Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի աշխատավարձերի իրական պատկերը․ մեկ երկիր, երկու տարբեր տնտեսություն. Աղասի Թավադյան

Հոկտեմբեր 21,2024 16:10

Աշխատավարձի միջինից այն կողմ

Երևանի սրտում, նորակառույց գրասենյակային շենքերում տեղակայված են Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտի ու ֆինանսական համակարգի ընկերությունները, որտեղ երիտասարդ մասնագետների աշխատավարձերը չեն զիջում Արևմտյան Եվրոպայի աշխատավարձերին։ Սակայն պատկերն այլ է ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռու՝ երկրի գյուղական շրջաններում, ինչպես նաև կրթական և գյուղատնտեսական ոլորտներում։ Մարզային բնակչությունը հազիվ է վաստակում հիմնական կարիքները հոգալու համար բավարար գումար։ Այս ցայտուն հակադրությունը զուտ պատահական օրինակ չէ. սա Հայաստանի՝ գնալով ավելի բևեռացող տնտեսության իրականությունն է, ինչպես ցույց է տալիս աշխատավարձերի վերաբերյալ այս վերլուծությունը։

Գծապատկեր 1.

 

Թվերը պատմում են մի ուշագրավ պատմություն։ 2018 թվականից սկսած բարձր վարձատրվող աշխատողների (վերին 10 տոկոսը) իրական աշխատավարձերը աճել են տպավորիչ 70.6%-ով։ Միևնույն ժամանակ, տնտեսական սանդղակի ստորին հատվածում գտնվողները (ստորին 10 տոկոսը) արձանագրել են համեստ 14.5% աճ։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե ընդհանուր աճը լավ լուր է։ Սակայն ավելի խորը ուսումնասիրությունը բացահայտում է առավել բարդ պատկեր։

Հայաստանի մայրաքաղաքը ոչ միայն երկրի քաղաքական և մշակութային կենտրոնն է, այլև վերածվել է տնտեսական հսկայի՝ ստվերի մեջ թողնելով երկրի մնացած մասը։ Ազգային աշխատավարձային ֆոնդի ապշեցուցիչ 80%-ը կենտրոնացած է Երևանում։ Քաղաքը մագնիսի պես ձգում է բարձր վարձատրվող աշխատատեղերը, հատկապես ֆինանսների և ՏՏ ոլորտներում՝ վերափոխելով երկրի տնտեսությունը։

Եկեք հասկանանք, թե ի՞նչ է սա նշանակում միջին վիճակագրական հայ աշխատողի համար։

Գծապատկեր 2.

 

Միջին թվաբանականը և մեդիանը․ տնտեսական իրողությունների դաս։

2024 թվականի օգոստոսի դրությամբ Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է 282,568 դրամ։ Տպավորիչ է հնչում, չէ՞։ Բայց իրականությունն ավելի հետաքրքիր է դառնում։ Մեդիան աշխատավարձը շատ ավելի լավ ցուցանիշ է այստեղ, որը ցույց է տալիս, թե ինչ է վաստակում տիպիկ հայը, զգալիորեն ցածր է՝ 223,000 դրամ։ Փաստացի մեդիան աշխատավարձը 21% ավելի ցածր է երկրի միջինից։

Որպեսզի հասկանանք, թե ինչու է սա կարևոր, եկեք մի փոքր խաղ խաղանք։ Պատկերացրեք մի տնտեսություն, որտեղ ընդամենը հինգ մարդ է աշխատում, և նրանք վաստակում են համապատասխանաբար 1, 2, 3, 4 և 10 դրամ։ Միջին աշխատավարձը (միջին թվաբանականը) կլիներ 4 դրամ։ Բայց արդյո՞ք սա իրականում ներկայացնում է այն, ինչ մարդկանց մեծ մասը վաստակում է։ Իհարկե ոչ։ Մեդիանը՝ միջին արժեքը, որը 3 դրամ է, մեզ շատ ավելի հստակ պատկերացում է տալիս միջին աշխատողի իրականության մասին։ Բանն այն է, որ անհավասարաչափ բարձր աշխատավարձերը իրենց վրա են ձգում թվաբանական միջինի արժեքը։

Ավելի պարզ ասած, եթե ուզում եք իմանալ «միջին աշխատավարձը», նայեք միջին թվաբանականին։ Բայց եթե ուզում եք հասկանալ «միջին աշխատողի աշխատավարձը», ապա մեդիանը ձեր ամենահարմար ցուցանիշն է։

Այժմ եկեք ավելացնենք հարկերը։ Հարկերը վճարելուց հետո 223,000 դրամ մեդիան աշխատավարձը նվազում է մինչև 161,750 դրամ։ Միջին աշխատավարձը հարկերից հետո հասնում է 206,426 դրամի։ Բայց թերևս ամենացնցող վիճակագրությունն այն է, որ հայ աշխատողների 25%-ը վաստակում է 175,000 դրամից պակաս (մինչև հարկումը), ինչը նշանակում է, որ նրանց տուն տարվող աշխատավարձը ընդամենը 128,250 դրամ է։

Նշենք, որ դիտարկված են գրանցված աշխատողների աշխատավարձերը։ Այս վերլուծությունը հաշվի չի առնում ընդհանուր զուտ եկամուտները, որոնք կարող են ձևավորվել այլ չգրանցված գործունեությունից։ Եթե ուզում եք իմանալ, թե որքան է Հայաստանի տնային տնտեսությունների իրական եկամուտը, ապա կարդացեք հետևյալ հետազոտությունը՝ Տնային տնտեսությունները աղքատացել են

Գծապատկեր 3.

 

Երբ հաշվի ենք առնում գնաճը, պատկերն էլ ավելի է բարդանում։ Գծապատկեր 3-ը բացահայտում է մի դաժան ճշմարտություն. ցածր եկամուտ ունեցող խմբերի համար իրական աշխատավարձերը մնացել են գրեթե անփոփոխ։ Այլ կերպ ասած, թեև նրանց անվանական աշխատավարձերը կարող են աճած լինել, նրանց գնողունակությունը չի փոխվել։

Գծապատկեր 4.

Մեր վերլուծությունը նաև ուսումնասիրում է, թե ինչպես է աշխատավարձերի բաշխումը փոխվել ժամանակի ընթացքում։ Թեև նկատվում է աստիճանական տեղաշարժ դեպի ավելի բարձր աշխատավարձային խմբեր, ամենաբարձր և ամենացածր վարձատրվողների միջև տարբերությունը մնում է ակնհայտ։ Պետք է հաշվի առնել, որ ի տարբերություն նախորդ գծապատկերների, 4-րդ ու 5-րդ գծապատկերները հաշվարկվել են մեթոդաբանությամբ, որը կարող է լիարժեքորեն չարտացոլել իրական պատկերը (տե՛ս մեթոդաբանություն հատվածը)։

Գծապատկեր 5.

 

Մեր նախորդ վերլուծության մեջ մենք առաջարկեցինք մի համարձակ ռազմավարություն՝ այս աճող անջրպետը հաղթահարելու համար։ Ներկայացնենք համառոտ ակնարկը․

Միջազգային ներդրողները միշտ էլ փնտրում են հարկային արտոնություններ, և սա կարող է լինել Հայաստանի առավելությունը կապիտալի ներհոսքը կառավարելու համար։ Մենք առաջարկում ենք ներդնել թիրախավորված հարկային արտոնություններ՝ խթանելու մարզերի զարգացումը, ակտիվացնելու արդյունաբերական գործունեությունը և ստեղծելու աշխատատեղեր Երևանից դուրս։

Մեր առաջարկն է այն մարզերում, որտեղ մասնավոր հատվածի աշխատատեղերը կեսից պակաս են պետական հատվածի աշխատատեղերից, առաջարկել արտոնյալ եկամտահարկի դրույքաչափեր՝ 0-10% (կախված արտադրության տեսակից) և շահութահարկի արտոնություններ արդյունաբերական կազմակերպությունների համար։ Այս խթանը կգործի այնքան ժամանակ, մինչև տվյալ մարզում մասնավոր հատվածի աշխատատեղերը երկու անգամ գերազանցեն պետական հատվածի աշխատատեղերը։

Ավելին՝ Մասնավոր աշխատատեղերի գրեթե 80 տոկոսը Երևանում է

Երևանը և Կոտայքի մարզը, որտեղ մասնավոր հատվածի աշխատատեղերն արդեն գերակշռում են, հարկային արտոնություններ չեն ստանա։ Սյունիքում և Արարատում, որտեղ մասնավոր և պետական աշխատատեղերի հարաբերակցությունը մոտենում է նպատակային ցուցանիշին, խթանները կարող են աշխատել ընդամենը մեկ-երկու տարի։ Սակայն պակաս զարգացած մարզերում, ինչպիսիք են Տավուշը, Շիրակը, Արագածոտնը և Գեղարքունիքը, որտեղ պետական հատվածի աշխատատեղերը դեռ գերազանցում են մասնավորին, այս խթանները կարող են իսկական փոփոխություն բերել։ Աշխատավարձային ֆոնդի 80%-ն արդեն Երևանում է, այսինքն՝ այս նախաձեռնությունը չի հանգեցնի հարկային կորուստների։ Այս նախաձեռնությունը կարող է իրականում ընդլայնել հարկման բազան՝ խրախուսելով ստվերային տնտեսությունում գործող բիզնեսներին դուրս գալ ստվերից։

Նախորդ նյութի ճշգրտում իրավաբանական տեսանկյունից

Մենք միշտ ձգտում ենք, որ մեր կողմից հրապարակվող աշխատությունները լինեն հնարավորինս օբյեկտիվ և ապաքաղաքական, որը միշտ չէ, որ հաջողվում է։ Tvyal.com-ի արժեքների հիմքում է ճշմարտությունը և ճշգրտությունը։ Նախորդ նյութը հրապարակելիս «Թավշյա իրարանցում և կազմակերպական փոփոխություն» առկա է մի կարևոր փաստարկի բացակայություն, որը նյութը գրելու պահին մեզ հասանելի չէր։ 2016թ. դեկտեմբերին վերացվեց «իրավաբանական անձանց միություն» (ԻԱՄ) կազմակերպաիրավական ձևը: Սահմանվեց, որ բոլոր նման կազմակերպությունները պետք է մեկ տարվա ընթացքում (մինչև 2017թ. վերջ) վերագրանցվեն որպես հասարակական կազմակերպություն (ՀԿ): Այս փաստարկը որոշակիորեն, սակայն ոչ ամբողջությամբ բացատրում է ՀԿ-ների տարօրինակ աճը 2017թ․ վերջին։ Կարևոր է նշել, որ մինչև 2017թ. վերջ Հայաստանում գրանցված էր 347 ԻԱՄ, որը զգալիորեն փոքր է 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գրանցված 737 ՀԿ-ների թվից: Սա պահանջում է հետագա հավելյալ հետազոտություն, որը կներառի նաև գրանցված կազմակերպությունների ամբողջական շարքը Հայաստանի երրորդ հանրապետության ձևավորման սկզբից։ Մանրամասները ավելացվել են տվյալ նյութի վերջում։

Աղասի ԹԱՎԱԴՅԱՆ
Tvyal.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031