Հայաստանի կառավարությունն այս փուլում չի քննարկում ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հարցը․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ
ՀՀ–ն կմասնակցի հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։
Ըստ փոխվարչապետի, այս պահին բարդ է գնահատել ԲՐԻԿՍ-ին անդամակցության հեռանկարները․ «ԲՐԻԿՍ-ի շրջանակում կոնսոլիդացիայի շուրջ դեռեւս այնքան քննարկումներ պետք է տեղի ունենան, որպեսզի մեզ եւ ձեզ համար հասկանալի լինի, թե դա ի՞նչ գործընթաց է, կլինի՞ այն, թե՞ չի լինի։ ԲՐԻԿՍ-ը շատ բարդ կոնսոլիդացիա ունի»։
Ի դեպ, հանձնաժողովում քվեարկությունից հետո, երբ ընդդիմադիրներն ասացին, որ իշխանությունները գնալու են, պետք չէ աթոռին կառչած մնալու համար նման գործընթաց իրականացնել, Մհեր Գրիգորյանը՝ «իշխանությունները գնալու են» արտահայտությանն ի պատասխան, կիսաձայն ասաց․ «Տա Աստված»: Նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին՝ ինքն է՞լ է ուզում, որ իշխանությունները հեռանան։ Սակայն Մհեր Գրիգորյանը հանդիմանեց, թե լսել եք մի բան, որը չպետք է լսեիք, իսկ եթե անգամ լսել եք, ապա հարցեր պետք չէ տալ դրա վերաբերյալ․ «Դուք պատահաբար եք լսել դա․․․ էդպես չի կարելի, հիմա հարց տալ»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Արձագանքելով այն դիտարկմանը, որ ըստ հայտարարագրերի՝ իր կինն ավելի հարուստ է, քան ինքը, Մհեր Գրիգորյանը ժպիտով նկատեց. «Բայց դա բնական չի՞․․․ միամիտ հարցեր եք տալիս»։