Հոկտեմբերի 8-10-ը Գելենջիկում կայացել է խոշոր միջազգային գաստրոնոմիական մրցաշար: Հայաստանի թիմը 8 խոհարարների կազմով զբաղեցրել է երրորդ տեղը՝ նվաճելով 4 արծաթե եւ 8 բրոնզե մեդալ:
«Ունեցել ենք 2 թիմ եւ 2 անհատ մասնակից: 3 օրվա բուռն աշխատանքից ու տանջանքից հետո շահել ենք 4 արծաթե եւ 8 բրոնզե մեդալ՝ գրավելով երրորդ տեղը»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում նշեց շեֆ-խոհարար Յուրիկ Սարգսյանը:
«Թիմը կազմավորվել է շատ կարճ ժամանակահատվածում, ընդամենը 1,5 շաբաթվա ընթացքում: Շատ արագ ենք պատրաստվել: Առաջարկը ռուսական կողմից էր: Շատ հեղինակավոր ժյուրիի է գնահատել: Միայն Ռուսաստանի 90 քաղաքներից խոհարարներ են ժամանել, նաեւ եղել են խոհարարներ՝ Պաղեստինից, Իսրայելից, Ղազախստանից: Դժվար էր, բայց փառք Աստծո, հաղթանակով վերադարձանք»,-նշեց շեֆ խոհարար Գրիգոր Դանիելյանը, որը եղել է մրցույթի ժյուրիի կազմում:
Յուրի Սարգսյանը հավելեց, որ ըստ մրցույթի կանոնակարգի՝ թիմը պետք է բաղկացած լիներ 3 մասնակցից, կարող էին մասնակցել նաեւ անհատ խոհարարներ: Խոհարարները նախ պատրաստել են ձուկ, ինչի համար մեկ ժամ ժամանակ է տրվել: Երկրորդ փուլում՝ տավարի փափկամիս, ապա՝ գառան միս եւ խեցգետին: Առաջին տեղը գրավել է Ղազախստանը, երկրորդ տեղը՝ Ռուսաստանը, երրորդ տեղը՝ Հայաստանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ