Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմքը 1976 թվականի գլխավոր շտաբի քարտեզն է․ Մհեր Գրիգորյանն՝ Արմեն Ռուստամյանին

Հոկտեմբեր 21,2024 12:46

Ինչո՞ւ է Հայաստանը որոշել կանոնակարգի առաջանցիկ վավերացումը, երբ հայտնի չէ՝ Ադրբեջանը կվավերացնի՞ թե՝ ոչ․ այս հարցն այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին տվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր քննում է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի մանրամասները ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նախագծի մանրամասները՝ տեսանյութում

 

Արմեն Ռուստամյանը Մհեր Գրիգորյանից նաեւ հետաքրքրվել էր՝ ինչո՞ւ է կանոնակարգը բերվել ԱԺ վավերացման, քանի որ նման իմպերատիվ պահանջ չկա։

Մհեր Գրիգորյանը մանրամասնեց՝ կա վերջին փուլը, երբ միջազգային իրավունքի համաձայն, Հայաստանը եւ Ադրբեջանը փոխանակվելու են ծանուցումների բնօրինակով եւ եթե որեւէ մի կողմը վավերացում չունենա, ծանուցումների փոխանակում տեղի չի ունենա, հետեւաբար, չի ստեղծվի մի իրավիճակ, որ մեր վավերացումը ուժ ունենա, Ադրբեջանինը՝ ոչ։

«Չեմ հասկանում, ինչո՞ւ չպիտի Ադրբեջանում չվավերացվի կանոնակարգը»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Ավելի վաղ, լրագրողների հետ զրույցում էլ փոխվարչապետը հայտնել էր, թե մտավախություն չունի, որ Ադրբեջանը չի վավերացնի սահմանազատման կանոնակարգը․ «Ես կարծում եմ սինխրոն էլ ընթանում է գործընթացը, ուղղակի չգիտեմ՝ ո՞ր փուլում է Ադրբեջանի հանրապետությունում գործընթացը, բայց ստորագրման պահին և ստորագրման տրամաբանությունը ենթադրում է, որ սինխրոն պետք է լինի գործընթացը»։

Արմեն Ռուստամյանը Մհեր Գրիգորյանին հիշեցրեց հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների ճակատագիրը՝ հակադարձելով. «Էդ ենք ասում, ինչո՞ւ եք առաջ ընկել»։ Նա նաեւ նկատեց․ «Տեղորոշումը ասում եք ինչ-որ շտաբի քարտեզներով ենք արել․ չկա նման բան մեր օրենքում գրած։ Էդ շտաբի քարտեզը միայն Տավուշի 12 կմ-ի՞ համար էր, մյուս հատվածներն էլ անեիք էդ քարտեզով»։

Նա նաեւ նկատեց, որ համատեղ հանձնաժողովը խորհրդակցական մարմին է եւ լիազորություն չունի միջպետական համաձայնագրեր ստորագրել։

«Սահման գծելու խնդիր մեր առջեւ չենք դրել, դրված է սահմանը վերականգնելու խնդիր՝ իրավականորեն հաստատված փաստաթղթերով, որոնք այն ժամանակ իմպերատիվ են եղել, թե մեր, թե Ադրբեջանի համար»,- պատասխանեց Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ դա 1976 թվականի ԳՇ քարտեզն է՝ պատգամավորին առաջարկելով ասել, թե իր կարծիքով ո՞ր քարտեզն է ավելի իրավական կամ հիմնավորված։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031