Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնիշխանության դիսկոնտավորումը մեզ ոչ ոք չի ների»․ Մհեր Գրիգորյան

Հոկտեմբեր 21,2024 16:23

«Խոսում են ապագա պատասխանատվության մասին, ձեզ թվում է՝ ես դա չե՞մ հասկանում: Բայց ես հասկանում եմ նաեւ մեկ բան՝ եթե մեր պրոբլեմները մենք չլուծենք, ոչ մեկը չի լուծի, կամ կլուծի երրորդ երկիր, իսկ դա ես համարում եմ դավաճանություն»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, իր ամփոփիչ ելույթում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ընդդիմադիր պատգամավորների  հնչեցրած մտահոգություններին ի պատասխան։

Փոխվարչապետի դիտարկմամբ՝ պետք է ունենալ համարձակություն՝ խնդիրներին լուծում տալ, ոչ թե «դելեգացնել 3-րդ ուժերի կամ 3-րդ երկրների», ինչը նշանակում է՝ «դիսկոնտավորել ինքնիշխանությունը» (դիսկոնտավորում.-(ֆին․) ֆինանսական միջոցների վաճառքն է՝ դրանց անվանական արժեքից զեղչով. խմբ.) , ինչն անթույլատրելի է․ «Դա մեզ ոչ մեկը չի ների, սահմանազատումը կների, թե չի ների՝ էական չէ, բայց ինքնիշխանության դիսկոնտավորումը հաստատ ոչ մեկը չի ների։ Ամեն ինչ շատ լավ հասկանալով՝ վստահ եղեք, որ որևէ կասկած ու որևէ մտահոգություն ես չունեմ՝ անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա»։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի մանրամասները ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ըստ այդմ, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել են կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնել հերթականությունն ու շարունակել սահմանի բոլոր հատվածների սահմանազատման գործընթացը, ներառյալ անկլավների եւ էքսկլավների հարցերը։ Կանոնակարգով լրացվում են հանձնաժողովների գործունեության իրավական հիմքերը․ «Կարգավորվում են նաեւ հետագայում կնքվելիք ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի մասին պայմանագրին առնչվող ընթացակարգային հարցերը, որում ՀՀ պետական սահմանի միջազգային իրավական հիմքերի ամրագրումը ՀՀ անվտանգության ապահովման, տարածքային ամբողջականության ապահովման իրավական երաշխիք է։ Կանոնակարգից բխում է, որ հետագայում երկու երկրների միջեւ կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, այն անցնելու է ներպետական ընթացակարգեր, որից հետո ուժի մեջ կմտնի սահմանագծի անցման նկարագրությունը»։

Նախագծի մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031