«Միսս Տիեզերք Արմենիա» ընտրված Իրինա Զախարովան չի մասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին, այս մասին նշված է Miss Universe Armenia-ի ինստագրամյան էջում: Ըստ նույն աղբյուրի, Իրինա Զախարովան հրաժարվել է մասնակցել մրցույթին՝ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված
Հիշեցնենք, որ «Միսս տիեզերք-Հայաստան» մրցույթն իր գոյության պատմության մեջ առաջին անգամ անցկացվել էր ոչ թե Հայաստանում, այլ Մոսկվայում: Ժյուրիի անդամները ռուսներ են եղել: Եվ առաջին դեպքն էր, որ «Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանը պետք է ներկայացներ ոչ թե հայուհի, այլ ազգությամբ ռուս Իրինա Զախարովան:
Aravot.am-ի տեղեկություններով,«Միսս տիեզերք Հայաստան» մրցույթի անցկացման իրավունքները ձեռք բերած՝սկանդալային համբավ եւ կենսագրություն ունեցող Յուլյա Պավլիկովան աջակցության համար դիմել էր ինչպես հայտնի գործարարների, այնպես էլ պետական կառույցների, սակայն մարդիկ չեն ցանկացել որեւէ առնչություն ունենալ կասկածելի պայմաններում անցկացված մրցույթի հետ, որի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել ինչպես հայաստանյան, այնպես էլ դրսի լրատվամիջոցներում:
Կարդացեք նաև
Ի թիվս այլ տեղեկությունների, Aravot.am-ի ձեռքի տակ է հայտնվել Յուլյա Պավլիկովայի պատրաստած նամակը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին: Ի դեպ, Հայաստանը տարիներ շարունակ չի մասնակցել «Միսս տիեզերքին», եւ դա որեւէ հետեւանք չի առաջացրել, չնայած Պավլիկովան «սպառնացել» է, թե չմասնակցելը կարող է մեծ ռեզոնանս ունենալ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ