Հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին է փոխանցվել Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին 2024 թվականի սեպտեմբերի 2-ին ուղղված դիմումի պատճենը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Պարոն նախարար,
Կարդացեք նաև
2024 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության քաղաքացիական հասարակության ավելի քան 50 կազմակերպություններ Ուղերձ են հղել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Գործող նախագահ պարոն Յան Բորգին:
Այդ Ուղերձի պատճենն ուղարկում ենք Ձեզ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավարի:
Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը բավարար իրավունքներ և պարտավորություններ ունի Արցախի Հանրապետության քաղաքացիների հավաքական ու անհատական հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում, ինչն ամրագրված է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում ընդունված փաստաթղթերում:
Ադրբեջանի ղեկավարությունը չի դադարեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի լուծարման փորձերը: Իր ապօրինի նկրտումներին իրավազորություն հաղորդելու նպատակով ադրբեջանական կողմը Հայաստանից լկտիաբար պահանջում է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման խնդրանքով:
Կարևոր ենք համարում նշել, որ Հայաստանի իշխանությունները չպետք է համաձայնվեն պաշտոնական Բաքվի այս և համանման պահանջներին, քանի որ դրանց ընդունումը ոչ միայն նվաստացուցիչ է հայ ժողովրդի համար, այլև Հայաստանին զրկելու է Արցախի քաղաքացիների կենսականորեն կարևոր շահերի ու իրավունքների և ՀՀ պետական շահերի պաշտպանության հարցում միջազգայնորեն ճանաչված ռազմավարական նշանակության մեխանիզմից:
ԵԱՀԽ/ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանը լիարժեք իրավունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցին: Ավելին՝ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձևերով Հայաստանն օժտվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոշակի գործառույթներով: Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի ապօրինի զավթման փաստը, էթնիկ զտումը և բնիկ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններն ամենևին էլ չեն նշանակում, որ խաղաղության միջազգային համաժողովում Լեռնային Ղարաբաղի իրավաքաղաքական կարգավիճակի որոշման և Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության հարցը փակված է:
Խիստ դատապարտելի ու կործանարար համարելով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը և դրանից բխած գործողությունները՝ այժմ էլ արձանագրում ենք, որ ԵԱՀԿ շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում ստանձնած միջազգային պարտավորություններից Հայաստանի իշխանությունների արդեն ֆորմալ հրաժարումը բացարձակապես հիմնազուրկ ու խիստ վտանգավոր է: Ավելին՝ այն խթանում է ՀՀ-ի նկատմամբ Բաքվի վարչակարգի անհիմն հավակնությունները:
Վստահ ենք, որ Հայաստանի իշխանությունները պետք է սկզբունքորեն և հետևողականորեն հետամուտ լինեն ՀՀ կառավարության դատական հայցերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարմանը:
Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի բռնատեղահանված բնակչությանն ընդունած երկիր, իրավունք ունի և պարտավոր է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ջանքեր գործադրել Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիք հավաքական, անվտանգ, արժանապատիվ ու կայուն վերադարձի և կյանքի, Արցախի հոգևոր-մշակութային հարուստ ժառանգության պաշտպանության, ադրբեջանական գերության մեջ ապօրինի պահվող անձանց ազատման, ինչպես նաև մեր քաղաքացիների մասնավոր ու հանրային սեփականության պահպանության ու պաշտպանության ուղղությամբ:
Հարկ է ընդգծել նաև, որ առանց հայ-ադրբեջանական հակամարտության հիմնական հարցերի (այդ թվում՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, անվտանգության ու իրավունքների երաշխավորման, Արցախի միջազգային կարգավիճակի որոշման) հասցեագրման՝ անհնար է պատկերացնել որևէ տևական, արդար ու արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասում: Ուստի, հայ-ադրբեջանական բանակցություններում այս և մի շարք այլ կարևորագույն հիմնախնդիրների դիտավորյալ անտեսումը չի կարող իրավաչափ ու արդյունավետ հիմքեր ձևավորել կայուն, արդար ու արժանապատիվ խաղաղության համար:
Արցախի ՀԿ–ների ստորագրություններ՝
- «Դիզակ Արտ» մշակութային ՀԿ
- «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ
- «Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ
- «Արմատ և սաղարթ» ՀԿ
- «Մայրություն» ՀԿ
- «Երիտասարդ իրավաբաններ» ՀԿ
- «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ՀԿ
- «Զարգացում» ՀԿ
- «Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» ՀԿ
- «Կին փախստականների միություն» ՀԿ
- «Արցախի ժուռնալիստների միություն» ՀԿ
- «Արցախի պահեստազորի սպաների միավորում» ՀԿ
- «Արցախի կույրերի միավորում» ՀԿ
- «Արցախի նկարիչների միություն» ՀԿ
- «Երիտասարդական հասարակական հետազոտությունների կենտրոն» ՀԿ
- «Էկո Արցախ» ՀԿ
- «Արցախի մշակութային ժառանգության պահպանության խորհուրդ» ՀԿ
- «Միասնական Հայաստան» հայրենասիրական ՀԿ
- «Արցախի Արվեստագործների միություն» ՀԿ
- «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ
- «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ
- Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն ՀԿ
- «Վիրավոր ազատամարտիկների միավորում» սոցիալ-իրավական ՀԿ
- «Կռունկ» արցախահայության իրավունքների պաշտպանության ՀԿ
- «Արցախի մայրերի աջակցության կենտրոն» ՀԿ
- «Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության ծառայություն» ՀԿ
- «Մեր տուն Արցախ» ՀԿ
- Բռնի տեղահանված արցախահայերի արհմիություն
- «Արցախի Ժողովրդավարական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ
- «Կրթական, հոգեբանական աջակցություն» ՀԿ
- «Երկխոսության կամուրջ» ՀԿ
- «Արցախի արծիվներ» ՀԿ
- «Իմ իրավունքը» քաղաքացիական շարժում
- ՕՕ «Ավանդական քիքբոքսինգի ֆեդերացիա» ՀԿ
- «Արցախի դիվանագետների միություն» հասարակական նախաձեռնություն
- «Հավասար հնարավորությունների հայրենիք» հասարակական շարժում
- ԼՂՀ մարզական տուրիզմի ֆեդերացիա
- Խուլ ու համրերի հասարակություն
- «Հանգանակ» ԲՀԿ
- «Արցախից Արցախ» տեղեկատվական, վերլուծական, հետախուզական, իրավապաշտպան կենտրոն ՀԿ
- «Վիտա» ՀԿ
- «Արցախի միություն» ՀԿ
- «Առաջ արցախ» ՀԿ
- «Դիզակ» թերթ
- «ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
- ԼՂՀ փախստականների միություն
- «Արցախից տեղահանված արցախցիների» ՀԿ
- «ՄեդիաՍտեփ» ՀԿ
- Ստեփանակերտի մամուլի ակումբ ՀԿ
- Ազգային Արցախ ՀԿ
- «Վերածնված հայրենիք» ՀԿ
- «Ավագների խորհուրդ» ՀԿ
- Արցախի գրողների միություն ՀԿ
- Արցախի երիտասարդների զարգացման կենտրոն ՀԿ
- «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն»
- Արցախի պառլամենտականների ասոցիացիա
- «ԼՂՀ խուլերի միավորում» ՀԿ