Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օգոստոսին տնտեսական ակտիվության աճի տեմպն աննշան դանդաղեց` հասնելով 5.6 տոկոսի

Հոկտեմբեր 21,2024 18:11

Համաշխարհային բանկի կողմից հրապարակված՝ Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիր

Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը/հոկտեմբեր

Սեպտեմբերին գնաճի տեմպը նվազեց մինչև 0.6 տոկոս (տ/տ):

Ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանումը շարունակեց մնալ արտահանման աճի հիմնական շարժիչ ուժը` չնայած անկման միտմանը:

Զբոսաշրջությունից և արտերկից դրամական փոխանցումներից ստացված մուտքերն էականորեն նվազեցին 2024 թ. 1-ին կիսմայակում (տ/տ):

Օգոստոսին պակասուրդն կուտակային բյուջեի մնացորդը հասցրեց ՀՆԱ-ի 0.8 տոկոսի:

Վարկերի աճը շարունակում է գերազանցել ավանդների աճը:

Օգոստոսին տնտեսական աճը դանդաղեց` հասնելով 5.6 տոկոսի (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ), ինչն անկում էր հուլիսի 6.2 տոկոսից (տ/տ) (գծապատկեր 1): Շինարարության և առևտրի ոլորտներում շարունակեց գրանցվել երկնիշ աճ (համապատասխանաբար 16.5 տոկոս և 14.9 տոկոս, տ/տ): Ծառայությունների ոլորտում (բացի առևտրից) ծառայությունների աճը ևս բարձր է եղել օգոստոսին` 9.5 տոկոս (տ/տ), ինչը հուլիսի 4.9 տոկոս (տ/տ) ցուցանիշի գրեթե կրկնապատիկն է: Սա պայմանավորված էր ֆինանսական, ապահովագրական, հյուրանոցային ու մասնագիտական ծառայությունների աճով: Արդյունաբերությունը շարունակել է աճել չափավոր` 2.1 տոկոսով. հանքարդյունաբերության ոլորտում 5.5 տոկոս (տ/տ) կրճատումը չեզոքացվել է վերամշակող արդյունաբերության 3.8 տոկոս (տ/տ) աճով, ինչը պայմանավորված էր օգոստոսին սննդամթերքի և ծխախոտի արտադրության ավելի մեծ ծավալներով: Հանրագումարում` Տնտեսական ակտիվության համաթիվը հունվարից մինչև օգոստոս աճել է 9 տոկոսվ (տ/տ):

Ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումներն օգոստոսին կրճատվեցին 18.6 տոկոսով (տ/տ): Սա պայմանավորված էր ներհոսքերի ավելի մեծ անկմամբ (15.5 տոկոս, տ/տ)` արտահոսքերի համեմատ (9.8 տոկոս, տ/տ): Ռուսաստանից զուտ դրամական փոխանցումներն օգոստոսին կտրուկ նվազել են 31 տոկոսով (տ/տ)` նպաստելով ընդհանուր անկմանը (գծապատկեր 2):

Սեպտեմբերին գնաճը կազմել է 0.6 տոկոս (տ/տ)` նվազելով օգոստոսի 1.3 տոկոսից (տ/տ) (գծապատկեր 3): Սննդամթերքի գների մեկ տոկոս գնանկումն է եղել անկման հիմնական պատճառը: Միաժամանակ, տրանսպորտային ծառայությունների ոլորտում գնաճը սեպտեմբերին հասավ 9 տոկոսի (տ/տ): 2024 թ. հունվարից սեպտեմբեր ամիսներին միջին գնաճը եղել է համահարթ (զրո տոկոս):

Չնայած անկման միտմանը` օգոստոսին ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանումը շարունակել է մնալ արտահանման աճի հիմնական շարժիչը: Ապրանքների արտահանման ծավալներն աճել են 58.1 տոկոսով (տ/տ), իսկ ներմուծման ծավալներն աճել են 18.7 տոկոսով (տ/տ): Արտահանման աճը հիմնականում պայմանավորված է եղել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի (այդ թվում` ոսկի և թանկարժեք զարդեր) եռապատիկ ավելացմամբ: Չհաշված այս խումբը` արտահանումն օգոստոսին աճել է 11 տոկոսով (տ/տ): 2024 թ. առաջին կիսամյակի վճարումների հաշվեկշռի տվյալները վկայում են, որ ապրանքների ոլորտում առևտրի պակասուրդը բարելավվել է, իսկ ծառայությունների ոլորտում հաշվեկշիռը վատթարացել է: Այսպես, զբոսաշրջությանն առնչվող ծառայությունների հաշվեկշիռը նվազել է 62 տոկոսով (տ/տ)` պայմանավորված 2024 թ. առաջին կիսամյակում զբոսաշրջային ժամանումների թվի 6.1 տոկոս անկմամբ (տ/տ) և մեկ զբոսաշրջիկի հաշվով միջին ծախսերի 25 տոկոս նվազմամբ (գծապատկեր 4)` 2023 թվականի բարձր կատարողականից հետո: Եկամտային հաշվեկշռի վատթարացումը, որը հիմնականում պայմանավորված էր արտերկրից դրամական փոխանցումների 28 տոկոս նվազմամբ, ևս նպաստել է ընթացիկ հաշվի մնացորդի նվազմանը:

Սեպտեմբերին ՀՀ դրամը գրեթե կայուն է եղել ԱՄՆ դոլարի նկատմամբ և աննշան արժևորվել է ռուբլու նկատմամբ: 2023 թ. սեպտեմբերի համեմատ` ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար փոխարժեքը 1.5 տոկոսով (տ/տ) ավելի ուժեղ է եղել, իսկ ՀՀ դրամ-ռուբլի փոխարժեքը 3.7 տոկոսով (տ/տ) թույլ է եղել: ՀՀ կենտրոնական բանկը շարունակել է արտարժույթ ձեռք բերել շուկայից` փոխարժեքի կտրուկ տատանումները հարթեցնելու համար: Սեպտեմբերին միջազգային պահուստներն աննշան նվազել են (39 միլիոն ԱՄՆ դոլարով)` ներմուծման ծածկույթը հասցնելով 2.3 ամսվա, ինչն ամենացածրն էր անցած տասնամյակում:

Օգոստոսին առևտրային բանկերի ավանդներն ու վարկերն ավելացել են, համապատասխանաբար, 0.3 տոկոսով (ա/ա ՝ տվյալ ամիսը՝ նախորդ ամսվա նկատմամբ) և 3 տոկոսով (ա/ա), ինչին հիմնականում նպաստել են ՀՀ դրամով արտահայտված ֆոնդերը: 2023 թվականի համեմատ փոխարժեքով ճշգրտված ավանդներն օգոստոսին ավելացել են 9.9 տոկոսով (տ/տ), իսկ վարկերն ավելացել են 19.9 տոկոսով (տ/տ) (գծապատկեր 5): Դա վարկ-ավանդ գործակիցը 2023 թ. օգոստոսի վերջի 0.89 տոկոս ցուցանիշից բարձրացրեց մինչև 0.93 տոկոս` 2024 թ. օգոստոսի վերջի դրությամբ, ինչը դեռևս  1 տոկոսից ցածր է: Ֆինանսական ցուցանիշները պահպանել են կայունությունը. Կապիտալի համարժեքության գործակը (ԿՀԳ) եղել է կայուն

20.3 տոկոս` ինչպես հուլիսին էր: Չաշխատող վարկերի գործակիցը պահպանվել է ցածր` 1.3 տոկոս մակարդակում, իսկ ակտիվների եկամտաբերությունը հասել է 4.6 տոկոսի, և երկուսն էլ 0.1 տոկոսային կետով ավելի բարձր են, քան հուլիսին:

Օգոստոսին գրանցվել է 26.5 միլիոն ՀՀ դրամ պակասուրդ (տ/տ), որն ընդհանուր պակասուրդը հասցրել է տարեկան կանխատեսված ՀՆԱի 0.8 տոկոսին: Անվանական արտահայտությամբ` հարկային մուտքերը (այդ թվում` հիփոթեքի մասով եկամտային հարկի վերադարձը) օգոստոսին ավելացել են 11.1 տոկոսով (տ/տ): Բնապահպանական, շրջանառության և ակցիզային հարկերը գրանցել են աճի ամենաբարձր տեմպը, համապատասխանաբար, 40 տոկոս (տ/տ), 31 տոկոս (տ/տ) և 18 տոկոս (տ/տ): Ընդհանուր ծախսերն օգոստոսին ավելացել են 10.5 տոկոսով (տ/տ)` պայմանավորված հիմնականում սոցիալական պաշտպանության ոլորտի հատկացումներով, որը 29 տոկոսով ավելացավ (տ/տ) փախստականներին տրամադրվող աջակցության լրացուցիչ ծախսերի պատճառով: Միևնույն ժամանակ,  կապիտալ ծախսերն օգոստոսին նվազեցին 0.5 տոկոսով (տ/տ): Հանրագումարում` հարկային մուտքերն ավելացան

8.8 տոկոսով: Այնուամենայնիվ, չհաշված հիփոթեքային վարկերի մասով եկամտային հարկի վերադարձը (համադրելի անցած տարվան)` ընդհանուր հարկային եկամուտներն ավելացան ընդամենը 5.3 տոկոսով (տ/տ), իսկ ընդհանուր ծախսերն ավելացան 16 տոկոսով (հիփոթեքային վճարումների սալդոյով): Սա բյուջեի պակասուրդը հասցրեց 84.6 միլիարդ ՀՀ դրամի`  2023 թ. նույն ժամանակահատվածի 71.6 միլիարդ ՀՀ դրամ հավելուրդի համեմատ (գծապատկեր 6):

Գծապատկեր 1. Աճը չափավորվեց` օգոստոսին հասնելով 5.6 տոկոսի Գծապատկեր 2.  Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները մնացին կայուն, սակայն 2023  թ. ցուցանիշից ցածր
(Հայաստանի տնտեսական ակտիվության ինդեքս, փոփոխությունը տ/տ, %) (հազար ԱՄՆ դոլար, ՆԱՀ)
Աղբյուրը. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե Աղբյուրը` ՀՀ ԿԲ
Գծապատկեր 3. Գնաճը սեպտեմբերին նվազեց Գծապատկեր 4. Զբոսաշրջային ժամանումների թիվը և զբոսաշրջային ծառայությունների ներհոսքը նվազեց 2024թ. առաջին կիսամյակում (տ/տ)
( ՍԳՀ գնաճ, տ/տ, փոփոխություն, %) (միլիոն ԱՄՆ դոլար)              (հազար զբոսաշրջիկի հաշվով)
 Աղբյուրը` ՀՀ ԿԲ Աղբյուրը` BOP և Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե
Գծապատկեր 5. Առևտրային բանկերի ավանդներն ու վարկերը շարունակեցին աճել` վարկերի ավելի արագ աճով Գծապատկեր 6. Բյուջեի պակասուրդ գրանցվեց օգոստոսին` նախորդ տարիների հավելուրդի համեմատ
(տոկոս, տ/տ, փոխարժեքով ճշգրտված) (միլիարդ ՀՀ դրամ)
 

Աղբյուրը` ՀՀ ԿԲ

 

Աղբյուրը` Ֆինանսների նախարարություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031