Այսօր վաղ առավոտից համառորեն լուրեր են շրջանառվում, որ «Բալասանյան դաշինքը» ներկայացնող Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է ներկայացրել, և որ տվյալ դաշինքի ավագանու անդամները ևս պատրաստվում են վայր դնել մանդատները։
Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը, սակայն հերքում է, նա Aravot.am-ին փոխանցեց, որ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը, իրենք այս պահին աշխատանքի մեջ են։
Այս խոսակցություններն առավել ակտիվացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ շաբաթ օրը Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շիրակի մարզի աշխատանքային խմբի նիստից հետո։
Թեև քննարկված թեմաների մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում, սակայն ենթադրություններ են հնչում, թե օրակարգում եղել է նաև Գյումրու քաղաքային իշխանությանը պաշտոնանկ անելու ու արտահերթ ընտրությունների գնալու հարցը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, «Սև Բերդ» ամրոցի հարակից հողամասերն ապօրինի օտարելու փաստով Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքի անդամների ու նրանց փոխկապակցված անձանց կալանավորումների ֆոնին Գյումրու քաղաքապետարանում անորոշ ու լարված իրավիճակ է ստեղծվել։
Վարդգես Սամսոնյանը ամսի 15-ից սկսած հեռավար է աշխատում (փոխքաղաքապետերից Սուրեն Ջանոյանը տնային կալանքի է ենթարկված, առաջին փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանը մասնավոր այցով ԱՄՆ-ում է, թեև նա պաշտոնական հանդիպումներ է ունեցել Գլենդելի քաղաքային իշխանության հետ), իսկ աշխատակիցները չգիտեն՝ իրենց ինչ է սպասվում, եթե իշխանափոխություն տեղի ունենա այս քաղաքում։
Նշենք, որ ըստ ՏԻՄ օրենքի հոդված 22-ի՝ այն է «Համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը
Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում է կառավարությունը, եթե`
1) նա հրաժարական է տվել.
2) դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
3) նրա նկատմամբ օրինական ուժի մեջ է մտել դատարանի մեղադրական դատավճիռը.
4) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, անհայտ բացակայող կամ մեռած է ճանաչվել.
5) նա խախտել է սույն օրենքի 21 հոդվածի պայմանները.
6) նա մահացել է:
Համայնքի ղեկավարը մարզպետի կամ ավագանու նախաձեռնությամբ` մարզպետի ներկայացմամբ կարող է պաշտոնանկ արվել կառավարության կողմից:
Մարզպետը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը ներկայացնում է կառավարություն, միաժամանակ դրա պատճենն ուղարկում համայնքի ղեկավարին: Համայնքի ղեկավարը պատճենը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում գումարում է համայնքի ավագանու արտահերթ նիստ: Համայնքի ավագանին իր նիստում քննարկում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին մարզպետի առաջարկությունը և ընդունում որոշում, որը ներկայացնում է կառավարություն: Վերջինս սահմանված կարգով քննարկում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու` մարզպետի առաջարկությունը:
Կառավարությունը համայնքի ղեկավարին կարող է պաշտոնանկ անել միայն օրենքով սահմանված պարտադիր կամ պետության կողմից պատվիրակված լիազորություններն անբավարար կատարելու դեպքում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից