Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ հարցը գնում է Ադրբեջանին ինչ-որ տարածքներ զիջելու մասին՝ անգիր գիտեք, թե ո՞ր քարտեզն է»․ Աննա Գրիգորյանը՝ Մհեր Գրիգորյանին

Հոկտեմբեր 21,2024 13:38

«Նույնիսկ միայն գլխավոր շտաբի քարտեզի վրա հղում տալը՝ կախված տեղանքից, մասշտաբից եւ բաց տեղերից, շատ բան չեմ ուզում ասել, բայց այսօր մեկ քարտեզի վրա հղում տալը շատ ռիսկային կլինի, թե այս փուլում, թե որեւէ այլ։ Այդ է պատճառը, որ կանոնակարգում որեւէ քարտեզի վրա հղում չենք տվել»-խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցերին։ Նա հետաքրքրվել էր՝ ինչո՞ւ քննարկվող նախագծում քարտեզներին, մասնավորաբար, 1976-ի քարտեզին, հղում չկա, ինչի հիման վրա, ըստ փոխվարչապետի ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատում եւ սահմանագծում պետք է իրականացվի։

Աննա Գրիգորյանի եւ այլ պատգամավորների հարցերին ի պատասխան, ի դեպ, փոխվարչապետը պարբերաբար առաջարկում էր վերաբերելի քարտեզների մասին բաց քննարկումներ չանել՝ պատճառաբանելով տակտիկական հարցերը:

Աննա Գրիգորյանն արձագանքեց՝ հայ մարդը վստահ չէ, որ կանոնակարգը հաստատելուց հետո սահմանազատման գործընթացում Հայաստանի բռնազավթված տարածքները վերադարձվելու են, ՀՀ փոխվարչապետն էլ ասում է՝ չգիտի այդ հարցի պատասխանը, բայց կանոնակարգը պետք է հաստատվի, որ սահմանազատման գործընթացը շարունակվի․ «Երբ հարցը գնում է Ադրբեջանին ինչ-որ տարածքներ զիջելու մասին՝ անգիր գիտեք, թե ո՞ր քարտեզն է․ 1976 թվականի քարտեզն է, նույնն արել էք Սյունիքում, հիմա հերթը հասել է Ջերմուկին եւ հարցնում ենք, թե ո՞ր թվականի քարտեզով պետք է դուրս գան, ասում եք, թե այն դեռ պետք է քննարկվի, պետք է հասկանանք։ Տավուշից տարածքներ զիջելը հստակ է, բայց այդ նույն քարտեզով չի՞ երեւում, որ Ջերմուկից պետք է դուրս գան»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր քննում է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի մանրամասները ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ըստ այդմ, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել են կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնել հերթականությունն ու շարունակել սահմանի բոլոր հատվածների սահմանազատման գործընթացը, ներառյալ անկլավների եւ էքսկլավների հարցերը։ Կանոնակարգով լրացվում են հանձնաժողովների գործունեության իրավական հիմքերը․ «Կարգավորվում են նաեւ հետագայում կնքվելիք ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի մասին պայմանագրին առնչվող ընթացակարգային հարցերը, որում ՀՀ պետական սահմանի միջազգային իրավական հիմքերի ամրագրումը ՀՀ անվտանգության ապահովման, տարածքային ամբողջականության ապահովման իրավական երաշխիք է։ Կանոնակարգից բխում է, որ հետագայում երկու երկրների միջեւ կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, այն անցնելու է ներպետական ընթացակարգեր, որից հետո ուժի մեջ կմտնի սահմանագծի անցման նկարագրությունը»։

Նախագծի մանրամասները՝ տեսանյութում

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031