COP29-ին ընդառաջ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերն այս օրերին ակտիվ աշխատանքներ են տանում միջազգային հանրության ուշադրությունը սեւեռելու Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին եւ պահանջում ապօրինի պահվող հայ պատանդների եւ ռազմագերիների վերադարձը։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում անդրադարձել է այս ուղղությամբ կատարվող աշխատանքներին։
«ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը եւ «Եվրոպացիներ հանուն Արցախի» հարթակը COP29-ը համարում են միջոց՝ միջազգային ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա, Արցախի ռազմական եւ քաղաքական պատանդներին, պատերազմի գերիներին ազատ արձակելու համար։ Այդ ուղղությամբ թե՛ քարոզչական աշխատանքով եւ թե՛ տարբեր հանդիպումներով մեծ աշխատանք է կատարվում, նաեւ միջազգային մամուլով ներկայացնելով Ադրբեջանի իրական պատկերը։
Այս օրերին ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը Եվրոպական Խորհրդարանում ստորագրահավաք է սկսել եւ հայտարարությամբ է հանդես գալու երեք կարեւոր հարցերի առնչությամբ՝ գերիների եւ պատանդների վերադարձ, Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման եւ Ադրբեջանը՝ որպես սպառնալիք Հայաստանի համար։ Մեր հայտարարությանը միացել են Եվրախորհրդարանի մեծ թվով պատգամավորներ։
Նոյեմբերի 5-ին Եվրոպական խորհրդարանում նախատեսում ենք կազմակերպել մեծ խորհրդաժողով, որը հիմնականում նվիրված կլինի ռազմական եւ քաղաքական գերիների եւ պատանդների ազատ արձակմանը, որին ակնկալում ենք նաեւ նրանց ընտանիքներից ներկայություն։ Անշուշտ ներկա կլինեն Եվրոպական պատգամավորներ, քաղաքական այլ անձիք, ընկերային ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: