«Հայոց համազգային միասնություն» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Արմինե Սիմոնյանը, ՀՀՄ երիտասարդական միության անդամ Նանե Բաղդասարյանը ոստիկանների ապօրինի գործողությունների մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 18-ին` 23:15-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով անձինք՝ պարեկային ծառայության ուղեկցությամբ, առանց որևէ հիմնավորման կանգնեցրել են «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամների մեքենան, ինչից հետո ՀՀՄ փոխնախագահ Արարատ Ավետիսյանը, ԳՄ անդամներ Հայկ Ստեփանյանը և Արմինե Սիմոնյանը, ինչպես նաև կուսակցության երիտասարդական միության այլ անդամներ բռնի ուժով բերման են ենթարկվել ՆԳՆ ոստիկանության Երևանի Շենգավիթի բաժին:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է կուսակցության 8 անդամ, նրանցից 3-ը՝ երիտասարդ աղջիկներ:
Բռնի ուժի կիրառմամբ՝ անհիմն ձերբակալված ՀՀՄ կուսակցության 8 անդամները ողջ գիշեր Շենգավիթի բաժնում պահվելուց հետո ազատ են արձակվել:
Կարդացեք նաև
Ոստիկանության կողմից ներկայացված որևէ կասկած չի հիմնավորվել։
Բուժզննման արդյունքում Արմինե Սիմոնյանի մոտ ախտորոշվել է կապանաջլային վնասվածք ձախ ուսի հատվածում, հնարավոր է պատռվածքով, որն առաջացել է ոստիկանության ծառայողի կողմից բռնի ուժի կիրառմամբ բաժին բերման ենթարկելու ընթացքում։
Նանե Բաղդասարյանը վնասվածքներ է ստացել դաստակի և ուսի հատվածներում։ Ոստիկանների գործողություններից տուժել են նաև ՀՀՄ երիտասարդական միության այլ անդամներ։
Հավելենք՝ Ոստիկանության բաժնում ՀՀՄ կուսակցության որևէ անդամի չի տրվել հնարավորություն կապ հաստատելու փաստաբանի կամ հարազատի հետ:
Հայոց համազգային միասնություն