ։
«Անչափ կարևոր են արվեստի ոլորտում թվային հարթակների ստեղծման, Հայաստանի ստեղծարար համայնքի տնտեսական բարելավման, մշակույթի ոլորտում ներդրումների, պետություն-մասնավոր համագործակցության, բարերարների և մեկենասների արժևորման հարցերը, որոնք ընդգրկված են համաժողովի օրակարգում։ Համաժողովի կազմակերպիչներն այս հարցում ևս ավանդույթ են սահմանում՝ ԱՍԱ «Բիզնեսն արվեստին» մրցանակաբաշխությամբ, որի նպատակն է հանրային հարթակում ներկայացնել մշակույթի ոլորտում մասնավոր հատվածի կողմից կատարված ներդրումները, ինչպես նաև արժևորել բարերարներին և մեկենասներին»,- նշել է նախարարը՝ շեշտելով, որ մշակույթի ոլորտում բարեգործության ինստիտուտը զարգացման և նորովի արժևորման անհրաժեշտություն ունի։
«Բարեգործության ավանդույթները, անկեղծ ասած, մեզանում միշտ չէ, որ եղել են հենց այն շեշտադրմամբ, որով պետք է լինեին: Երբ խոսում ենք ստեղծարարության մասին, կարևոր է ընդգծել, որ այն հանրային զարգացման ամենամեծ պոտենցիալ ունեցող ոլորտներից մեկն է, որտեղ աջակցությունը նախևառաջ պետք է դիտարկել որպես ներդրում վաղվա օրվա և հանրային զարգացման ուղղությամբ: Եվ այստեղ անհրաժեշտ է, որ փոխենք հանրային վերաբերմունքը և վարքականոնը՝ մշակույթը դարձնելով ինքնաբավ, սեփական ձայն ու ասելիքն ունեցող ոլորտ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ վստահություն հայտնելով, որ մշակույթի դերակատարումը հանրային կյանքում բոլոր իմաստներով կմեծանա, ինչին ուղղված է նաև պետական քաղաքականությունը:
Բացման արարողությանը ցուցադրվել են ավելի քան 80 ստեղծարար նախագծեր և բիզնեսներ, որոնք ինկուբացվել, աքսելերացվել և ֆինանսավորվել են Creative Armenia-ի հեղինակային Artbox ծրագրի կողմից։
Գագաթնաժողովի ծրագիրը ներառում է մի շարք միջոցառումներ՝ բանախոսություններ, մշակութային էքսկուրսիաներ և պանելային քննարկումներ, որոնք կմիավորեն խոսնակների Նիդերլանդներից, Monadnock Architects-ից, ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայից, Podcastle-ից և այլն:
Creative Armenia Week միջազգային գագաթնաժողովի թեման ստեղծարար արդյունաբերությունն է, գագաթնաժողովը ներկայացնելու է եռամյա նախագծերի վերջնարդյունքները, որոնց վերաբերյալ կլինեն թեմատիկ զրույցներ: Artbox-ը ինկուբատորների ու աքսելերատորների շարք է։ Երեք տարիների ընթացքում իրականացրել է 8 նախագիծ, աջակցություն տրամադրելով շուրջ 300 արվեստագետի, որի շրջանակում մշակվել են շուրջ 150 ստեղծարար և բիզնես նախագծեր։
Ակնկալում են, որ Artbox նախագիծն ապագայում ավելի մեծ շրջանառություն կունենա, կմեծանա մասնակից արվեստագետների թիվը, կստեղծվեն համագործակցային ծրագրեր հայ արվեստագետների և եվրոպական երկրների միջև։
Creative Armenia Week միջազգային գագաթնաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 25-ը։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ