Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Եթե Մհեր Գրիգորյանը չի հասկանում, բացատրեմ. կանոնակարգը ԱԺ-ում վավերացնելուց հետո Ադրբեջանն ասելու է. դե, պարտավորությունները, որ ստանձնել եք, կատարեք»

Հոկտեմբեր 21,2024 17:34

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում մանրամասն վերլուծեց ԱԺ նիստերի դահլիճում հոկտեմբերի 15-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հրավիրված խորհրդարանական հայտնի լսումների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ ՆԳ նախարարի, ՀՀ ԱԱԾ տնօրենի, ՀՀ ՀՔԾ պետի ներկայությամբ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջեւ ծագած թեժ բանավեճի ժամանակ միմյանց հասցեին հնչեցրած մեղադրական արտահայտությունների ժամանակ ենթադրյալ կոռուպցիայի եւ հովանավորչության առկայության մասին սկանդալային բացահայտումները:

Այնուհետեւ բանախոսն անդրադարձավ ԱԺ-ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողվում ընթացող «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը: «Այս պահին մենք այստեղ ենք խոսում, Մհեր Գրիգորյանը այնտեղ զեկուցում է: Ըստ տեղեկությունների, նա ասել է, թե չի հասկանում, թե ինչու Ադրբեջանը չպետք է վավերացնի սույն կանոնակարգը եւ հայտարարել է, որ, ըստ էության, սահմանների փոփոխություն տեղի չի ունեցել:

Եթե նա չի հասկանում, բացատրեմ: Իրենք արդեն հասել են վավերացման վերջին փուլին, չէ՞: Պառլամենտում են: Ադրբեջանը զուգահեռ տանո՞ւմ է այդ գործընթացը: Կառավարությունը հավանություն է տվել եւ ուղարկել է Սահմանադրական դատարան: ՍԴ-ն միջազգային պայմանագիրը քննության առնելու երեք ամիս ժամանակ ուներ: Կարող էին, չէ՞, սպասեին, տեսնեին՝ Ադրբեջանի կառավարությունը իրենց սահմանադրական դատարան ուղարկո՞ւմ է, թե՞ չէ: Եթե ուղարկում է, նոր այստեղ ՍԴ-ն տեսներ համապատասխանության հարցը: Այսինքն, իրենց սիրած բառով այդ գործընթացը հայելային լիներ:

Հիմա այդ համաձայնագիրը Ադրբեջանի պառլամենտո՞ւմ է: Ոչ: Բայց մեր պառլամենտում է: Այսօր երեկոյան ԱԺ խորհրդի նիստ է, վաղը քառօրյա նիստերը սկսվում են»,-ասաց Էդգար Ղազարյանը եւ վստահություն հայտնեց, որ դա լինելու է օրակարգի առաջին հարցը եւ վավերացվելու է 15 րոպեում:

«Ադրբեջանում այս պրոցեսը չկա: Այս համաձայնագրի վերջին կետում գրված է, որ կանոնակարգը մտնում է ուժի մեջ, երբ որ երկու երկրներում ավարտվում է դրա վավերացման գործընթացը եւ կողմերը միմյանց տեղյակ են պահում այդ մասին:

Հիմա դա, որ Հայաստանում ավարտվի, Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է տալու, ասելու է. Հայաստանում այս կանոնակարգի վավերացման գործընթացը ավարտվել է: Քանի որ դա Ադրբեջանում նույնիսկ չի սկսվել, կամ չի ավարտվել, իրենց կողմից այդ ստորագրվածը ուժի մեջ չի մտնում: Ադրբեջանը դա ոչ էլ կանի:

Սա հասկանալու համար պետք է խելք ունենալ: Ադրբեջանն ասելու է. ձեր կառավարությունով համաձա՞յն եք դրան՝ որոշումը կա, ձեր սահմանադրական դատարանով համաձա՞յն եք դրան՝ որոշումը կա, ձեր ազգային ժողովով համաձա՞յն եք դրան՝ վավերացումը կլինի, ձեր նախագահը ստորագրել եւ հրապարակե՞լ է՝ անկասկած կստորագրի, դե գնացեք եւ պարտավորությունները, որ ստանձնել եք, կատարեք: Իմ հետ ի՞նչ գործ ունեք»,- զգուշացրեց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031