ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր հինգ կողմ ձայներով հաստատվեց ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման-սահմանագծման կանոնակարգը։ Այն կքննարկվի առաջիկա քառօրյա նիստերում։ Կողմ քվեարկեցին միայն իշխող ՔՊ-ի անդամները։
Հայաստանի իշխանությունը հլու-հնազանդ անընդհատ գնում է զիջումների․ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Այս ողջ գործընթացի փաստարկված հակասահմանադրական բնույթն իր հաստատումը ստացավ նաև Սահմանադրական դատարանում, որտեղ գործող իշխանության կողմից կատարվեց ուղղակի քաղաքական պատվեր»,- ասաց նա՝ հավելելով, որ հաշվի առնելով այս ողջ գործընթացը, ինչպես նաև այսօր ԱԺ-ում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հնչեցրած մտքերը, «Հայաստան» խմբակցությունն առաջիկա ժամերին հանդես կգա հստակ հայտարարությամբ։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր քննում էր «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի մանրամասները ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ըստ այդմ, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել են կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնել հերթականությունն ու շարունակել սահմանի բոլոր հատվածների սահմանազատման գործընթացը, ներառյալ անկլավների եւ էքսկլավների հարցերը։ Կանոնակարգով լրացվում են հանձնաժողովների գործունեության իրավական հիմքերը․ «Կարգավորվում են նաեւ հետագայում կնքվելիք ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի մասին պայմանագրին առնչվող ընթացակարգային հարցերը, որում ՀՀ պետական սահմանի միջազգային իրավական հիմքերի ամրագրումը ՀՀ անվտանգության ապահովման, տարածքային ամբողջականության ապահովման իրավական երաշխիք է։ Կանոնակարգից բխում է, որ հետագայում երկու երկրների միջեւ կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, այն անցնելու է ներպետական ընթացակարգեր, որից հետո ուժի մեջ կմտնի սահմանագծի անցման նկարագրությունը»։
Կարդացեք նաև
Նախագծի մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարում՝ ՔՊ խմբակցության պատգամավորները Տավուշի սահմանագոտում