Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման կանոնակարգը ապազգային եւ հակապետական է. «Սրբազան պայքար»

Հոկտեմբեր 21,2024 19:22

Սեպտեմբերի 26-ին ՀՀ սահմանադրական դատարանի ակնհայտ ապօրինի որոշումից հետո «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը ներկայացվել է Ազգային ժողովի դատին։

Այս առնչությամբ հարկ ենք համարում արձանագրել  հետևյալը.

1․ ՀՀ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը ստորագրել է բազմաթիվ փաստաթղթեր (օրինակ՝ 09.11.2020թ-ի Եռակողմ հայտարարություն և այլն), բայց դրանցից որևէ մեկը չի անցել ներպետական վավերացման նման ընթացակարգ (ՍԴ և ԱԺ վավերացում), ինչպես «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման» կանոնակարգը։ Ավելին, հանձնաժողովի մակարդակով ստորագրված Կանոնակարգը մտցվում է նման ընթացակարգ այն պարագայում, երբ առնվազն դեռևս առերևույթ առկա չէ նմանատիպ որևէ գործընթաց Ադրբեջանում։

Այսպիսի վարքագիծը խոսում է Ադրբեջանի կողմից հերթական պահանջի կատարման և պետական առերևույթ հանցագործություն կատարելու պատասխանատվությունը մեկ անձից այլոց վրա տարածելու միտման մասին (Սահմանադրական դատարան, ԱԺ պատգամավորներ, ԱԺ ՔՊ խմբակցություն, ինչպես նաև 2021թ-ի ընտրություններում ՔՊ ընտրողներ)։

  1. Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության, Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքի առկայության պայմաններում նման գործընթացի նախաձեռնումն ի սկզբանե հարցականի տակ է դնում գործընթացի լեգիտիմությունը։
  2. Տեսանելի է նաև, որ Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրի վրա հղվելու և այդ հիմքով որևէ գործընթաց տանելու իրական ցանկություն չունի։ Սա պարզ է դառնում այն բանից, որ Կանոնակարգը զուրկ է իրավական որոշակիությունից, այն չի ամրագրում սահմանազատման և սահմանագծման միասնական իրավական հիմք, ավելին, Կանոնակարգի նախաբանով հիմք է դրվում հատվածական սահմանագծման և սահմանազատման համար՝ Ալմա Աթայի հռչակագրից զատ սահմանազատման և սահմանագծման հիմք հռչակելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ենթադրյալ պայմանագիրը։

Այսինքն՝ սա դառնալու է հանրության վրա «վաճառած» հերթական կեղծիքը, իբր պրոցեսը գնում է Ալմա Աթայի հռչակագրով։

Հավելենք՝  Ալմա Աթայի հռչակագրով գնացող պրոցեսն ինքնին պրոբլեմատիկ է մեր ազգային և պետական շահի տեսանկյունից, բայց Ադրբեջանը նույնիսկ դրա ցանկությունը չունի, ինչը հստակ արտացոլված է սույն Կանոնակարգում։

  1. Մայիս ամսին Տավուշում իրականացվել է զորքերի ապօրինի ետքաշում և ՀՀ սահմանների փաստացի փոփոխություն, սակայն Կանոնակարգը այդ գործընթացներից միայն ամիսներ անց է ներկայացվել Սահմանադրական դատարանի և Ազգային ժողովի դատին։ Սա ևս մեկ ապացույց է, որ մայիս ամսին Տավուշում իրականացված գործընթացը ոչ մի կապ չուներ սահմանազատման և սահմանագծման հետ, այլ ընդամենը միակողմանի զիջում էր։

Ադրբեջանը պարտադրանքի ուժով Տավուշում հասել է իր նպատակին։ Նույն կերպ, բոլոր այն տեղերում, որտեղ իր համար նպաստավոր վիճակ է, անելու է նույնը, այսինքն՝ սահմանի՝ Ադրբեջանի համար նպաստավոր հատվածները համարվելու են սահմանազատված և սահմանագծված ըստ այս Կանոնակարգի, որից հետո Ադրբեջանը կարող է տարիներ ձգել այս գործընթացը և մենք չունենանք սահմանազատված է սահմանագծված սահման։ Սա էլ իր հերթին գործընթացի ներքո դրված ռումբ է։

Ուստի, հաշվի առնելով վերոհիշյալը, «Սրբազան պայքարը» հայտարարում է`  «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը հակասում է ՀՀ պետական, ազգային շահերին և ենթակա չէ վավերացման։

Նշված փաստաթղթի ընդունմանը ԿՈՂՄ ՔՎԵՐԱԿՈՂ յուրաքանչյուր ոք կիսում է ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ տարրեր պարունակող գործընթացի մասնակիցը լինելու պատասխանատվությունը։

 

«Սրբազան պայքար»-ի համակարգող մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031