Լրահոս
Օրվա լրահոսը

Ունկնդիրը, երաժիշտների նման, ուշադիր հետևում էր դիրիժորի ձեռքերի պլաստիկային, որոնք իր հերթին կարծես մի տեսակ տեսանելի երաժշտություն լինեին

Հոկտեմբեր 21,2024 12:24

Երևանում տարիներ շարունակ, ավելի ճիշտ` տասնամյակներ շարունակ, դասական երաժշտության ոլորտում նախապես չորոշված, չհայտարարված ու չպայմանավորված մի հրաշալի ոչ մրցութային, այլ ավելի շուտ սուր մրցումային կարգի դասական երաժշտական երևույթ կա, որ երկկողմանի «խախտում են» իրենց երաժշտական «պարտականությունները», սակայն որից մեծապես շահում է երաժշտասեր հանրությունը, որ ամեն անգամ սիրով ու անհամբեր սպասում է իրենց ուղիղ «պարտականությունների նոր խախտմանը»: Խոսքը` Երևանի թամանյանական գլուխգործոց շենքի մեկը մյուսից շքեղ երկու հրաշալի դահլիճներում` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահի մասին է, որտեղ օպերա-բալետային թատրոնը բեմը փոխում է համերգասրահի և հանդես է գալիս դասական համերգային կատարումներով, իսկ ֆիլհարմոնիկ նվագախումբը իր հերթին բեմը փոխակերպում է թատերական բեմի և հանդես է գալիս օպերային ներկայացումների թատերա-համերգային կատարումներով:

Թվում է, թե օպերան պիտի մնա օպերայում, իսկ դասական համերգը պիտի մնա ֆիլհարմոնիայում և այդ յուրօրինակ օրինախախտումների հիմնական մեղավորները ոչ ավել ոչ պակաս ՀՀ վաստակավոր արտիստներ, մեկը մյուսից ավելի տաղանդավոր դիրիժորներ Կարեն Դուրգարյանն ու Էդուարդ Թոփչյանն են, երկուսն էլ արագագործ, կամային, ամենահաս, հյուրախաղերով գերծանրաբեռնված, բայց այս «անտրամաբանական» իրականության երևանյան հրաշալի ավանդությունը շատ ավելի սիրելի է, քան «տրամաբանական» պարտականությունների կատարումը:

Ահա այս անգամ ևս, մի քանի օր առաջ, ավելի որոշակի` հոկտեմբերի 16-ին, Ազգային օպերային թատրոնի բազմաճկուն բեմը վերափոխվել էր համերգային բեմի, վեր էր բարձրացել նվագախմբային «փոսը», բեմի լեզվակը առաջ էր եկել դեպի դահլիճ, որն էլ թատերական դահլիճից վերափոխվել էր ճոխ համերգասրահի: Իսկ վերափոխված համերգաբեմում երկու բաժնով պետք է կայանային երկու շքեղ կոնցերտներ, առաջին բաժնում` Անտոնիո Վիվալդիի հայտնի և սիրված «Տարվա եղանակներ» ջութակի և լարային նվագախմբի համար գրված չորս կոնցերտներից բաղկացած շարքը, իտալացի ջութակահար Ֆաբրիսիո Ֆալասկոյի և ազգային օպերային թատրոնի վերափոխված նվագախմբի կատարմամբ, իսկ երկրորդ բաժնում պետք է կատարվեր Վոլֆգանգ Մոցարտի դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրված 21-րդ կոնցերտը Վահագն Պապյանի կատարմամբ: Երկու բաժինների երկու գործերն էլ ղեկավարելու էր ծրագրի նախաձեռնության հեղինակ, ազգային օպերային թատրոնի տնօրեն և երաժշտական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Կարեն Դուրգարյանը:

Բայց քանի որ մեր ասելիքը այս ազդագրային հայտարարությունից դուրս է, զուտ տեղեկատվական այս հատվածը մեր ընթերցողին ներկայացնում ենք, որպեսզի փորձենք ներկայացնել այն բացառիկ երաժշտական մթնոլորտը և դրա մշակութային նշանակությունը մեր կյանքում, ինչը թևածում էր դահլիճում և, ինչը, լայն առումով, իմաստավորում է մեր ապրած մարդկային կյանքը, շեշտում է արվեստի խիստ անհրաժեշտությունը, ավելին` կենսական անհրաժեշտությունը մարդու և պետության կյանքում:

Մենք զերծ կմնանք նաև ստեղծագործությունների հեղինակների մասին գրելուց, քանզի Վիվալդիի և Մոցարտի մասին անգամ ամենակարճ ձևակերպումներ գրելու համար, որևէ այլ նյութի հնարավոր չէ անդրադառնալ, այնքան բեղուն, բազմաբովանդակ, երաժշտական առումով հանրագիտարանային ու բազմաժանր է եղել նրանց գործունեությունը, որ նույնիսկ սեղմ թվարկման կարգով որևէ այլ նյութի տեղ չի մնա:

Զարմանալի էր նաև բեմում կանգնած երիտասարդ ջութակահարի մասին առկա տեղեկատվությունը, որ իր ներկայացրած Վիվալդի հեղինակի նման ուղղակի անհնար է թվարկել այն մրցույթներն ու համաշխարհային փառատոները, երաժշտական կոլեկտիվներն ու հաստատությունները, որոնց մասնակիցը, հաղթողն ու անդամակիցն է Ֆաբրիսիո Ֆալասկան: Միակ անհամապատասխանության զգացողությունն այն է, թե ինչպե՞ս ու ե՞րբ է համեստ ու զուսպ այս իտալացի երիտասարդը հասցրել զուտ ֆիզիկապես այդքան տեղերում լինելու և այդքան ծանրակշիռ կազմակերպություններին անդամակցելու:

Թերևս ընթերցողին միայն երկու տող ներկայացնենք իր մեկ էջ կազմող մասնակցության թվարկումներից. «…ներկայումս նա Պոտենցիայի (Իտալիա) կոնսերվատորիայի և Լոնդոնի երաժշտական կատարողական ակադեմիայի պրոֆեսոր է: Նվագում է J.Guarneri 1727 ջութակ, որը նվեր է Բարիսոնների ընտանիքից»:

Սակայն այս մասին չէ նաև, որ ուզում ենք գրել, այլ այս տեղեկությունների մասին հայտնում ենք, որ գրենք շքեղ, բարձրակարգ ու բարձրաճաշակ երաժշտության մասին, որ ունկնդրին պարգևեցին գերազանց ջութակահարն ու փայլուն նվագախումբը, որի հիացական ու նուրբ կատարողականությունը հիացմունքի աստիճանի հասնող վարպետությամբ էր կառավարում դիրիժոր Կարեն Դուրգարյանը և դահլիճում նստած ունկնդիրը ոչ միայն փառավորվում էր, որ լսում է մեծ կոմպոզիտորի փառահեղ երաժշտությունը, այլև որպես հանդիսատես, երաժիշտների նման ուշադիր հետևում էր դիրիժորի ձեռքերի պլաստիկային, որոնք իր հերթին կարծես մի տեսակ տեսանելի երաժշտություն լինեին:

Հրաշալի առաջին բաժնից հետո դժվար էր պատկերացնել, թե ինչ մի նոր աստիճանով պետք է ներկայացվի երկրորդ բաժինը, որը կարողանա ապահովել գոնե առաջին բաժնի ճոխ տպավորությունը: Միանգամից հայտնենք, որ ընդմիջման ընթացքում լարային նվագախումբը, որը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նույն նվագախումբն էր, վերափոխվեց սիմֆոնիկ մեծ նվագախմբի, բեմում իր տեղը գտավ բարձրակարգ ռոյալը և ունկնդիր-հանդիսականը անհամբեր սպասում էր երկրորդ բաժնին, որտեղ պիտի հնչեր Մոցարտի 27 դաշնամուրային կոնցերտներից 21-րդը Իսրայելից հրավիրված Վահագն Պապյանի, ազգային օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:

Առաջ անցնելով հայտնենք, որ երկրորդ բաժինը սպասվածից շատ ավելի ավելին էր, դա կատարողական այն մակարդակներից էր, որ ամբողջ կոնցերտի ընթացքում շունչդ պահած հետևում ես ամեն մի նոտայի հնչողությանը, և նույնիսկ ավելին՝ առանց աչքդ կտրելու, ուղղակի դիտում ես ամենաբարձրակարգ երաժիշտների կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ աշխարհի ամենաբարձրակարգ երաժիշտների, դիրիժորի ձեռքերի և պարզապես վիրտուոզ դաշնակահարի մարմնի ու ձեռքերի ամեն մի շարժումը, քանզի այնքան օրգանական է հնչում մոցարտյան կատարյալ երաժշտությունը, որ այն լսում ու տեսնում ես քո մարմնի ամեն մի նյարդով, քո ամբողջ էությամբ:

Հենց իր ներկայացրած հեղինակի նման, Վահագն Պապյանի մասին ևս անհնար է գրել: Պապյանը առանձին թեմա է, այնքան բեղմնավոր է Պապյան դիրիժորի և Պապյան դաշնակահարի գործունեությունն ամբողջ աշխարհում, Իսրայելում ու Հայաստանում, որ ավելի լավ է միայն հուշել ընթերցողին, որ ինքնուրույն ծանոթանա այդ հիացմունք պատճառող բազմատաղանդ երաժշտի գործունեությանը, քանի որ այդ մասին մեկ-երկու տողով անհնար է ներկայացնել: Մնում է միայն հիանալ ուղղակի վիրտուոզ կատարողական արվեստով ու նաև հրաշալի է լսել ու տեսնել, թե տաղանդավոր դիրիժոր Պապյանը որպես դաշնակահար երաժիշտ ինչպես է միաձուլվել հրաշալի սիմֆոնիկ նվագախմբին և ինչքան նուրբ է զգում ստեղծագործությունը հրաշալիորեն ղեկավարող բազմատաղանդ դիրիժոր Կարեն Դուրգարյանին:

Սա այն դեպքերից է, երբ իսկապես բառերով գրեթե անհնար է ներկայացնել հոգևոր-մշակութային շքեղագույն երևույթը և բավարարվում ենք միայն աննշան պատառիկներ ներկայացնելով: Սա նաև այն դեպքերից է, որ ուզում ես ամեն օր մասնակից լինել նման հոգևոր տոնակատարությանը, ուզում ես ամեն օր հաստատել, որ քո երկրի նվագախումբը, քո երկրի երաժիշտը աշխարհի ամենաբարձրակարգ կատարողների ընտանիքին են պատկանում, ուզում ես քո սերնդին, երեխաներին ու թոռներին անպայման մասնակից դարձնել այս համամարդկային նվաճումին ու հասկանում ես, որ կա համամարդկային այնպիսի մի անհասանելի թվացող ոլորտ, ինչպիսին դասական ակադեմիական երաժշտությունն է: Եվ ինքդ՝ որպես մարդ ու որպես երկրի քաղաքացի, որպես աշխարհի քաղաքացի զգում ես, որ կարող ես համաքայլ լինել աշխարհի բոլոր բարձրակարգ նվաճումներին, քանզի հենց քո աչքի առաջ լսում ու տեսնում ես հայաստանյան փառահեղ սիմֆոնիկ նվագախմբի համերգ, որ անպայման ուզում ես, որ ավելի հաճախ նվագախմբային «փոսից» բարձրանան երևացող բեմ, տեսնում ես հնարավոր ամենաբարձրակարգ դիրիժորի և տեսնում ես հնարավոր ամենաբարձրակարգ վիրտուոզ դաշնակահարի, ովքեր հենց քո ընտանիքի անդամն են և հոգիդ հրճվում է մեր ընդհանուր նվաճումով և համաշխարհային արվեստին մասնակից լինելու բացահայտ կարողությամբ:

Ավելի հաճախ, ավելի շատ, ավելի շատ հյուրերով և ավելի շատ ամենաբարձր արվեստին հասու հայրենակիցներով թող լինեն դասական ակադեմիական համերգները Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շքեղագույն բեմում:

Վերջում, երբ Վահագն Պապյանը հանդիսականի չդադարող ծափերից հետո, ծրագրից դուրս կատարեց Շոպենի երկու ստեղծագործությունները, դա ուղղակի դարձավ կատարողական արվեստի բարձրակետ, որտեղ այնքան էիր շունչդ պահում, որ թվում էր , թե հիմա շնչահեղձ կլինես: Սա հենց այն է, ինչի մասին ասվում է՝ օդի պես անհրաժեշտ արվեստ:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ Օպերային թատրոնում կայացած համերգից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031