Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման-սահմանագծման կանոնակարգը գործընթացի միակ կամ հիմնական իրավական հիմքը չէ․ Մհեր Գրիգորյանը՝ Քրիստինե Վարդանյանին

Հոկտեմբեր 21,2024 13:08

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման-սահմանագծման կանոնակարգը, որպես փաստաթուղթ միակ կամ հիմնական իրավական հիմքը չէ սահմանազատման գործընթաց իրականացնելու համար․ այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցերին։

Քրիստինե Վարդանյանը հետաքրքրվել էր` ի՞նչ իրավական հիմքով է 2024 թվականին Տավուշում իրականացվել զորքերի հետքաշում, ինչպե՞ս է ստացվել, որ այն փաստաթուղթը, որի հիման վրա գործընթացն իրականացվել է, քննարկվում է միայն հիմա՝ փաստացի գործընթացից 6 ամիս հետո, ՍԴ-ն էլ մի քանի օր առաջ է որոշել, որ կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը։

«Ի՞նչ էիք անելու, եթե ՍԴ-ն ասեր՝ սահմանադրական չէ»,- փոխվարչապետին հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։

«Առաջին հատվածի իրականացման արդյունքում այն փորձը, որ ստացանք, ուղղակի ամրագրեցինք, որպեսզի ամեն անգամ ուրիշ հատվածներում աշխատելիս նույն հարցերին չանդրադառնանք։ Այն, ինչ գործընթացի հետ պայմանավորված էր այդ հատվածում, ուղղակի արտացոլվեց կանոնակարգում»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ Տավուշի մարզում սահմանի գիծը վերականգնել են, ու 100 մետրի շրջանակում որևէ օպտիմիզացիա տեղի չի ունեցել․ «Գիծն անցել է 100 մետրի մեջտեղով՝ 50 մետր էս կողմից, 50 մետր մյուս կողմից, բայց հենց Կիրանցում փորձը ցույց տվեց, որ օպտիմիզացիայի ինստիտուտը պետք է կիրառենք, իհարկե, փոխադարձ համաձայնությամբ և դա պետք է ամրագրվի միջպետական համաձայնագրով։ Եվ այս իմաստով, կանոնակարգը միակ փաստաթուղթը չէ, կամ բնավ այն հիմքը չէ իրավական, որի հիման վրա սահմանը վերականգնվելու է»։

Մհեր Գրիգորյանը հայտարարեց՝ շատ ավելի կարևոր է, թե գիծը, որը վերականգնվում է, ինչ իրավական բազայով է հիմնավորված եղել Խորհրդային Միության ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր քննում է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի մանրամասները ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նախագծի մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031