Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահից սկսած, մենք պահանջում ենք ֆուտբոլի ֆեդերացիայի վերնախավի հրաժարականը». ՖԱՖ

Հոկտեմբեր 21,2024 20:10

Ազգերի լիգայի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղում 0:2 հաշվով պարտվելուց հետո ֆուտբոլասերների ՖԱՖ ակումբը պահանջել էր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը:

Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ եւ մասամբ ընդունելով իրեն ու իր թիմին ներկայացվող մեղադրանքները, այնուամենայնիվ, գտել է նաեւ արդարացումներ, այլ մեղավորներ եւ, ըստ էության, մերժել է իր հրաժարականի պահանջը:

Ի պատասխան, ՖԱՖ-ը եւ նրան միացած բոլոր ֆան-ակումբները, այսօր կրկին հավաքվել են ֆեդերացիայի առջեւ: ՖԱՖ շարժման հիմնադիր Սերգեյ Ջանոյանը հայտարարել է. «Այս պահին պատասխանն այն է, որ ՀՖՖ-ն չի պատրաստվում հրաժարական տալ: Մենք կարծում ենք, որ սա խաղի կանոնների խախտում է: Մինչեւ այստեղ մեր գալը, ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ:

Արմեն Մելիքբեկյանի հայտարարության մեջ կան տողեր, որ նա ասում է. մեր երազանքն են եղել այս-այս-այս բաները: Երազանքը եղել է նաեւ մերը, բոլորինս: Նա նշում է հայտարարության մեջ կորոնավիրուսային, պատերազմական վիճակներում դժվարությունների մասին: Մենք, համենայն դեպս, ՖԱՖ-ը, հենց այդ ժամանակահատվածում իր աջակցությունն է ցուցաբերել Արմեն Մելիքբեկյանին, նույնիսկ հանրային: Բայց տարիներն անցան ու մեր ոչ մի երազանք չիրականացավ: Չի կարող ֆեդերացիայի նախագահը հայտարարել միայն պատճառների մասին, թե ինչու չի հաջողել, թե ովքեր են խանգարել: Ֆեդերացիայի մեր պատկերացրած նախագահը այդ բոլոր դժվարությունները պետք է հաղթահարեր:

Այս պահին մենք՝ հավաքված բոլոր ֆան-ակումբների ներկայացուցիչներս, ուզում ենք հայտարարել, որ կառուցողական կտրուկ գործողությունների փուլն է: Կտրուկ գործողությունները լինելու են միայն ֆուտբոլային ֆանատական շրջանակներում: Գիտենք, որ այս պահին տարբեր կողմերից կան պղտոր ջրում ձուկ որսացողներ: Հորդորում ենք եւ ամեն ինչ կանենք, որ այդ մարդիկ հեռու մնան մեզանից: Մենք ունենք խնդիր եւ դա ձախողված ֆեդերացիան է, ձախողված բոլոր ասպեկտներով: Ցանկանում ենք հայտնել, որ այսուհետ լինելու են գործողություններ:

Կարեւոր բան՝ ազգային հավաքականի հետ կապված: Գիտենք, որ ազգային հավաքականում եւս կան խնդիրներ, շատ տարբեր բնույթի խնդիրներ: Այդ խնդիրներին մենք կանդրադառնանք լրիվ առանձին: Ազգային հավաքականը մեր երկիրն է, մեր զինանշանն է, որի համար մենք պատրաստ ենք կյանք տալ: Մենք շարունակելու ենք 90 րոպե աջակցել մեր ազգային հավաքականին: Բայց, ինչպես ասացի, արդեն այս գործողությունները մտնում են  մարզադաշտ:

Այս պահից սկսած, մենք պահանջում ենք ֆուտբոլի ֆեդերացիայի վերնախավի հրաժարականը: Այսուհետ լինելու են շատ վանկարկումներ. հե-ռա-ցիր, հե-ռա-ցիր:

Ինչպես ասացի, այստեղ են բոլոր ֆան-ակումբների ներկայացուցիչները: Հանդիպման հետ կապված: Մենք կքննարկենք, կասենք մեր դիրքորոշումը: Բայց  մեր՝ ՖԱՖ-ի դիրքորոշումն է, որ եթե տեղի է ունենալու հանդիպում, այդ հանդիպումը պետք է լինի միայն հրաժարականի, փոփոխությունների պայմանները, պահանջը քննարկելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031