Թե ո՞ր հատվածում է լինելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաջորդ սահմանազատումը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ դրա վերաբերյալ նույնիսկ քննարկումներ դեռ չեն եղել։ Հարցը տվել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։
Նա նաեւ հետաքրքրվել էր, թե ի՞նչ սկզբունքով է որոշվել, որ Տավուշի հատվածում է պետք սկսել սահմանազատում-սահմանագծում իրականացնելը։
«Մի սահմանում կա, որը կարծես թե, ռեալ պայմանավորվածություն է՝ կոնսենսուսով պետք է որոշվի։ Կողմերից որեւէ մեկը չի գալու ու ասի՝ եկեք շարունակենք այս հատվածում՝ ի տարբերություն Տավուշի։ Ի դեպ, այդ հատվածն ամենաբարդն էր։ Ի վերջո, երկար քննարկումներից հետո ձեռք բերվեց կոնսենսուս, որ ամենաբարդ հատվածում սկսենք գործընթացը»,- ասաց Մհեր Գրիգորյանը։
Փոխվարչապետը նաեւ հավելեց․ «Խոսքը չի վերաբերում նրան, որ պետք է հատվածական սահմանազատում արվի, սահմանազատման աշխատանք պետք է արվի, բայց կանոնակարգում հստակ գրված է՝ վերջում պայմանագիր ստորագրելուց պայմանագրին կից պետք է լինի միասնական արձանագրություն-նկարագրություն, որը նկարագրում է Հայաստանի ու Ադրբեջանի ողջ սահմանը։ Ես չեմ բացառում՝ կան ռիսկեր, որ գործընթացը կխզվի կամ չի ավարտվի, բայց չկա ռիսկ, որ մի հատված կլինի իրավաբանորեն ձեւակերպված որպես սահման, իսկ հետո պայմանագիր չի ստորագրվի ու դա չի կլանվի»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր քննում է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի մանրամասները ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նախագծի մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ