«Մոտ 7,5 մլրդ դրամով Երեւանի քաղաքապետարանը այս տարվա ընթացքում կսուբսիդավորի «Երեւանի ավտոբուս ՓԲԸ»-ին»,- քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա պարզաբանեց, թե ինչու է սա հատուկ շեշտում. «Բազմաթիվ անգամներ նույն այս դահլիճում Երեւանի ավագանու նիստերին մենք լսում ենք, թե կա ստվեր, եկեք աշխատենք նրա վրա, որ ստվերը նվազի, պակասի… Մենք պետք է հասկանանք, որ Երեւանում բարեկեցիկ հասարակական տրանսպորտ ապահովելու համար ծախսերը գնալով ավելանում են, եւ ամեն նոր շարժակազմի հետ այս ծախսերը շարունակելու են ավելանալ: Մասնավորապես մենք այս տարի արդեն իսկ գնել ենք 171 նոր ավտոբուս եւ 15 նոր տրոլեյբուս, ու դեռեւս պետք է շարունակենք այդ ծրագիրն իրականացնել»:
Ավինյանը հորդորեց, որ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեւորները վճարման երկու եղանակ օգտագործեն․ «Առաջին եղանակը՝ 100 դրամանոց մետաղադրամ ունենալն է, երկրորդը՝ օգտվելը միասնական տոմսային համակարգի հնարավորություններից: Էլեկտրոնային տոմսը կարող եք գնել տերմինալներից, բայց ամենապարզ մեթոդը սմարթֆոնից օգտվելն է, այս պահի դրությամբ միայն ԹելՍելում կա էլեկտրոնային տոմս գնելու հնարավորություն»,- հավելեց նա:
Նշեց, որ այդպիսով նախ ամբողջովին միասնական տոմսային համակարգին անցումը ավելի կհեշտանա եւ կմեղմվի քաղաքապետարանի ֆինանսական բեռը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ