Կադաստրի կողմից վկայական տալը իրավունք լինել-չլինելու մասին վերջնական գնահատական չէ․ այսօր խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր հիշեցրել, որ մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը 1976 թվականի քարտեզների հիման վրա Տավուշում մի շարք բնակավայրերի միջև անհապաղ սահմանազատում իրականացնելու մասին արձանագրություն-նկարագրություն ստորագրեցին, ինչից հետո ՀՀ 4 գյուղ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա հիշեցրեց, որ Կիրանցում ադրբեջանական կողմին փոխանցվեց 30 անձի պատկանող 54 անշարժ գույք, որոնք բոլորը Կադաստրի կոմիտեի վկայականներ ունեին:
«Մենք շատ ենք ուսումնասիրել ամբողջ փաստաթղթային բազան։ Ես ինքս չեմ հասկանում` կադաստրը ի՞նչ հիմքով եւ ի՞նչ քարտեզի վրա է ֆիզիկական անձանց համար իրավունք գրանցել այն հատվածներում, որոնք հետո դարձան պրոբլեմ։ Եթե կադաստրն ունի քարտեզ, և դա լեգիտիմ է, մենք ինքներս դելիմիտացիայի ժամանակ կառաջնորդվենք այդ քարտեզով», – ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ սահմանի անգամ 5-կիլոմետրանոց շերտում չի կարելի գրանցել իրավունք։
«Բայց 2004 թվականից տեղի են ունեցել գրանցումներ, որոնց հիմքը ես ինքս չեմ կարողացել հասկանալ, և դրան պետք է տրվի իրավական գնահատական, որովհետև վկայական տալը իրավունք լինել-չլինելու մասին վերջնական գնահատական չէ։ Դրա տակ պետք է լինի իրավունքը հիմնավորող փաստաթուղթ, որը տվյալ պարագայում ուղղակի գոյություն չունի, կամ մենք այդպես էլ չկարողացանք գտնել այդ փաստաթուղթը»,–ասաց Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շանս ունենան բանակցություններն անցկացնելու երկկողմ ձևաչափով` առանց երրորդ կողմի միջնորդության. «Վեճերի լուծման կարգը շատ բարդ բան է, բոլորս շատ լավ հասկանում ենք, ես էլ՝ այդ թվում, որովհետև եղել եմ այդ վեճերի լուծման մեջ, բայց եթե մենք երրորդ երկիր բերենք, դարձնենք արբիտրաժ, ես չգիտեմ` ինչ շահերի բախում կլինի»,-ասաց նա` հավելելով, որ երրորդ երկրի ներգրավմամբ հնարավոր է այնպիսի ռիսկեր առաջ գան, որ հայկական կողմի կամքից անկախ՝ լինեն որոշումներ, որոնք պարտադիր լինեն, իսկ ստորագրողները չկարողանան պատասխան տալ, թե ինչո՞ւ դա ստորագրվեց։
Մանրամասները՝ տեսանյութում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր քննում է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի մանրամասները ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ըստ այդմ, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել են կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնել հերթականությունն ու շարունակել սահմանի բոլոր հատվածների սահմանազատման գործընթացը, ներառյալ անկլավների եւ էքսկլավների հարցերը։ Կանոնակարգով լրացվում են հանձնաժողովների գործունեության իրավական հիմքերը․ «Կարգավորվում են նաեւ հետագայում կնքվելիք ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի մասին պայմանագրին առնչվող ընթացակարգային հարցերը, որում ՀՀ պետական սահմանի միջազգային իրավական հիմքերի ամրագրումը ՀՀ անվտանգության ապահովման, տարածքային ամբողջականության ապահովման իրավական երաշխիք է։ Կանոնակարգից բխում է, որ հետագայում երկու երկրների միջեւ կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, այն անցնելու է ներպետական ընթացակարգեր, որից հետո ուժի մեջ կմտնի սահմանագծի անցման նկարագրությունը»։
Նախագծի մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ